«Իրանը ձեռքերը ծալած չի նայելու՝ ինչպես է Փաշինյանն այդ ուժերին բերում. լուրջ արձագանք է լինելու». Ռոբերտ Մարգարյան
Իրավաբան, քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն այն կարծիքին է, որ ԱՄՆ Պետդեպի խոսնակի նշած ծանր փոխզիջումներն իրականում միակողմանի զիջումներ են, որոնք պետք է դարձյալ հայկական կողմը կատարի:
«Ալիևի պահանջները հստակ են. տարածքային պահանջներ ունի, որոնք մեկ առ մեկ ստանում է, ժամանակացույցի համաձայն՝ Նիկոլը սկսել է և հանձնելու է տարածքները: Նա սկսեց Տավուշից և շարունակելու է մինչև Տիգրանաշեն: Միակ խնդիրը, որ այս փուլում ժամանակավորապես ստվերում են փորձել թողնել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքն» է եղել, որ շարունակաբար խաղաղության պայմանագրի գլխավոր պայմաններից մեկն է համարվել: Դրա մասին ընդգծել են թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան: Եվ եթե հիմա խոսվում է ծանր փոխզիջման մասին, հենց դրա մասին է խոսվում: Այստեղ միշտ էլ արգելք է եղել իրանական գործոնը, բայց նրանք հիմա փորձում են ամեն կերպ սանձել իրանական գործոնը և անցնել առաջ:
Չգիտեմ՝ ինչ ձևաչափ կգտնեն: Մինչև հիմա նրանք մտահոգություն ունեին, որ եթե այս պայմաններում Նիկոլը միջանցքը հանձնի, այդտեղ հավանաբար նոյեմբերի 9-ի համաձայնագրի համաձայն՝ պետք է գան, հաստատվեն ռուս խաղաղապահները, ինչն Արևմուտքի համար ձեռնտու չէ: Նոր տարբերակով, որոնք ուզում են փոխզիջում պարտադրել, ռուսական կողմի գործոնը Փաշինյանի շնորհիվ բավական թուլացել է: Հետևաբար, պետք է «միջանցքը» հսկելու ձևաչափը ճշտվի: Իրանը հեշտությամբ դա չի ընդունելու, լուրջ արձագանքներ ենք տեսնելու, և այդ արձագանքներն ազդելու են նաև Հայաստանի վրա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ մանրամասնելով, թե ինչ արձագանքներ կարելի է սպասել Իրանից:
Մարգարյանի խոսքով՝ Իրանի արձագանքը կարող է անուղղակի լինել, ինչպես եղել է վերջին 6 տարվա ընթացքում. «Հայաստանի հետ հարաբերություններում տեղ-տեղ Իրանը փորձել է հասկացնել տալ իր տեղը, դիրքը, որպեսզի չափերը չանցնի, մնա իր չափերի մեջ: Այս անգամ էլ, եթե պետք լինի, անուղղակի արձագանքները մենք տեսնելու ենք, որովհետև Իրանը բազմիցս շեշտել է, որ իր սահմանների մերձակայքում տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի ներկայությունն իր համար բոլորովին հանդուրժելի չէ: Հիմա, Իրանի քթի տակ նման ուժեր տեղակայելը, որոնք կասկածելի են իրենց ինքնությամբ, Իրանի համար ընդունելի չի լինի: Թե ինչպիսին կարող է լինել Իրանի արձագանքը, վերադառնանք 2018 թվականից հետո, երբ ՔՊ-ականները մի շարք հիմարություններ իրենց թույլ տվեցին Իրանի հասցեին, եթե հիշեք՝ կես օրով ամբողջ հանրապետությունը հոսանքազրկվեց, Նիկոլ Փաշինյանը երեկոյան զանգեց Ռուհանիին, հետո ավելի ուշ միացվեց, հետո ասացին, որ Իրան-Հայաստան հոսանքագծում ինչ-որ խնդիր էր առաջացել: Ես կարծում եմ՝ դա Իրանի արձագանքներից մեկն էր: Իհարկե, Իրանը միշտ բարեկամական է եղել Հայաստանի նկատմամբ, այդ ամբողջը վերաբերում է Հայաստանի իշխանություններին: Իրանը ձեռքերը ծալած չի նստելու և նայի, թե ինչպես է Փաշինյանն այդ ուժերին բերում՝ տեղակայում այդտեղ: Վստահ եմ, որ արձագանք լինելու է Իրանից»:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ Իրանը պայմանավորվի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, թե՞ Հայաստանի հետ սահմանը մշտապես կարմիր գիծ է մնալու Իրանի համար, ինչպես հայտարարում են. «Իրենց համար դա կարմիր գիծ է: Դժվար թե Իրանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ պայմանավորվածությունների գնա: Իրանը փորձել է տարբեր միջոցներով այլընտրանքներ առաջարկել այդ միջանցքի համար: Եթե հիշեք՝ նույնիսկ պայմանագիր կնքեցին Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որ այդ միջանցքն Իրանի տարածքով անցնի, սկսեցին շատ արագ կառուցման աշխատանքներ իրականացնել: Իրանը հույս ուներ, որ այլընտրանքային մի ճանապարհ կառաջարկի, որպեսզի այդ երկրները միջանցքի գաղափարից հրաժարվեն, դա չանցնի Հայաստանի տարածքով, քանի որ Իրանն այդ դեպքում վերահսկողություն կունենա: Բայց պարզ է, որ Ադրբեջանը, Թուրքիան և Արևմուտքը պլանավորում են, որ այն պետք է ուղղակի Հայաստանի միջով անցնի: Միայն միջանցքի հարցը չէ, դրա անվան տակ Իրանի սահմանին օտար ուժերի ներկայություն հաստատելու հարցը կա»:
Նա նկատեց՝ Ալիևն ինչո՞ւ պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրի, եթե կարող է այն ավելի թանկ գնով վաճառել Նիկոլ Փաշինյանին, դրա դիմաց ստանալ՝ ինչ ցանկանում է. «Հետո, հավանաբար, մի ինչ-որ թղթի կտոր կգցեն Փաշինյանի առաջ, չգիտեմ՝ դա երբ կլինի, բայց կլինի այն բանից հետո, երբ նրանք առավելագույն իրենց պահանջներին կհասնեն, զիջումները, որ պետք է Նիկոլը կատարի՝ կկատարի: Բայց այդ թղթի կտորն էլ Նիկոլի համար արդարացման փաստաթուղթ է ընդամենը, որ ինքը ցանկանում է ունենալ, որ ասի՝ այս ամբողջ արհավիրքը ստեղծել եմ, բայց գոնե մի հատ թղթի կտոր ստացել եմ: Բայց ինքն էլ է հաստատել, որ այդ թղթի կտորը խաղաղության երաշխիք չէ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում