Ալիևը սպառնում է, որովհետև Փաշինյանի հետ ունի գաղտնի պայմանավորվածություններ. Մանվելյան

Թեև Հայաստանում անցկացված հայ-ամերիկյան «Արծիվ եղբայրություն-2024» զորավարժությունները խաղաղապահ բնույթ էին կրում, միևնույն է, անգամ խաղաղապահ առաքելությամբ այս զորավարժությունն արժանացել է Ադրբեջանի ագրեսիվ արձագանքին։

«Եթե նման սադրիչ գործողությունները չդադարեն, ապա ինքնապաշտպանության նպատակով Ադրբեջանի Զինված ուժերի զինանոցում գտնվող բոլոր միջոցների կիրառմամբ համապատասխան քայլեր կձեռնարկվեն»,- հայտարարել են Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունից։

Այս սպառնալիքին շատ արագ Հայաստանից արձագանքեց Արտաքին գործերի նախարարությունը.

«Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են»։

Կարդացեք նաև

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների թեկնածու, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանը, խոսելով Հայաստանին ողջ զինանոցով սպառնալու՝ Ադրբեջանի քաղաքականության մասին, շեշտեց՝ այդ սպառնալիքներն ունեն ծնող պատճառներ։

«Պատճառն այն է, որ Հայաստանի այսօրվա իշխանությանն Ալիևը համարում է իր ենթական, որը համարձակվում է որևէ բան անել։ Փաշինյանը Հայաստանը դարձրել է թուրք-ադրբեջանական տանդեմի ետնաբակում գտնվող երկիր, իսկ եթե ետնաբակում ես, պարտավոր ես խաղալ իրենց կանոններով։ Ուշադրության է արժանի այն, որ Բաքուն է պահում այս ռեժիմը Հայաստանում։ Պնդում եմ՝ Փաշինյանը մնացել է իշխանության Բաքվի և Անկարայի շնորհիվ, հիմա ևս նրանք են պահում, իսկ եթե դու ես մեկին պահում, պարզ է, որ պետք է պահանջներ դնես նրա առաջ»,- ասաց Մանվելյանը՝ Ադրբեջանի ղեկավարության պահանջները կատարելու ապացույց համարելով Տավուշի մարզի ամենաամուր պաշտպանական կառույցներն ունեցող անվտանգության գոտին Ալիևին նվիրաբերելը։

«Այս նվիրաբերությունը պայմանավորված չէ պատերազմով, սա խաղաղության խնդիր չէ, սա գաղտնի ներքին պայմանավորվածությունների հետևանք է։ Չեմ բացառում, որ Ալիևը Փաշինյանին ասի՝ չեմ սկսում ռազմական գործողություններ, որ դրանք չբերեն Հայաստանում իշխանափոխության, բայց դու էլ փոխարենը տալիս ես այն, ինչ ուզում եմ»,- ասաց պատմական գիտությունների թեկնածուն։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս