«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից Ռուսաստան մատակարարվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ սահմանափակումներ է կիրառել. խախտումների դեպքեր են արձանագրել
«Ռոսսելխոզնադզորը»՝ Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը, Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի ապրիլ-հունիս խմբաքանակներում խախտումներ է արձանագրել ու ժամանակավոր սահմանափակումներ կիրառելու որոշում կայացրել։
«Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Կարմազինը հուլիսի 4-ին թվագրված նամակով Հայաստանի Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Արմեն Հայրապետյանին հայտնել է որոշման պատճառը։
Մեր ձեռքի տակ հայտնված նամակում, մասնավորապես, ասվում է․
«Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն արտահանվող պտուղ-բանջարեղենային (խնձոր, լոլիկ) արտադրանքում 2024 թվականի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակի գերազանցման 8 նոր դեպք»։
Կարմազինի նամակում նաև նշվում է, որ «Ռոսսելխոզնադզորը» մտահոգություն է հայտնում ընթացիկ իրավիճակով, ինչի հետ կապված կրկին խնդրում է պաշտոնապես քննել նշված դեպքերը և տեղեկացնել ընդունված միջոցների մասին՝ վտանգավոր արտադրանքի մատակարարումը Ռուսաստանի Դաշնություն կանխելու համար:
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության՝ ՍԱՏՄ ղեկավարին ուղարկված նամակից նաև պարզ է դառնում, որ վերոնշյալ դեպքերի մասին ռուսական ծառայությունը ՍԱՏՄ-ին տեղեկացրել է դեռևս հունիսի 05-ի նամակով, սակայն մեր տրամադրության տակ հայտնված այս նամակի համաձայն, հայտնաբերված դեպքերը հետաքննելու վերաբերյալ տեղեկատվություն ՍԱՏՄ-ն «Ռոսսելխոզնադզորին» չի տրամադրել, ուստի այս նամակով ռուսական ծառայությունը ՍԱՏՄ-ին խնդրել է 15․07․2024-ից դադարեցնել այդ մատակարարների արտադրանքի արտահանումը Ռուսաստանի Դաշնություն քանի դեռ գործուն միջոցներ չեն ձեռնարկվել։