Կերե՛լ եք, թալանո՛ւմ եք, երկիրը հանձնո՛ւմ եք. եթե Նիկոլը մնա, Ադրբեջանը մեզ կարճ ժամանակում կուլ կտա՝ Երևանով հանդերձ. բոլոր դավաճանները ցմահ պիտի բանտարկվեն. Հրանտ Բագրատյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ցավոտ զիջումների մասին խոսքը նախ և առաջ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Այսինքն՝ հայերին ասում են՝ էլի հող տվեք, մենք ձեզ խաղաղություն կտանք։
- Ի՞նչ է նշանակում՝ նշաձող իջեցնել։ Իրենք ասում են՝ Հայաստան պիտի լինի, բայց միջանցքը պիտի տանք։ Հիշենք՝ ինչ եղավ Արցախի հարցում նշաձողն իջեցնելուց հետո։ Արցախը չկա՛, հանձնեցին։
- Միջին միջանցք կոչվածը թույլ է տալու Ադրբեջանը կապել Թուրքիայի հետ, ստեղծել թուրանական աշխարհ։ Մեզ ասում են՝ դարձեք թուրանական աշխարհի մի մասը ու որդեգրեք դրա պետական համակարգերի կանոնները։ Դա պանթյուրքիստական ծրագիրն է:
- Իրանի նոր նախագահն ադրբեջանցի չէ՛, Իրանի նոր նախագահն իրանցի է։ Դա Արևմուտքի խոսույթն է, իսկ Հայաստանում ոմանք, դա չհասկանալով՝ կրկնում են դա։ Մեր ժողովրդի ուղեղը լվանում են։ Մենք դրանով վիրավորում ենք Իրանին՝ ասելով, որ իրենց նախագահն ադրբեջանցի է, ինչն այդպես չէ։
- Երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, թյուրքական աշխարհի շատ պետություններ զրկվեցին Ռուսաստանի միջոցով Եվրոպա ապրանքներ արտահանելուց։ Փորձեցին որոնել նոր ճանապարհներ։ Եվ ուրեմն այդ միջանցքը նախատեսված չէ չոր ապրանքներ տեղափոխելու համար։ Կա մի հատ միջանցք Վրաստանում։ Այդտեղով անցնում է նավթամուղ և գազամուղ։ Այդ երկաթգիծը ծանրաբեռնված է 20 %-ով։ Բեռ չկա, որ բեռնեն։ Սրանք մոգոնեցին Միջին միջանցք տերմինը, որը չինացիների հորինածը չէ։ Այն մեծ հավանություն ստացավ եվրոպացիների ու ամերիկացիների կողմից։ Բայց նկատենք, որ Վրաստանով ու Ադրբեջանով անցնող ճանապարհները Միջանցք չեն, ճանապարհ են։ Սա հոգեբանական ճնշում է Հայաստանի վրա։ Ես վստահ եմ՝ Միջին միջանցք տերմինը հորինվել ու խրախուսվել է Հայաստանի իշխանությունների կողմից։ Ոչ մի Միջին միջանցք էլ չկա։ Այս տերմինաբանությունը կոչված է միմիայն ռուսներին այստեղից հանելու համար։ Միջին միջանցքը պանթյուրքիզմն է՝ կտրել Հայաստանին Ռուսաստանից ու ուղղել Իրանի դեմ։
- Ադրբեջանը չի կարող Չինաստանի հետ ռազմավարական գործընկեր լինել։ Ադրբեջանը թյուրքական պետություն է, իսկ չինացիներն ունեն ույղուրների պրոբլեմը։ Բայց Հայաստանի իշխանությունների դավաճանական, դեբիլ քաղաքականության շնորհիվ Չինաստանն այդ կերպ է լուծում իր 20 միլիոն տոննա բեռը տեղափոխելու հարցը։
