Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան
Այս տարվա ապրիլի 23-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանագծման արդյունքում տեղադրված առաջին սահմանային սյան լուսանկարը՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը: Դրան հետևեց այս հատվածում 4 տասնյակից ավելի սահմանային սյուների տեղադրում, դրանից հետո սահմանին դրվեցին փշալարեր։
Այս գործընթացից առաջ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցերի ժամանակ բնակիչներին վստահեցնում էր, որ սահմանագծումից հետո «Ադրբեջանին վերադարձվում են հայկական վերահսկողությամբ տարածքները, իսկ Ադրբեջանը վերադարձնելու է հայկական տարածքները, որոնք 90-ականներից վերցրել է իր վերահսկողության տակ»։ Սակայն առ այսօր Տավուշում Ադրբեջանի հսկողության տակ անցած 1 մետր տարածք հայկական կողմին չի վերադարձվել, փոխարենը՝ ՀՀ իշխանությունները շռայլորեն հայկական տարածքներ են հանձնել Ադրբեջանին, մասնավորապես, Կիրանց գյուղի հատվածում, որը, ինչպես Շուռնուխը, բաժանվել է երկու հատվածի՝ մի մասն անցել է Ադրբեջանի հսկողության տակ, այդ թվում՝ բնակիչների ցորենի դաշտերի մի հատվածը։
Ի դեպ, մարտին Նիկոլ Փաշինյանը Տավուշում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե «կարող են չկատարել Ադրբեջանի պահանջը, բայց մեկ շաբաթ հետո կարող է պատերազմ լինել»։
Օրինակ, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից 850 հեկտար վարելահող ու արոտավայր այս պահին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալչյանն ասաց՝ եթե Հայաստանն ու Ադրբեջանը սահմանագծում իրականացնում են Խորհրդային Միության քարտեզներով, պետք է Ադրբեջանն ազատի օկուպացրած բոլոր հայկական տարածքները, այդ թվում՝ Բերքաբեր գյուղի վարելահողերը։
«Բնակիչների բողոքները տեղին են՝ Բերքաբերի վարելահողերն Ադրբեջանի հսկողության տակ են, եթե ԽՍՀՄ քարտեզով են առաջնորդվում, ապա այդ հողերն այն ժամանակ եղել են Հայաստանինը։ Բնակիչների պահանջներն արդարացի են։
Ադրբեջանը պայմանավորվել է ՀՀ իշխանության հետ, որ կվերադարձնի այդ տարածքները, հետևաբար՝ պետք է անհապաղ վերադարձնի, քանի որ ինքը ստացել է իր պահանջածը»,- նշեց Ռուբեն Գալչյանը։
Ըստ քարտեզագետի, ՀՀ-ում շատ հատվածներ կան, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, ամբողջն իրար հետ՝ 240 քկմ տարածք Ադրբեջանի հսկողության տակ է։
«Ադրբեջանը պետք է վերադարձնի այն բարձունքները, որոնք գրավել է։ Հայ-ադրբեջանական պայմանավորվածության համաձայն, իրենք սահմանագծումը պետք է իրականացնեն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, բայց Ադրբեջանը հետ է կանգնում պայմանավորվածությունից։ Իրատեսական չեմ համարում, որ Ադրբեջանը դուրս կգա այդ տարածքներից, դուրս կգա այն ժամանակ, երբ նրա վրա ճնշում լինի։ Այդ ճնշումը կարող է լինել միջազգային հանրության կողմից, նաև մենք պետք է հզորանանք, այդ դեպքում կարող ենք ռազմական ճնշմամբ նրան դուրս բերել այդ տարածքներից, ինչն ավելի իրագործելի կարող է լինել»,- եզրափակեց Ռուբեն Գալչյանը։
Հիշեցնենք. մայիսի 15-ին ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրեց, որ մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Ի դեպ, նույն արձանագրության մեջ ամրագրված էր նաև, որ պայմանավորվածություն են ձեռք բերել ավարտին հասցնել «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչև 2024թ. հուլիսի 1-ը և մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն»: Առ այս պահը կանոնակարգի նախագծի ավարտի և դրա ներպետական համաձայնեցման մասին որևէ տեղեկություն չկա: