Դատավոր Վահե Դոլմազյանի վախերը վերածվել են սարսափների. հուլիսի 16-ի սպասումով

Հուլիսի 11-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, հերթական անգամ 3 ամսով երկարացրեց քաղբանտարկյալ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը: 3 ամիս առաջվա, դրանից 3 ամիս առաջվա ու առհասարակ մեկ տարուց ավել կալանավորված քաղաքական գործչի խափանման միջոցի փոփոխության բոլոր նիստերից այս մեկը մի տարբերություն, այնուամենայնիվ, ուներ. կալանքը երկարացնելու որոշմանը Վահե Դոլմազյանը հանգեց մեկ դատական նիստի ընթացքում: Մնացած ամեն բան նույնն էր, նույնիսկ դատավորի արտաբերած տեքստը, նրա վարքագիծը, դեմքի կարմրությունը, աչքերը գետնին խոնարհած՝ որոշումը հրապարակելը… Ամեն բան…

Իրականում դատավորը ավելի կարճ կարող է խոսել, ասել՝ բան չի փոխվել, ու տալ հերթական եռամսյա կալանքի մասին «ավետիսը»:

Նախկին դատախազ Վահե Դոլմազյանը յուրաքանչյուր անգամ շատ ուշադիր լսում է դատախազների խոսքն այն մասին, որ Արմեն Աշոտյանի կողմից վկաների վրա ազդելու ռիսկը չի վերացել, ու հասկանում՝ ինչ պետք է անի:

Երեկ կայացված որոշման հիմքում, ըստ էության, այն էր, որ նախանշված վկաները դեռ չեն հարցաքննվել, և բոլոր սահմանափակումներով տնային կալանքի ռեժիմում գտնվող, 2 անձի կողմից պատշաճ վարքագծի երաշխավորությունը ստացած և 40 միլիոն դրամ գրավ վճարող Արմեն Աշոտյանը կարող է ազդել նրանց վրա, և սա այն դեպքում, երբ վկաները չեն հարցաքննվել ո՛չ Արմեն Աշոտյանի մեղքով, իսկ 40 միլիոն դրամ գումարը կպետականացվեր, եթե հանկարծ վերջինս խախտեր խափանման միջոցի պայմանը:

Կարդացեք նաև

Այս նիստը սկսելուց առաջ էլ որևէ մեկը պատրանքներ չուներ, թե Վահե Դոլմազյանը կարող է այլ որոշում կայացնել, սակայն երբ նիստից 1 օր առաջ պարզ դարձավ, որ Վահե Դոլմազյանի նկատմամբ կարգապահական վարույթ պետք է քննվի, և այն մեկնարկելու է հուլիսի 16-ին, արդեն իսկ հասկանալի էր, որ խափանման միջոցի երեկվա նիստը սոսկ ձևական բնույթ է կրելու:

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարը պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին։ Կարգապահական վարույթը հարուցվել է ապրիլի 15-ին՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի հաղորդման հիման վրա։ ԱՆ-ն արդեն իսկ միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Դոլմազյանին պատասխանատվության ենթարկելու մասին, որի քննությունը, ինչպես ասացինք,  նախատեսված է հուլիսի 16-ին։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հարուցված կարգապահական վարույթը կապված է շուրջ մեկ տարի առաջ ՀՀ ՊՆ նախկին նախարար, կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանի գործի հետ, երբ վերջինս հնարավորություն է ունեցել ԱԺ տեղափոխվելու ընթացքում տեսնելու մորը։

Այս պայմաններում սպասել, որ Վահե Դոլմազյանն արդարադատություն պետք է իրականացնի, երբ կախված է մազից, Նիկոլ Փաշինյանի կամքից ու Կարեն Անդրեասյանի հրահանգներից, առնվազն միամտություն է: Վահե Դոլմազյանն այն դատավորը չէ, ով, լինելով լավ իրավաբան, կառչած չլինի իր տեղից: Վահե Դոլմազյանի հույսն ու հավատը Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պատմուճանն է և այն 1 միլիոն դրամ աշխատավարձը, որը չկորցնելու համար ինքը գիտի՝ ինչ պետք է անի, և նրան ավելորդ անգամ հրահանգներ տալ պետք չէ: Պարզապես անասելի տխուր պատկեր է հետևել, թե ինչպես է մասնագիտական բավարար որակներ ունեցող դատավորը ամեն անգամ կաս-կարմիր դեմքով, բառերը մի կերպ արտաբերելով ու հայացքը ներքև խոնարհած՝ կարդում հերթական ենթադրյալ ոչ իրավաչափ որոշումը՝ գերազանց հասկանալով, որ համակցված խափանման միջոցները կատարելապես ի զորու են ապահովել վերջինիս պատշաճ վարքագիծը ոչ քրեակատարողական հիմնարկի պայմաններում:

Արմեն Աշոտյանը մի օր հաստատ դուրս կգա քրեակատարողական հիմնարկից՝ լինի Վահե Դոլմազյանի, թե ուրիշի որոշմամբ, բայց դատավոր Դոլմազյանին իր ողջ կյանքում հետապնդելու են եռամսյակը մեկ ուղիղ եթերում ընթացող կալանքի որոշման հրապարակման կադրերն ու իր, շատ մեղմ ասած, անվստահ տեսքը որոշման հրապարակման պահին:

Մի առիթով անպայման կանդրադառնանք այն հանգամանքին, թե ինչպես են մեր օրերում որոշումները կայացվում Հակակոռուպցիոն դատարանում առհասարակ:

Տեսանյութեր

Լրահոս