Հիշեցնենք, որ Չինաստանի հյուսիս-արևմուտքում դեռևս 1759թ.-ից հիմնականում բնակվում էին թյուրքալեզուներ (ույղուրներ, ղազախներ, ղրղըզներ) և մոնղոլներ: Վերջին 100 տարիների ընթացքում ույղուրներն (ույղուր՝ չինարեն նշանակում է հպատակ) առնվազն երեսուն անգամ ապստամբել են Չինաստանի դեմ: Տեղի անջատողական ուժերը հատկապես մեծ աջակցություն են ստանում Թուրքիայից: Ույղուրների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է «Համաշխարհային ույղուրական կոնգրես» կազմակերպությունը, որը ձևավորվել է 1992-ին՝ Ստամբուլում։ Չինաստանաբնակ թյուրքերի պաշտպանությամբ հանդես են գալիս նաև ԱՄՆ-ը, Իսրայելը, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղըզստանը, Ուզբեկստանը և Պակիստանը։ Չինաստանը 2019թ. ԱՄՆ-ին բողոք էր հայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ույղուրների վերաբերյալ օրինագծի ընդունման պատճառով, որը կապված էր Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում մարդու իրավունքների պաշտպանության հետ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ էր ընդունել Չինաստանում ույղուրներին աջակցելու մասին, որոնց իրավունքները, ամերիկյան իշխանությունների կարծիքով, խախտվում են: Փաստաթղթով պատժամիջոցներ էին նախատեսվում այն չինացի պաշտոնյաների դեմ, որոնք, ԱՄՆ իշխանությունների կարծիքով, Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում խախտում են մարդու իրավունքները: Թուրք-չինական հարաբերություններում ևս ույղուրական հարցն ունի առաջնային և վճռորոշ նշանակություն։
- Զանգեզուրի միջանցքի գործարկումից Հայաստանը ոչինչ չի շահելու։ Հայաստանը հայտնվելու է մեկուսացման մեջ։ Սյունիքի բնակիչների մի մասը կպայքարի, մյուս մասն արագորեն կստանա Ադրբեջանի քաղաքացիություն, Ադրբեջանն էլ կբերի 160 000 իբր փախստական կվերաբնակեցնի, ու մենք կկորցնենք Սյունիքը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» 2023թ. նամակ էր ուղղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ խնդրելով աջակցել Հայաստան ադրբեջանցիների անվտանգ վերադարձին։ Բաքուն պետական մակարդակով ավելի վաղ էր շրջանառության մեջ դրել «Արևմտյան Ադրբեջան» և «Արևմտյան Զանգեզուր» կեղծ թեզերը՝ պահանջելով, որպեսզի Հայաստանի մարզերում և Երևանում ապահովեն ավելի քան 300.000 ադրբեջանցիների վերադարձը և վերաբնակեցումը:
- Ժամանակին, ես՝ որպես վարչապետ, գնացել էի Թուրքիայի վարչապետ Յըլմազի հետ հանդիպելու ու Լևոն Տեր-Պետրոսյանից նամակ էի տարել Թուրքիայի նախագահ Դեմիրելին, ով անմիջապես կարդաց ու ասաց՝ պետք է լուծել Մարգարայով սահմանի բացման հարցը։ Թուրքիայի վարչապետ Յըլմազը ձեռնամուխ եղավ սահմանը բացելու գործին, սակայն ադրբեջանցիները վայնասուն բարձրացրին, ու հարցը փակվեց, իսկ Յըլմազին գործից հանեցին։ Մեսութ Յըլմազը երբեք չէր թաքցնում, որ ինքը մոր կողմից հայ է: Հիմա հայ-թուրքական սահման բացել-փակելու հարց չկա։ Թուրքիան հայ-թուրքական սահմանը փակեց 1993թ. ապրիլի 4-ին: Թուրքերը փակել են, իրենք էլ թող բացեն։
- Եթե բացվի հայ-թուրքական սահմանը, մեր գյուղատնտեսությունը մեծ հարված կստանա, մեծ պլյուսներ չի տա սահմանի բացումը նաև հայ-թուրքական առևտրի համար։ Իհարկե, սահմանի բացումը կփոխի մեր բեռների լոգիստիկան դեպի Եվրոպա։ Դա առավելություն է։ Թուրքերը Հայաստանը Բաթում չեն դարձնելու, որովհետև Բաթումը նվաճել են տնտեսապես, իսկ Հայաստանում արդեն, Նիկոլի շնորհիվ, դրա կարիքը չկա։
