Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 3 ամսով. Դատավոր Դոլմազյանը յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգիր կրկնում է նույն նախադասությունը

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Նախորդ դատական նիստին շարունակվում էր վկաների հարցաքննության փուլը: Վկա Կարեն Հակոբյանը չէր ներկայացել: Վերջինս չպլանավորված վիրահատություն է կատարում: Դատական նիստը շարունակվեց բաց ռեժիմով: Հաջորդիվ քննարկվեց Կարեն Հակոբյանի բացակայության պայմաններում դատավարության հետագա ընթացքը: Որոշվեց հաջորդ նիստում քննարկել Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության հարցը, ապա նոր վերադառնալ վկաների հարցաքննությանը:

Դատական նիստը հետաձգվեց:

Այսօրվա դատական նիստը սկսվեց ուշացումով. Արմեն Աշոտյանին դատարան չէին կարողացել բերել ժամանակին: Այնուամենայնիվ, նիստը նախատեսված 12:00-ի փոխարեն՝ սկսվեց 13:10-ին ու մեկնարկեց վերջինիս խափանման միջոցի փոփոխության հարցի քննությամբ, քանի որ հուլիսի 16-ին լրանում էր նրա կալանավորման հերթական եռամսյա ժամկետը:

Կարդացեք նաև

Հանրային մեղադրողները, բնականաբար, միջնորդեցին երկարաձգել Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը՝ կրկնելով այն, ինչ միշտ են ասում՝ կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել, ազատության մեջ կխոչընդոտի քննությանը:

Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ տեղեկացրեց՝ Աշոտյանի համար երաշխավորելու են ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:

Հաջորդիվ դատարանի առաջ հանդես եկան երաշխավորները՝ Խոսրով Հարությունյանն ու Տիգրան Թորոսյանը: Վերջինս մանրամասն ելույթով հանդես եկավ, պարզաբանումներ ներկայացրեց խափանման միջոցների էության վերաբերյալ:

Այնուհետև Ռուբեն Մելիքյանը ներկայացրեց Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը ողջ ծավալով: Նա նշեց, որ բացի երաշխավորությունից, դատարանին առաջարկում են կիրառել նաև գրավ ու տնային կալանք համակցված խափանման միջոցները: Ընդ որում, դեմ չեն, որ կիրառվի տնային կալանքի սահմանափակումների ողջ սպեկտրը:

Միջնորդության ներկայացումից հետո հայտարարվեց ընդմիջում:

Ընդմիջումից հետո հանդես եկավ Աշոտյանի մյուս պաշտպանը՝ Տիգրան Աթանեսյանը: Վերջինս նշեց՝ խնդրանք չունի, ինքը համոզված է, որ դատավոր Դոլմազյանն Արմեն Աշոտյանի հետ կապված որոշման հետ կապ չունի, և այն բոլորովին այլ տեղ է կայացվում:

Հաջորդիվ դիրքորոշմամբ հանդես եկավ նաև քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը, ով նախ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում իրեն, իր ընտանիքին ու իր պայքարին: Շնորհակալություն հայտնեց նաև երաշխավորներին, ովքեր նաև իր դասախոսներն են եղել:

«Ես չեմ պայքարում իմ անձնականի համար: Անազատության 400 օրերն անձնական անազատության օրեր չեն: Իմ և իմ ընտանիքի անձնական պատմությունները խամրում են այն ամենի դիմաց, ինչ տեղի է ունենում մեր հայրենիքում: Իմ երեխաները կտրված են հորից, բայց իմ երեխաների հայրը բանտում է, գերեզմանում չէ: Ես կտրված եմ տնից, փառք Աստծո, ես տուն ունեմ: Մեր հայրենակիցների զգալի մասը տուն չունի, շատ երեխաներ հայրեր չունեն»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով հանրային մեղադրողի խոսքին՝ Աշոտյանը նկատեց՝ վերջինս ոչ մի փաստ չբերեց, որ ինքը կարող է խոչընդոտել քննությանը:

«Ես չպիտի տուժեմ նրանից, որ իմ գործով առանցքային վկաներից մեկը վիրահատում է, մյուսն արձակուրդում է: Այո, 2 վկայի հարցաքննություն չի եղել, բայց ես դրանում մեղավոր չեմ»,- նկատեց քաղբանտարկյալ Աշոտյանը:

Ինչ վերաբերում է իրեն առաջադրված մեղադրանքին՝ փաստաբան խորհուրդ տալուն, Արմեն Աշոտյանը Քննչական կոմիտեից (ՔԿ) պահանջեց գտնել այն մարդուն, ով խորհուրդ է տվել գործով անցնող անձին փաստաբան ունենալ:

«Մի ամիս առաջ Դուք որոշում կայացրեցիք, որ ինձ վերաբերող նյութերի ամբողջական ծավալը տան: Դեռ չեն տվել: Կալանավորից թաքցրել են նյութեր, որոնք վերաբերում են իրեն: Այդ ծավալի մեջ ակնհայտ է, որ բաներ կան, որ դատախազներին պետք չեն եկել, բայց դրանք կարող են ինձ պետք գալ: Ինձ կալանավորելուց հետո Կարեն Հակոբյանին ևս 2 ամիս լսել են: Եթե ինձ կալանավորելուց հետո մարդուն 2 ամիս լսել են, վարիանտ չկա, որ էդ մարդը իմ մասին կնոջ կամ մեկ ուրիշի հետ 2 ամիս չխոսի: Կա՛մ պիտի ասի՝ լավ են արել, նստեցրել են, կա՛մ պիտի ասի՝ ի՞նչ էր արել այդ մարդը, որ տարել, սարքել, փակել են: Էդ անտեր դիսկի մեջ, որ ինձ տվել են, Կարեն Հակոբյանի 2 ամսվա ձայնագրությունից ոչ մի նյութ չկա: Ուրեմն պետք չի եղել, չէ՞, իրենց: Հիմա ես չունեմ էդ դիսկերը: Միջնորդում են, որ կալանքս երկարացնեն էդ ձայնագրության հիման վրա, բայց ինձ չեն տալիս, տեսնեմ՝ մեջն ի՞նչ կա»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա անդրադարձավ նաև միջազգային կառույցներին:

«Ես ԵՄ դեսպանին ճանաչում եմ, աշխատել եմ իր հետ Բրյուսելում: Ես էլ պատրաստ եմ իմ երկրի շահի համար սուտ խոսել, նաև պետք է եղել, սուտ եմ խոսել: Նույնն անում են ԵՄ դեսպանը, մյուսները, երբ աչք են փակում իմ գործի վրա: Ազնիվ է: ես դա հասկանում եմ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա առաջարկեց իշխանություններին ու իրավապահ մարմիններին նույնպես ազնիվ լինել ու ասել՝ ինչու են իրեն պահում կալանքի տակ:

«Ասում են՝ տուն ենք պահում: Լավ եք անում: Բայց որքանո՞վ է ուրիշի տունը քանդելով՝ տուն պահելը տուն պահել… Եսի՞մ…»,- ասաց նա:

Ապա դատարանը հարցեր ուղղեց Աշոտյանի պաշտպանության կողմին և հանրային մեղադրող Դոլինյանին:

Լսելով կողմերին՝ դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց երկարացնել Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը ևս 3 ամսով: Ոչ մի նոր բան. կրկնեց այն, ինչ 3 ամիս առաջ: Ու կապ չունի, որ այդ տեքստը նա արտաբերում էր մեծ դժվարությամբ ու կաս-կարմիր դեմքով, մի կերպ: Յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ կարո՞ղ է լինել դատավոր, թե՞ ոչ:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 18-ին՝ ժամը 13:00-ին:

Տեսանյութեր

Լրահոս