Սամալյոտի, մառշռուտկի մասին չէր. Ֆլայ Առնայի պատմության մեջ մենակ մի բանի համար եմ ափսոսում. Ավինյան
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը՝ ասաց, թե իր համար հասկանալի չեն բեմում գտնվող մարդկանց արժեքները, ավելին՝ նա նշեց, թե վստահ չէ, որ ընդդիմադիր այդ շրջանակը կիսում է Փաշինյանի, իր ու իրենց թիմի ժողովրդավարության արժեքները։
168.am-ը, ի թիվս այլ հարցադրումների, Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է պատկերացնում «ժողովրդավարություն» եզրույթի տակ, քանի որ ժողովրդավարության, կամ դրա բացակայության ցուցիչ է այն, թե ինչպես են 40 և 1 կարմիրբերետավորներ քաղաքի կենտրոնում ծեծում ԱԺ պատգամավորի, ինչպես են ՆԳՆ աշխատակիցները լուսաձայնային նռնակներ նետում խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցների վրա, ինչպես նաև՝ ՀՀ ժողովրդավարության հետընթացի մասին դիտարկումներն ԱՄՆ պետդեպի զեկույցում, միջազգային այլ կառույցների զեկույցներում։
Ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը մասնավորապես նշեց․ «Ես չեմ ուզում կրկին մտնել գնահատականների դաշտ՝ ցույցը խաղաղ էր, թե խաղաղ չէր․ իմ տպավորությունները միգուցե տարբերվում են ձեր տպավորություններից։ Համենայն դեպս, իմ տպավորությունն այն չէր, թե այդ ցույցը խաղաղ էր։
Երկրորդը, ինչ վերաբերում է ժողովրդավարության այլ կոմպոնենտներին․ ժողովրդավարական արժեքներն, այո, բարդ համակարգ է՝ խոսքի ազատություն է ենթադրում, նաև՝ որոշակի խոսքի ազատության նկատմամբ պատասխանատվություն է ենթադրում։ Եվ իրականում, շատ կարևոր է, որ ժողովրդավարական արժեքները չխառնենք անարխիայի հետ, որ ով ինչ ուզում անում է, ինչ ուզում՝ խոսում է․ այդպես չէ՝ որոշակի կանոններ կան։
Եվ ժողովրդավարական պետությունը չի նշանակում թույլ պետություն, հակառակը՝ օրենքի և իրավունքի երկիր, և որոշ դեպքերում, եթե օրինակ լեգիտիմ ուժի կիառման հարց կա, որի իրավունքն ունի միայն պետությունը, այո, որոշ դեպքերում ավալի է, բայց ստիպված կիրառում է պետությունը»։
Քաղաքապետն այդպես էլ չհստակեցրեց՝ ովքեր էին ժողովրդավարությունը շփոթում անարխիայի հետ, և լեգիտի՞մ էր արդյոք ՆԳՆ պահվածը, թե՞ ոչ։
168․am-ի հաջորդ հարցադրումը «Fly Arna»-ի մասին էր․ մենք մասնավորապես հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Տիգրան Ավինյանն իրեն մեղավոր զգում է «Fly Arna»-ի ձախողման և մսխված տասնյակ միլիոնավոր դոլարների համար։
Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Ով օգտվել է այդ ավիափոխադրողի ծառայություններից, շատ լավ հասկանում է, թե ինչ որակի մասին է խոսքը, դա, կներեք, սամալյոտի մարշրուտկա չէր․ վերջապես պատվով կարող էիր քո ազգային ավիափոխադրողով x կետից y կետը թռչնել։ Եվ իրականում, ես մի բանում եմ ափսոսում «Fly Arna»-ի պատմության մեջ, որ այն ռեֆորմները, որ մենք պետք է իրականացնեինք, պետք է իրականացվեին ժամանակին, չեն իրականացվել ժամանակին»։
Հիշեցնենք` «Fly Arna»-ն հիմնադրվեց 2021 թվականին «Air Arabia» ավիաընկերության և Հայաստան պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ–ի կողմից՝ որպես հիմնադրամի ամենամեծ ներդրումային նախագիծ (Տիգրան Ավինյանը 2019-2022 թվականներին եղել է ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահը)։ Ավիաընկերությունը 2024 թվականի հունվարին դադարեցրեց գործունեությունը, իսկ 2024թ. մայիսին ՀՀ կառավարությունը որոշեց լուծարելու ԱՆԻՖ-ը։
Մանրամասները՝ տեսանյութում