- Նոյեմբերի 9-ի փաստաթղթում կորիդոր՝ միջանցք բառն օգտագործված չէ, այնտեղ գրված չէ, որ Հայաստանն իր ինքնիշխանությունը պիտի զիջի: Ճիշտն այն է, որ Նիկոլը սկզբից դա պաշտպանում էր, բայց բոլորն ասում էին՝ ղալաթ ես արել, չգրեիր:
- Հիմա Նիկոլ Փաշինյանն էլ չի ասում, որ Հայաստանի տարածքը 29.743 քկմ է, չի ասում, որ միջանցք չկա։ Ավելին, նա արեց մի հիմար բան, ասաց՝ եկեք, բոլոր ճանապարհներով գնացեք, Ալիևն էլ ասաց՝ 6 հատ միջանցք պիտի տաս։
- Ալեն Սիմոնյանի աչքերի մեջ որ նայում եմ՝ ասֆալտ եմ տեսնում։ Ո՞ր մի վարչապետը կամ ԱԺ նախագահն է ասֆալտի բիզնեսով զբաղվել մինչև սրանք։
- Շատերն են խոսում այն մասին, որ Երևանում այսօր կառուցապատվող շենքերի շինթույլտվությունները տալիս են պայմանով, որ այդ շենքերի երկու հարկերն իշխանություններին պետք է տան:
- Հայաստանը Սահմանադրություն փոխելու կարիք չունի։ Խաղաղության պայմանագիր կնքելով՝ Հայաստանը հաստատում է, որ տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ, բայց Ադրբեջանը չի ասում, որ չունի։ Հետևաբար՝ Ադրբեջանը պիտի փոխի իր Սահմանադրությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնա, Ադրբեջանը մեզ կարճ ժամանակում կուլ կտա՝ Երևանով հանդերձ։
- 2023թ․ սեպտեմբերին, չնայած Փաշինյանը ռուսներին գցել էր, Ռուսաստանը հակված չէր ռազմական ճանապարհով հօգուտ Ադրբեջանի Արցախի հարցը լուծելուն։ Եթե Փաշինյանը հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է, ռուսական կողմն արդեն հիմք չի ունենում իր խաղաղապահ ուժերն Արցախում պահելու համար։
- Ես չգիտեմ՝ ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը ճի՞շտ է ասում, թե՞ չէ, բայց Արցախում ադրբեջանական ագրեսիային տեսականորեն դեմ պետք է լիներ միայն Ռուսաստանը, որովհետև Ամերիկային ու Եվրոպային պետք էր, որ ռուսներն իրենց զորքերը հանեն այդտեղից, հետևաբար՝ նրանք չէին կարող դեմ լինել:
- Արմեն Գրիգորյանը ստում է, Ռուսաստանը չի հրահրել 44-օրյա պատերազմը, Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:
- Եթե մենք ուզում ենք ապրել Հայաստանում, երեխա մեծացնել այստեղ, ուրեմն Անվտանգության խորհրդի նախագահ (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը ցմահ պիտի բանտարկվի այնպիսի բանտախցում, որտեղ 40 աստիճան շոգ է։ Նա այլևս երբեք արտահայտվելու հնարավորություն չպիտի ունենա։ Բոլոր դավաճանները պիտի հայտնվեն ճաղերի հետևում։
- Կրոնի ազատություն ունենալով՝ չի նշանակում քարոզել պետության կործանում։ Բոլոր աղանդավորական կազմակերպությունները պիտի գործեն «Կրոնի մասին» օրենքի շրջանակներում։
- Վրաստանի՝ Ինոագենտների՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի հետևում ժողովուրդն է կանգնած, և եթե ժողովուրդը մինչև վերջ պինդ կանգնի, կհաղթի։ Արևմուտքը, բնականաբար, ուղջ ուժով պիտի դիմադրի, որ Վրաստանը նույնպես դառնա թուրանական աշխարհի մաս։
- Հայ Առաքելական եկեղեցին օգնում է մեզ միասնական լինել։ Եթե մի հսկայական կտոր՝ աղանդավորական կազմակերպությունների տեսքով, պոկում ես եկեղեցուց, նշանակում է՝ ուզում ես կործանել պետությունը։
- Փաշինյանի իշխանության օրոք տնտեսության ստվերային հատվածը կտրուկ մեծացել է։ Կիսամյակի բյուջեն հարյուր միլիարդով թերակատարվել է։ Ստվերային տնտեսությունը 2024թ․առաջին կիսամյակում 12%-ով ավելին է, քան եղել է 2017թ․։ Սա նշանակում է՝ երկիրը թալանում են։ Կերել եք, արա, թալանել եք: Կոռուպցիայի օրինակները բազմաթիվ են։ Դրա համար էլ հիմա Հայաստանի պետական պարտքն աճում է։ Նախորդ իշխանությունների ժամանակ երբեք չի եղել այսպիսի բան, ինչ այսօր է կատարվում։
- Բերեմ կոռուպցիայի կոնկրետ օրինակներ: Ինչո՞ւ Երևանը գնեց 250 000 եվրոյի ավտոբուսներ, MAN ավտոբուսներ, որոնք մեզ պետք չէին, ահավոր ձևի դանդաղեցնում են երթևեկությունը, և քաղաքում խցանումների պատճառներից մեկը հենց այդ ավտոբուսներն էին, երբ կար 70-80 000 դոլարանոց, 5-րդ սերնդի, իրենց արդարացնող, գազով աշխատող, էկո, չինական ավտոբուսները՝ 12 մետրանոց: Էդ փողով մենք 4 անգամ ավելի շատ չինական ավտոբուս կառնեինք: Ինչո՞ւ է հանկարծ էդ մրցույթը հաղթում վրացական ընկերություն, որը տալիս է MAN-ին: Միանգամից վարի է տվել 15 միլիոն եվրո:
- Էդ ինչ մի լավ վիճակի է երկիրը, որ գնացել Բեռլինում նստել, ֆուտբոլ եք նայում։ Ինչի մեր ժամանակ ֆուտբոլ չկա՞ր։ Կամ էդ ֆուտբոլային խաղի տոմսը 3000-10 000 եվրո է, ինչո՞վ ես առել էդ տոմսը։ Կամ, հերոսությո՞ւն ես արել, որ սովորական ինքնաթիռով ես ընտանիքով թռել քո արձակուրդի ժամանակ, նկարում-տարածում ես։ Ցույց տուր՝ ինչ միջոցներից ես վճարել էդ ամեն ինչի համար: Գրպանից ե՞ս տվել էդ փողը: Հանի, քարտիդ վրա ծախսը ցույց տուր, ասա՝ քարտով ծախսը արել եմ: Ինքը սիրում է, չէ՞, հո կանխիկ չէ՞ր տալու էդ փողը: Բանկային էդ բաները հանիր, որովհետև դու հասարակական գործիչ ես: Մանավանդ դու մի վարչապետ ես, որը եկել է՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարելով:
- Հարց եմ տալիս Կենտրոնական բանկին՝ կարո՞ղ եմ դոլարով կամ եվրոյով ավանդ դնել… Այո: Բա ավանդից շահույթը ինչի՞ դոլարով կամ եվրոյով չես տալիս։
- Թանկացումների դեմ կարելի է պայքարել միայն դրամի արժևորմամբ։
- Այն, ինչ արեց առողջապահության նախարար Ավանեսյանը, ուղեղի մեջ հնարավոր չէ տեղավորել։ Սովորական ասպիրինը Հայաստանում 4 անգամ ավելի թանկ արժե, քան այլ երկրներում։ Բժշկական ապահովագրություն է անում հիմա էլ։ Բժշկական ապահովագրությունն Ավանեսյան Անահիտի խելքի բանը չէ։ ՔՊ-ի արած ապահովագրության արդյունքում, խոսքս հիշեք, սովորական բժշկի գնալու համար 6 ամիս առաջ պիտի հերթագրվենք։ Գնաճը չեն զսպում, որովհետև իրենք մեր բարեկամը չեն, մեր թշնամին են։
- ԱՄՆ նախագահի ընտրություններում Թրամփի հաղթելու դեպքում, իհարկե, Ուկրաինայում պատերազմը կավարտվի, բայց թիրախում կհայտնվի Չինաստանը: Թրամփի հաղթելը մեզ համար միայն վատ արդյունքներ կունենա, որովհետև Հանրապետականները մի քանի անգամ ավելի լավ կլինեն Ադրբեջանի հետ, քան հիմա Բայդենն է։
Մանրամասները՝ տեսանյութում։