«Հայաստանը պետք է կատարի 2 քայլ. դա է ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այն կարծիքին է, որ հայկական ազգային պետականության փշրանքները պահելու համար Հայաստանը պետք է կատարի 2 քայլ: Մինչ այդ քայլերը ներկայացնելը 168.am-ի հետ զրույցում նա առաջարկեց վերհիշել, թե ինչ վիճակում էր Հայաստանն անգամ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո, և հետո ինչ վիճակում հայտնվեց, և որոնք էին պատճառները:
«Ի՞նչ է եղել և հիմա ի՞նչ ունենք. ունեցել ենք ՄԽ համանախագահություն, որը հիմա սառեցված է: Պատերազմից հետո ՄԽ երկու համանախագահների գոնե լուռ համաձայնությամբ ԼՂ հակամարտության գլխավոր միջնորդ դարձավ Ռուսաստանը, և դրա վառ վկայությունն է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ապա 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունը և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունը, որը ստորագրել են ՌԴ նախագահ Պուտինը, Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պատերազմից հետո խաղի կանոններ էին մշակվել, որն այդ ստորագրություններով կար:
Գիտեինք, որ գոնե այդ հայտարարություններով Լեռնային Ղարաբաղը նշվում էր՝ որպես սուբյեկտ, ոչ մի տեղ գրված չէր, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է, ամենագլխավորը՝ նշված էր՝ ինչ պետք է արվի: Առնվազն այդ ռուսական միջնորդությունը հնարավորություն էր տալիս, որ հայերն ապրեին Արցախում, ռուս խաղաղապահներ էին տեղակայվում այնտեղ և գոնե այդ փուլում կարգավիճակի հարց չէր քննարկվում: Ի՞նչ տեղի ունեցավ ապագայում. 2022թ. փետրվարին սկսվեց պատերազմ Ուկրաինայում, փաստացի, ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև: Ապրիլի 9-ից հետո ռուսական բանակն անհաջողություններ սկսեց կրել ռազմաճակատում, և որոշակի նահանջներ գրանցեց, որոնք, ինչպես հայտնի դասականը կասեր՝ տակտիկական էր թե ստրատեգիական, ցույց կտա ժամանակը:
Ռուսաստանի դիրքերը թուլացան, ինչը հնարավորություն տվեց Արևմուտքին ավելի ակտիվացնել իր գործունեությունը Հարավային Կովկասում, որովհետև մեկ անգամ չէ, որ Արևմուտքն ամենաբարձր պաշտոնյաների բերանով հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի արդյունքները գոհացուցիչ չեն, որովհետև ՌԴ ռազմական ներկայությունը տարածաշրջանում մեծացել է: Արևմուտքը որոշեց սպասարկել իր շահերը և հիշեց, որ կա Նիկոլ Փաշինյան. Նիկոլ Փաշինյանն էլ ռուսական հարթակը դրեց մի կողմ և ռուսական հարթակին զուգահեռ՝ սկսեց արևմտյան հարթակներում բանակցությունները: Այդ ամենն արվում էր Ալիևի մասնակցությամբ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նա հիշեցրեց 2022թ. ամռանը Պուտինի հնչեցրած հայտարարությունը, որ սեղանին դրված է կարգավորման երկու պլան՝ մեկը՝ Մոսկվայի, մյուսը՝ Արևմուտքի:
Մոսկվայի տարբերակում պայմանագիրն ուներ «Խովաևի պլան» անունը՝ ՌԴ ԱԳՆ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աջակցման հարցերով հատուկ ներկայացուցչի անունով: Ավելի վաղ Խովաևը ՌԴ-ի ներկայացուցիչն էր ԵԱՀԿ Մինսկի խմբում:
Ըստ այդ պլանի՝ պետք է տեղի ունենար հետևյալը՝
- 2020թ. Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջանցքի բացումը, այն է՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի վերահսկողությունն իրականացնում է ՌԴ-ի Անվտանգության ֆեդերալ ծառայության սահմանապահ ծառայությունը: ՀՀ սահմանապահներն այստեղ անելիք չունեն: Տարանցիկ մաքսատուրքերի հարցը կքննարկվի:
