ԱՄՆ-ը Հայաստանին պարտադրում է՝ կա՛մ բացում ես այդ միջանցքը, կամ Ադրբեջանի հետ քեզ թողնում ենք մեն-մենակ. Գրիգոր Բալասանյան
Հուլիսի 18-ին Լոնդոնում Փաշինյան-Ալիև տապալված հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը շարունակում է խոսել Հայաստանին պարտադրվող պահանջների մասին։
«Ադրբեջանը ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի որքան հնարավոր է արագ, բայց դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանի Սահմանադրությունում փոխվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ պահանջներ պարունակող դրույթները, որոնք նախատեսում են Ադրբեջանի «Ղարաբաղի շրջանի միացումը» (չակերտները՝ 168.am-ի) Հայաստանին։ Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջներին պետք է վերջ դրվի Սահմանադրությամբ»,- հերթական անգամ ընդգծել է Ալիևը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Լոնդոնում Միացյալ Թագավորության միջնորդությամբ պլանավորված և տապալված հանդիպման և դրանից հետո Ալիևի կողմից Հայաստանին պարտադրվող պահանջների մասին, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը շեշտեց՝ ցավալին այն է, որ Ալիևը կարողացավ հասնել նրան, որ եվրոպական լիդերները համաձայնում են իր պահանջների հետ, հակառակ պարագայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կամ Գերմանիայի կանցլեր Շոլցն Ալիևին կստիպեին Լոնդոնում նստել բանակցությունների սեղանի մոտ՝ գոնե այդ միջազգային լիդերների դեմքը փրկելու համար։
«Իսկ ի՞նչ է պահանջում Ալիևը Հայաստանից. Սահմանադրության փոփոխություն, Սյունիքով միջանցքի բացում և անկլավների հանձնում»,- ասաց Բալասանյանը՝ շեշտելով՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը Բայդենի վարչակազմի համար ձեռնտու է, որովհետև հենց ԱՄՆ-ն է դրա շահառուն, ուստի դրանով են պայմանավորված ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների՝ մեկը մյուսին հաջորդող այցերը Հայաստան։
«ԱՄՆ-ը Հայաստանին պարտադրում է՝ կա՛մ բացում ես այդ միջանցքը, կա՛մ Ադրբեջանի հետ քեզ թողնում ենք մեն-մենակ։ Ուշադրություն դարձրեք, որ ԱՄՆ ՄԶԿ ղեկավար Սամանթա Փաուերը, երբ եկավ Հայաստան և ժենգյալով հաց թխեց արցախցի կանանց հետ, նա դա չարեց արցախցիների կամ Հայաստանի համար։ Նա եկել էր իրականում հայ հանրության մոտ կարծիք ձևավորելու, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը բխում է Հայաստանի շահերից։ Մինչդեռ իրականում դա չի բխում Հայաստանի շահերից, որի մասին, ի դեպ, խոսում է նաև Իրանը»,- ասաց Բալասանյանը։
Նշենք, որ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին SNN գործակալությանը տված հարցազրույցում հերթական անգամ խոսել է Սյունիքի մարզի մասին՝ շեշտելով. «Իրանական կողմի համար կարևոր է Սյունիքի մարզի անվտանգությունը։ Դա ռազմավարական շրջան է, որը մեծ դեր ունի անվտանգության և առևտրի ապահովման համար Իրանի և Հայաստանի միջև։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը նպաստել է սահմանային հաղորդակցության բարելավմանը»,- ընդգծել է դեսպանը։
Գրիգոր Բալասանյանն ուշադրություն հրավիրեց նաև Սյունիքով միջանցքի բացման դեմ Չինաստանից եկող արձագանքների վրա։
«Չինաստանի ժամանակավոր հավատարմատարն ասում է, որ հույսով են, որ Հայաստանը կխորացնի համագործակցությունը Շանհայի գագաթնաժողովի հետ։ Դա հույս չի. դա զգուշացում է, որ՝ եթե ԵՄ-ի հետ եք հարաբերություններ խորացնում, ապա մեզ համար դա լրջագույն ազդակ է լինելու, որովհետև Չինաստանն ընդդեմ Արևմուտքի բացահայտ խաղի մեջ է։ Նման բան առաջին անգամ է, որ Չինաստանից բացահայտ ասում են՝ վերանայե՛ք Արևմուտք վազելու ձեր որոշումը և հասկացեք, թե որտեղ է հայկական շահն իրականում»,- ասաց Բալասանյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.