Ժողովրդին խաբո՞ւմ են․ որքանո՞վ է այսօր իրատեսական ԵՄ-ին անդամակցելը, և ի՞նչ ռիսկեր ունի հանրաքվեի անցկացումը
Խորհրդարանում նախօրեին թեժ էր. «Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով լսումներն էին։ Ներկաներն ինչ-ինչ մինի-ակցիաներով փորձեցին ամրապնդել դեպի եվրոպական ընտանիք հայ ժողովրդին ուղղորդելու անհրաժեշտությունը, թվարկեցին քայլերը, մի մասն էլ՝ կենացի ու բարեմաղթությունների տեսքով կարևորեց այս գործընթացը։
Ինչո՞ւ է այս թեմայով գերակտիվացումը հենց հիմա պետք ինչ-ինչ շրջանակների, և որքանո՞վ է իրատեսական եվրաինտեգրման հեռանկարը Հայաստանի համար այսօր․ 168.am-ն այս հարցադրումների պատասխանները լսել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանից։
Ի պատասխան՝ քաղաքագետը նախ արձանագրեց, որ մի քանի տասնամյակ արդեն ինչ-ինչ շրջանակների կողմից եվրաինտեգրման ուղղությամբ իրականացվում է քարոզչություն․ ցանկացած այլ ուղղություն վարկաբեկվում է՝ փոխարենը քարոզվում է դեպի ԵՄ ուղղությունը, իսկ կան մարդիկ, որոնք միանում են այդ քարոզչությանը, քանի որ դա լավ վարձատրվում է, կամ՝ ուղղակի չեն ուզում թրենդից հետ մնալ։
«Այսպիսով ժողովրդի մեջ ձևավորվել է սպասելիք, որ Հայաստանը պետք է եվրաինտեգրվի, պետք է այդ ուղությամբ գնալ և այլն,- նկատեց քաղաքագետը՝ պարզաբանմամբ,- Հիմա իշխանությունները գիտակցում են, որ եթե, օրինակ, վաղը Փաշինյանը հանրաքվեի դնի «2+2=4» -ը, ապա մարդիկ դեմ կքվեարկեն, իսկ սա կփորձեն ներկայացնել, իբրև թե Փաշինյանի կողմից չէ։ Այսինքն՝ կհամոզեն, թե, այսպես կոչված, եվրոպամետ կուսակցություններն իրենք են առաջադրում այդ գաղափարը և փորձելու են անցկացնել հանրաքվե, թեև գիտենք, որ նրանք Փաշինյանի արբանյակներն են։
Այդ հանրաքվեով նրանք կփորձեն հաստատել քաղաքականության արևմտյան վեկտորը և ստանալ նաև լրացուցիչ կետեր՝ ըստ որոնց, գուցե նույնիսկ փորձեն Սահմանադրության մեջ Արցախից ձերբազատվելու կետը մտցնել, կամ՝իշխանության ճյուղերի միջև հարաբերությունների փոփոխության մասին ինչ-ինչ կետեր և այլն»։
Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ այժմ իշխանությունները շոշափում են հանրային տրամադրությունները՝ հասկանալու համար, թե հնարավո՞ր է արդյոք՝ ժողովուրդը դեմ քվեարկի այդ գաղափարին, եթե այն նույնիսկ ներկայացվի իշխանություններից անջատ տեսքով։
Ի դեպ, խորհրդարանական լսումներից ավելի վաղ Ժողովրդավարական ուժերի հարթակը համաժողով էր հրավիրել, որը նվիրված էր Եվրոպական միությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվեին։ Այդ հավաքին չէր ներկայացել Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահը, ինչն առաջացրել էր ներկաների մի մասի քննադատությունը։