- Երևանի և Բաքվի միջև սահմանների սահմանագծում և սահմանազատում, սահմանների ճանաչում՝ ՌԴ Գլխավոր շտաբում եղած ինչ-որ քարտեզների համաձայն:
- Արցախի հարցն առանձին կետով է կարգավորվում: Ենթադրվում է դրա լուծումը թողնել ապագային՝ պահպանելով 2020թ. նոյեմբերի 10-ին ձեռք բերված ստատուս-քվոյի կարգավիճակը, և այն լուծել «ամուր խաղաղության» հաստատումից հետո:
- Ադրբեջանի և Հայաստանի միջև այլ կոմունիկացիաների բացումը՝ արդեն առանց տվյալ տրանսպորտային կոմունիկացիաների երկայնքով եռակողմ ներկայության:
Էդուարդ Շարմազանովը նկատում է՝ ռուսական պլանն առնվազն բաց էր պահում Ղարաբաղի՝ հայկական լինելու տեսական հնարավորությունը, եթե ոչ՝ գործնական: «Արևմուտքի պլանով Նիկոլի ուղեղը մտցրեցին, որ գլխավորը խաղաղությունն է, և Նիկոլը սկսեց առաջ շարժվել Մաքիավելիի հայտնի սկզբունքով՝ նպատակն արդարացնում է միջոցները, այսինքն՝ խաղաղության հասնելու համար ցանկացած նպատակ արդարացված է: Փաշինյանը սկսեց հանձնել հայրենիքի մասեր, առաջինն Արցախն էր: Նիկոլին ասացին՝ Արցախը ճանաչում ես Ադրբեջանի կազմում, մենք քեզ բերում ենք խաղաղություն: Նիկոլն իր կարճ խելքով, թե դավաճանությամբ կամ թշնամությամբ, հրաժարվեց Արցախից, որ Արևմուտքը խաղաղություն բերի: Արևմուտքը Պրահայում Նիկոլին, կոպիտ ասած, ստորագրել տվեց, որ Արցախն Ադրբեջան է, իսկ հետո Բորելը հայտարարեց, որ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ուղղակիորեն ճանաչեց Ղարաբաղն Ադրբեջանի մաս: Դրանից հետո տեղի ունեցավ «միջանցքի» օպերացիան. Արևմտյան քարոզչամեքենան նոր չէ, նրանք ինչ իրենց պետք է, ի սկզբանե դնում են ուրիշի վրա: Սկսեցին տարածել, որ Ռուսաստանը միջանցք է ուզում: Եթե Ռուսաստանին միջանցք պետք լիներ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ո՞վ էր այն տղան, որ Պուտինին պետք է ասեր՝ ոչ, միջանցք չի լինելու, Նիկո՞լը»:
Շարմազանովը պատմեց, թե ինչպես 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը 20 հոգու ներկայությամբ կառավարության փակ քննարկման ժամանակ, իր իսկ հարցին ի պատասխան, ասել է, որ այս պատերազմը կկարողանա կանգնեցնել միայն Ռուսաստանը, որովհետև Մակրոնն ուզում է, բայց իր ազդեցությունը չի հերիքում, ԱՄՆ-ը ընտրությունների մեջ է, միայն Պուտինը կարող է այն կանգնեցնել.
«Ավելին, ասել է՝ միայն ՌԴ շնորհիվ մեզ հաջողվել է ռուսական դրոշներ դնել Սյունիքում, որպեսզի թուրքերը չմտնեն և գրավեն: Բա, եթե ՌԴ-ին Սյունիքը պետք էր, միջանցքը պետք էր, էլ ինչո՞ւ էին պահում, որ թուրքերը չգան: Փաստացի, 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Փաշինյանն ասել է՝ այսօր, որ Սյունիքը հայկական է, դա բացառապես ռուսական շնորհքն է: Ակնհայտ է, չէ՞, որ պայքար է գնում Արմուտքի և ռեգիոնալ պետությունների միջև՝ Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիները վերահսկելու համար:
Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ այդ վերահսկողությունը պետք է անցներ Ռուսաստանին: Դրա դեմ խոսում էր միայն Արևմուտքը: Իրանը մեկ անգամ դրա մասին խոսե՞լ է: Իրանը սկսեց խոսել, երբ Արևմուտքն ակտիվացավ: Հիմա ուզում են, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեղյալ հայտարարվի, կոմունիկացիաների բացման ժամանակ վերահսկի ոչ թե Ռուսաստանը, այլ Արևմուտքը, եթե ոչ ուղիղ, ապա, այսպես կոչված, մասնավոր ընկերության ձևաչափով: Իսկ Ռուսաստանը հարյուր անգամ ասել է, որ էքստերիտորիալ միջանցքին իրենք դեմ են: Նիկոլ Փաշինյանը Հայաստանը գործոնից սարքել է գործիք, այլևս ոչ ոք Հայաստանի կարծիքը հաշվի չի առնում և ոչ ոքի հետաքրքիր էլ չի»:
Նա շեշտեց. «Հայաստանը հայտնվել է այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի տգետ, անհեթեթ քայլերի արդյունքում, որ ռուսական հարթակը փոխարինել է արևմտյան հարթակով: Եթե Նիկոլ Փաշինյանը մնար ռուսական հարթակում, Արցախը հայաթափված չէր լինի, Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ չէր լինի, միջանցքի մասին խոսակցություններն էլ չէին լինի: Ես ասել եմ, որ եթե Փաշինյանը նոյեմբերի 9-րդ կետը կատարեր, Արցախը հայկական կլիներ, ասում են՝ Շարմազանովը միջանցք է ուզում: Շարմազանո՞վն է ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, Նիկոլը չի՞ ստորագրել, այնտեղ միջանցք բառ կա՞: Պատերազմի ժամանակ Փաշինյանը հայտարարում է, որ խնդրել է Պուտինին՝ Մեղրիից մինչև Տեղ ռուսական դրոշ դնի, որ թուրքերը չմտնեն, հակառակ դեպքում՝ մտնում էին: Ռուսաստանը չի թողնում, որ թուրքերը մտնեն Սյունիք, հետո գալիս՝ Հայաստանի հետ բազար է անո՞ւմ, ասում է՝ միջանցք տվե՞ք: Ռուսաստանին որ պետք լիներ՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթում կգրեր՝ միջանցք, ո՞վ պետք է ասեր՝ ոչ, Նիկո՞լը: Նիկոլը եթե ոչ ասող էր, թող այդ նույն նոյեմբերի 9-ի փաստաթղթում չստորագրեր մի կետ, որը Հայաստանը բառացի ագրեսոր է համարում, ասվում է՝ Հայաստանն իր ուժերը պետք է դուրս բերի Քարվաճառից: Դա հետո Ալիևը մեր դեմ օգտագործելու է»:
Շարմազանովը նկատեց՝ վնասներն արդեն իսկ շատ-շատ են, մեր խնդիրը ավելին չկորցնելն է.
«Մենք նույնիսկ այսօր նոյեմբերի 9-ի հայտարարությանը երանի ենք տալիս, որով Շուշիից այն կողմ մնացածը հայկական վերահսկողության տակ էր: Իսկ եթե Փաշինյանը լսեր Պուտինին և հոկտեմբերի 19-ին կանգնեցներ պատերազմը, Շուշին էլ մերը կլիներ, Քարվաճառն էլ, Աղդամն էլ, Լաչինն էլ: Հիմա մեր խնդիրն է, որպեսզի նոր էսկալացիա չլինի, նոր կորուստներ չլինեն: Այս իրավիճակում արդյունավետ լուծումը կլինի ռուսական միջնորդությունը:
Իրանի գործոնն էլ է շատ կարևոր: Քանի դեռ ռուսներն էին այստեղ գլխավոր շահառուն, Իրանը 3+3 ֆորմատից էր խոսում, իսկ հիմա Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ արտատարածաշրջանային ուժերն այստեղ գործ չունեն: Արտատարածաշրջանային ուժերը Հավաքական Արևմուտքն է: Իրանի և արտաքին աշխարհի կապերից մեկը հենց Սյունիքն է: Նիկոլ Փաշինյանն այնպես չէ, որ 3+3-ին դեմ է, ինքն ուղղակի 2+1-ին է կողմ՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա: Նիկոլի երազանքն է, որ բանակցությունները եռակողմ լինեն, բայց ռուսական միջնորդությունը փոխվի թուրքական միջնորդությամբ: Բայց սա չի հասկանում, որ մեծ տերություններն այստեղ ունեն շահեր»:
Նա շեշտեց՝ Ռուսաստանի դերը անչափ կարևոր է. «Տարածաշրջանի կառավարման վահանակը համենայնդեպս գտնվում է ռեգիոնալ տերությունների ձեռքում, որոնցից երկուսը մեզ բնական դաշնակից են՝ Ռուսաստանը և Իրանը: Նիկոլ Փաշինյանը այդ բնական վահանակների տերերին արհամարհելով՝ գնում է ԵՄ: Ես ԵՄ դեմ ոչինչ չունեմ, բայց Թուրքիան թողնելու է, որ ԵՄ-ն այստեղ գա՞: Մեր բոլոր դիվանագիտական անհաջողությունները և բացթողումներն արդյունք են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վատթարացման, և դրան զուգահեռ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման»:
Դիտարկմանը՝ արևմտամետներն ասում են, որ հենց ռուս-ադրբեջանական ջերմ հարաբերությունների ֆոնին էլ չի կարելի արևմտյան հարթակից տեղափոխվել ռուսական, նա այսպես արձագանքեց.
