«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին
Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնի շրջանակում անցկացված հատուկ ընդունելության ընթացքում «Վարպետ» մրցանակը հանձնվել է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ, ծագումով հնդիկ ամերիկացի ռեժիսոր Տարսեմ Սինխին։
Սինխը հայ հանդիսատեսին առավել հայտնի է որպես Լեդի Գագայի փարաջանովյան գեղագիտությամբ ոգեշնչված «911» երգի տեսահոլովակի հեղինակ։ Նա նաև «R.E.M.»-ի Losing My Religion, Վանեսա Պարադիի Be My Baby, Լու Ռիդի What’s Good երգերի հոլովակների ռեժիսորն է։
2000 թվականին մեծ էկրան է բարձրացել Սինխի կինոդեբյուտը՝ Ջենիֆեր Լոպեսի գլխավոր դերակատարությամբ կուլտային «Բջիջ» գիտաֆանտաստիկ թրիլլերը, որը բազմաթիվ կինոքննադատներ բարձր են գնահատել հոլիվուդյան կինոյին ոչ բնորոշ անսովոր վառ պատկերային, սիմվոլիկ մտածողության համար։ «Բջիջ»-ից ի վեր Սինխը հեղինակել է ևս 5 լիամետրաժ ֆիլմ, որոնցից վերջինի՝ «Սիրելի Ջասի» դրամայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2023-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում՝ արժանանալով Platform մրցանակին, իսկ երևանյան պրեմիերա տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 2024-ի օրերին։
Մրցանակը Սինխին հանձնել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը և կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։ Ռեժիսորն իր խորին երախտագիտությունն է հայտնել մրցանակի կապակցությամբ։