Եթե Սահմանադրությունը գրված լիներ մեկ ուժի համար, որը հավերժացներ իր իշխանությունը, այդքան հեշտ փողոցը կվերցնե՞ր իշխանությունը. Արծվիկ Մինասյանը՝ Սաքունցին
«ՀՀ սահմանադրության փոփոխությունները՝ օրվա հրամայական» թեմայով քննարկման ժամանակ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը նշել է, որ գործող Սահմանադրությունը հակաժողովրդավարական է, որովհետև չի համապատասխանում և չի երաշխավորում իշխանությունների տարանջատման սկզբունքին, որը ժողովրդավարության սկզբունք է:
«Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ն, բավական ազնիվ էին, իրենք մեզ չեն խոստացել ժողովրդական կառավարման Սահմանադրություն, իրենք մեզ ասում էին՝ երկար տարիներ դեպի իշխանություն տանող ճանապարհն անցնելու է Մելիք-Ադամյանով: Իրենք պարտադրեցին այն Սահմանադրությունը, որն իրենց համոզմամբ՝ պետք է երկար տարիներ դա ապահովեր: Այս Սահմանադրության հիմքում դրված է մեկ կուսակցության երկարատև անվերահսկելի կառավարումը: Խնդիրը երկբևեռության մեջ չի, խնդիրն այն է, որ պառլամենտում մեծամասնության բևեռն ունի անվերահսկելի բացարձակ իշխանություն, փոքրամասնության բևեռը որևէ մասնակցություն որոշումների կայացման վրա, ազդեցություն չունի: Սահմանադրության հայրերը, Հրայր Թովմասյանը ժամանակին ասում էր՝ փոքրամասնությունն ունի այս-այս լծակները, ոչ մի լծակ իրենք հիմա չեն կարողանում օգտագործել, որովհետև Սահմանադրությունը թույլ չի տալիս»,- նշել է Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմն իշխանության եկան թավշյա հեղափոխության արդյունքում, և, որ գործող իշխանությունը չի կարևորել Սահմանադրության դերը:
«Դա Նիկոլ Փաշինյանն է ասել, ես չեմ ասում: Սահմանադրությունը կարևոր չէ, դա կեղծ օրակարգ է, կարևորը ժողովրդի կամքն է: Եվ քաղաքական ընդդիմությունն ինքն է համոզվում, որ մեծամասնության կուսակցության անվան փոփոխությունը չի հանգեցնում ժողովրդավարության: Անկախ կուսակցության անունից, մեծամասնության բացարձակ իշխանություն է»,- շարունակել է Սաքունցը:
«ՀՀ Սահմանադրության փոփոխությունները՝ օրվա հրամայական» թեմայով քննարկմանը ներկա «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նախքան կարձագանքեր Արթուր Սաքունցին, նախ ասել է, որ համաձայն չէ քննարկման վերնագրի հետ, որ Սահմանադրություն փոխելը օրվա հրամայականն է:
«Բոլորը նշեցին քաղաքական մշակույթի փոփոխության մասին, դրա կրողը քաղաքական իշխանությունն է, դրա փոփոխությունը կարող է բերել նաև այդ փոփոխությունների: Դուք ներկայացնում եք, որ Սահմանադրությունն է մեղավոր, որ փոխզսպումների մեխանիզմ չկա: Ավելին, Սահմանադրությունն է մեղավոր, որ ընդդիմությունը զրկված է լծակներից, բայց այդ Սահմանադրության պայմաններում մենք ենք աշխատում խորհրդարանում:
Կարող եմ բերել մի քանի օրինակներ, ու կտեսնեք, որ Սահմանադրությամբ ամրագրված հստակ դրույթն ուղղակի ոտնակոխ է արվում մեծամասնության կողմից, դրա համար անգամ քրեական հոդված կա, բայց որևէ մեկը պատասխանատվություն չի կրում:
Ինչ ուզում եք՝ գրեք Սահմանադրության մեջ, եթե իշխող ուժը չունի այդ պատասխանատվությունը, չեք կարող Սահմանադրության վրա մեղքը բարդել»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը: Այնուհետև Արծվիկ Մինասյանը դիմելով Արթուր Սաքունցին՝ հիշեցրել է, որ գործող սահմանադրությամբ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան 2017-ին:
«ՀՀԿ-ն ստացավ 49%, և մանդատների վերաբաշխման արդյունքում եղավ 54% չանցածների հաշվին, բայց ոչ ավելին: Դրանից հետո փողոցից եկած իշխանությունը ընտրություններով արձանագրում է մի դեպքում՝ 70%, մի դեպքում՝ 53%:
Եթե Սահմանադրությունը գրված լիներ մեկ ուժի համար, որը հավերժացներ իր իշխանությունը, այդքան հեշտ փողոցը կվերցնե՞ր իշխանությունը՝ չէ: Այսինքն, խնդիրը սահմանադրական կարգավորման մեջ չէ, այլ իշխող ուժի վարքագծի: Սահմանադրությունը չի կարող զսպել, կասեցնել, արգելել պատգամավորին, որ ինքը հանցագործություն չանի: Այսօր քաղաքական մեծամասնությունը բոլոր սահմանադրական ինստիտուտները զավթել է. դատական իշխանություն, գլխավոր դատախազ, քննչական մարմիններ, ԲԴԽ, Վճռաբեկ դատարան, ՍԴ, անկախ պետական մարմիններ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ խոսքի ազատությունը երաշխավորող, միակ նշանակումները կատարվում են իրենցից»:
Մանրամասները՝ տեսանյութում