«Թուրք-ադրբեջանական հարաբերություններն ամենաջերմն են, բա ինչո՞ւ են Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը Թուրքիա գնում: Լսե՞լ եք՝ հակաթուրքական հայտարարություն անեն: Եթե դու ռուսական միջնորդությունը չես ընդունում, ասում ես՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը հիմա մտերմացել են, բա Թուրքիա ինչո՞ւ ես գնում, ինչո՞ւ ես թուրքերի հետ խաղեր տալիս, ինչո՞ւ Ապրիլի 24-ի ուղերձում չես դատապարտում Թուրքիայի ցեղասպան գործունեությունը, ինչո՞ւ չես դատապարտում 44-օրյա պատերազմում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին կամ թուրք ռազմական գործիչների և դիվանագետների հայտարարությունները: Ռուսաստանը Փաշինյանին ասե՞լ է՝ Ալիևն ինչ ասի՝ դա էլ արա, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանն առնվազն 3-4 անգամ հայտարարել է, որ՝ եթե ուզում եք խաղաղություն, կատարեք Ալիևի առաջարկները: Ադրբեջանն ինչ ասում է՝ արեք: ՌԴ-ից նման բան լսե՞լ եք: Իսկ Արևմուտքի նպատակը մեկն է՝ Հայաստանից ստանալ երկրորդ Ուկրաինա և հակա Ռուսաստան: Նիկոլ Փաշինյանով այս իրավիճակից դուրս գալու տարբերակ չկա: Նա ռուսական հարթակում էր, միանգամից թռավ արևմտյան հարթակ: Գուցե էլի պոպուլյար բան չասեմ, որ տարածաշրջանում կամ Թուրքիայի դաշնակիցն ես, կամ Ռուսաստանի:
Եթե մենք ուզում ենք ամեն ինչը հստակ հասկանալ, պետք է ֆիքսենք մի բան՝ որ պետություններն են մեր սպառնալիքը. իմ կարծիքով՝ Թուրքիան և Ադրբեջանը: Եվ ընդամենը 4 տարի առաջվա 44-օրյա պատերազմը դա ապացուցեց: Այսօր էլ Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն ու Թուրքիայի աջակցությունը խոսում են դրա մասին: Ռուսաստանն աջակցե՞լ է ադրբեջանական որևէ հայտարարության կամ գործողության, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված, «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված: Մեր սպառնալիքը Թուրքիան և Ադրբեջանն են»:
Էդուարդ Շարմազանովը շեշտեց ՝ Հայաստանին այս իրավիճակում դաշնակից է պետք, որը կարող է օգնել. «Ո՞վ է այդ դաշնակիցը՝ Արևմո՞ւտքը, Արևմուտքը ո՞նց է օգնելու, Թուրքիան թողնելու է, որ ԵՄ-ն գա այստեղ բազա դնի՞: Արևմուտքը կարողանում է օգնել, թող գնա՝ Կիպրոսի Հանրապետության 38 տոկոսն ազատի թուրքական օկուպացիայից: Իսկ Ռուսաստանն օգնելու է այնպես, ինչպես օգնել է 30 տարի, երբ հայ-ռուսական հարաբերությունները եղել են նորմալ վիճակում, Արաքսի հովտից՝ արցախա-պարսկական սահմանից մինչև Քարվաճառ՝ Օմարի լեռնանցք, կանգնած էր հայ զինվորը: Հնարավորություն կար նույնիսկ 2020 թվականին այդ ամենն անել, բայց չլսեց միջնորդությունը: Մեր շահերից չի բխում՝ Ռուսաստանին փորձել դուրս հանել տարածաշրջանից. Չենք էլ կարողանալու:
Հայ-թուրքական սահմանը ռուս զինվորներն են պահում, ատոմակայանին վառելիքը ռուսն է տալիս, Լարսը մեկ շաբաթ փակվի՝ Հայաստանում ապրանքների դեֆիցիտ կարող է սկսվել, գազը ռուսն է տալիս, բա այդ ամենը հաշվի չե՞ք առնում: Ասում են՝ Ադրբեջանից գազ կստանանք, ես գիտեի՝ թուրքական վիլայեթ եք դարձնում, բայց փաստորեն դարձնում եք Ադրբեջանի նահանգ, էլի:
Բա, եթե լույսը Ադրբեջանից է, գազը Ադրբեջանից է, նավթը Ադրբեջանից է, խաղաղությունն Ադրբեջանից է, դառնում ենք Ալիևի նոքյարները, էլի: Բա «Եռաբլուրը» դրա համա՞ր է, որ դառնանք Ալիևի նոքյա՞րը: Հայկական ազգային պետականության փշրանքները պահելու համար Հայաստանը պետք է կատարի 2 քայլ. Առաջին ՝ սրան հեռացնի, չգիտեմ՝ ոնց, և երկրորդ՝ աշխարհաքաղաքական առումով ամենակարևորը՝ դառնա ՌԴ երկարաժամկետ ստրատեգիական դաշնակիցը՝ Հարավային Կովկասում, և Իրանի բարեկամը, դա է ճանապարհը»: