«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումները ՀՀ-ից ՌԴ արտահանվող ապրանքի նկատմամբ քաղաքական լծա՞կ, թե՞․․․ մեկնաբանում է ռուս տնտեսագետը

«Ռոսսելխոզնադզորը»՝ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը, Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս խմբաքանակներում խախտումներ է արձանագրել ու ժամանակավոր սահմանափակումներ կիրառելու որոշում կայացրել։

Նախօրեին 168amտեղեկացրել էր, որ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Կարմազինը հուլիսի 4-ին թվագրված նամակով Հայաստանի Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Հայրապետյանին հայտնել է որոշման պատճառը։

«Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահանվող պտուղ-բանջարեղենային (խնձոր, լոլիկ) արտադրանքում 2024 թվականի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակի գերազանցման 8 նոր դեպք»,- ասված էր նամակում։ Կարմազինի նամակում նաև նշվում էր, որ «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնում ընթացիկ իրավիճակով, ինչի հետ կապված կրկին խնդրում է պաշտոնապես քննել նշված դեպքերը և տեղեկացնել ընդունված միջոցների մասին՝ վտանգավոր արտադրանքի մատակարարումը Ռուսաստանի Դաշնություն կանխելու համար:

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ ՍԱՏՄ ղեկավարին ուղարկված նամակից նաև պարզ է դառնում, որ վերոնշյալ դեպքերի մասին ռուսական ծառայությունը ՍԱՏՄ-ին տեղեկացրել է դեռևս հունիսի 05-ի նամակով, սակայն մեր տրամադրության տակ հայտնված այս նամակի համաձայն, հայտնաբերված դեպքերը հետաքննելու վերաբերյալ տեղեկատվություն ՍԱՏՄ-ն «Ռոսսելխոզնադզորին» չի տրամադրել, ուստի այս նամակով ռուսական ծառայությունը ՍԱՏՄ-ին խնդրել է 15․07․2024-ից դադարեցնել այդ մատակարարների արտադրանքի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն, քանի դեռ գործուն միջոցներ չեն ձեռնարկվել։ «Ռոսսելխոզնադզոր»-ի վերոնշյալ որոշումը լայնորեն քննարկվում է հայաստանյան մամուլում, որպես քաղաքական որոշում և սահմանափակում՝ պայմանավորված ՀՀ իշխանությունների քաղաքականությամբ և հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ռուս տնտեսական, քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ նման հարցերի դեպքում պետք է հստակ տվյալներ ունենալ իրավիճակի քաղաքական երանգը քննարկելու համար։ Ըստ նրա, դատելով միայն ռուսական տեսչական մարմնի նամակից, որում ասվում է, որ այս դեպքերի մասին հայկական կողմին զգուշացվել է, սակայն կարծես արձագանք չի եղել, ինչը հանգեցրել է արդեն ժամանակավորապես նման որոշման, կարելի է ասել, որ իրավիճակը ոչ ստանդարտ է։

Նրա խոսքով, սրանք այնպիսի կարևորության հարցեր են, որոնց արձագանքը պետք է լինի անմիջապես՝ նախ՝ այդ ոլորտում կողմերի միջև վստահության մթնոլորտը պահպանելու, ինչպես նաև՝ խուսափելու համար հետագա խնդիրներից, ինչպիսին սա է։

«Չեմ բացառում, որ եթե այս 8 դեպքերին հայկական կողմից ավելի վաղ համապատասխան արձագանք լիներ, գուցե այս սահմանափակման կարիքն ամենևին չլիներ։ Սակայն, եթե կա ներմուծվող ապրանքի չափորոշիչների խախտում, որի արձանագրման դեպքերում ևս չի տրվում համապատասխան արձագանք, ապա, ելնելով սեփական անվտանգությունից, պետք է կիրառվեն սահմանափակումներ՝ նախատեսված ԵԱՏՄ կարգավորումներով»,- նշեց Սիմոնովը։

Նա նշեց, որ քիչ է հավանականությունը, որ առանց հաստատված խախտումների՝ ՀՀ-ից ՌԴ ներմուծումների սահմանափակումն օգտագործվի՝ որպես լծակ։ Այսինքն, Սիմոնովի դիտարկմամբ՝ խնդիր կա։

«Սակայն այս խնդիրների ետևում կա քաղաքական լարված միջավայր։ Եվ եթե հայկական կողմը բոլոր հարցերը դուրս է բերում հրապարակային դաշտ, առիթը բաց չի թողնում ինչ-ինչ խնդիրներ մատնանշելու համար, իսկ այսօր նաև երկկողմ հարաբերություններում բնականոն համագործակցությունն է խախտված, ապա ռուսական կողմն էլ չպետք է կաշկանդվի մատնանշել խնդիրները, անհրաժեշտության դեպքում՝ կիրառել սահմանափակում։

Ի դեպ, ՀՀ-ՌԴ ուղղությամբ արտահանում-ներմուծումը տեղի է ունենում ԵԱՏՄ կարգավորումներով, ՀՀ-ն ԵԱՏՄ-ից մեծ օգուտներ ունի, ինչպես տեսնում ենք, ՀՀ-ն Ռուսաստանի հետ առնչվող կառույցներից, հարաբերություններից գոհ է միայն ԵԱՏՄ-ից։ Սակայն արդյո՞ք ՀՀ արտադրանքը համապատասխանում է այդ չափորոշիչներին։

Ի վերջո, ՀՀ-ից ներմուծվում է ապրանք դեպի ՌԴ, սակայն քաղաքական երկխոսությունը, մեղմ ասած, շատ թույլ մակարդակի վրա է։ Սրանք հարցեր են, խնդիրներ։

Վստահ չեմ կարող ասել, որ հարցն օգտագործվում է՝ որպես քաղաքական լծակ, սակայն բացառել չի կարելի։ Հնարավոր չէ հրաժարվել քաղաքական երկխոսությունից, սակայն պահպանել հարաբերություններում միայն այն, ինչ օգուտ է բերում, այստեղ էլ, ինչպես տեսնում ենք, ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում»,- ասաց Սիմոնովը։

Տեսանյութեր

Լրահոս