168․am-ը քաղաքագետից նաև հետաքրքրվեց՝ հաշվի առնելով ոչ հեռվում գտնվող մի քանի նախադեպերը՝ որքանո՞վ է իրատեսական, որ անգամ հանրաքվեով պրոցեսը հաստատելու դեպքում՝ Հայաստանը մոտ հեռանկարում ԵՄ ընտանիքին մաս կդառնա։ Նա արձագանքելով՝ հիշեցրեց․ «Վրաստանում նման հանրաքվե անցկացվել է 2008 թվականին․ անցել է 16 տարի, ու չեմ կարող ասել՝ մոտակա, օրինակ, 10 տարվա ընթացքում Վրաստանը կարո՞ղ է ԵՄ անդամ դառնալ։ Թուրքիան անդամակցության հայտ ներկայացրել է 1987 թվականին։ Այսօր ԵՄ-ն տնտեսական ու քաղաքական որոշակի ճգնաժամի մեջ է, և վերջին տարիների ընթացքում ԵՄ-ն ոչ թե աճում է, այլ փոքրանում է․ ՄԲ-ն դուրս եկավ։
Բացառված է հեռանկարային քաղաքական տեսանկյունից անգամ՝ ՀՀ-ն դառնա ԵՄ անդամ այսօրվա ձևաչափով։ Նույնիսկ եթե ՀՀ-ն շատ ուզենա, ապա ԵՄ կառուցվածքային խնդիրները թույլ չեն տալու դա իրականացնել, կամ էլ՝ եթե նույնիսկ ԵՄ-ում կտրականապես փոխվի իրավիճակը, և նրանք համարեն, որ այս անգամ առանց տվյալ երկրում խորը փոփոխությունների, տնտեսական հավասարեցման են ընդունելու երկրներին, ապա այդ պարագայում ԵՄ անդամակցության արժեքը նվազելու է, որովհետև ԵՄ-ն անդամներին գրեթե ոչինչ չի առաջարկելու»։
Ամփոփելով՝ Հրանտ Միքայելյանը շեշտեց՝ այսօր լուրջ վտանգ է տեսնում, որ այս հանրաքվեի անվան տակ փորձ արվի անցկացնել Սահմանադրության փոփոխությունների ծրագիրը։
««Դուք ուզո՞ւմ եք ԵՄ անդամ դառնալ» հարցը սուտ հարց կլինի, որովհետև չի՛ կարելի մարդուն հարցնել այն, ինչ իրատեսական չէ՝ ինչպես օրինակ, եթե հարցնես՝ «Դուք ուզո՞ւմ եք, որ ձեր աշխատավարձը դառնա 5 միլիոն դրամ»․ կարող է մեծամասնությունը կողմ կքվեարկի, բայց դա չի նշանակում, որ այդ հարցը դնելը ադեկվատ է։
Նման հանրաքվեներն անցկացվում են, երբ անդամակցության գործընթացն ավարտված է բյուրոկրատական և քաղաքական տեսանկյունից ու մնում է միայն երկրի անդամակցության հարցը․ այդ ժամանակ են միայն ժողովրդին հարցնում։ Հայաստանի պարագայում նման հարց ընդհանրապես չկա՝ գոնե ԵՄ օրակարգի մեջ։ Այսինքն՝ ժողովրդին այսպիսով խաբում են։
Իսկ, օրինակ, եթե դրվի հարցը՝ «Դուք համաձա՞յն եք, որ ՀՀ-ն ԵՄ անդամ դառնա և փոխվի ՀՀ Սահմանադրությունը», և մարդիկ չգիտակցելով, թե ինչին են համաձայնություն տալիս, քվեարկեն օգտին, իսկ իրականում նրանց խաբեն ու փոխեն Սահամանդրությունը՝ Ալիևի պարտադրանքներն իրականացնելու համար։ Սա ավելի քան հնարավոր է։
Մտավախություն է առաջացնում նաև այն, որ իշխանությունը սա փորձելու է ներքաղաքական պայքարի առարկա դարձնելու ու ԵՄ օգտին քարոզչությունը կապիտալիզացնել»։