«Երկրորդային շուկայում բնակարանների գները սկսում են նվազել». Անդրանիկ Հարությունով

Վերջին շրջանում հայ հանրության շրջանում բողոքներ կան, որ ռուսների մեծ հոսք այլևս չկա Հայաստանում, ուստի ենթադրվում էր, որ տան վարձավճարներըպետք է նվազեին, սակայն վարձավճարները նախկինի նման պահպանվում են՝ կայուն բարձր։

168.am հետ զրույցում«Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովն անդրադառնալով անշարժ գույքի շուկայում նկատվող միտումներին՝ վարձակալության գներին, առաջին ու երկրորդային շուկայում անշարժ գույքի վաճառքի գներին, ասաց՝ գների մասով հստակ տվյալներ չկան, քանի որ գործարքները հիմնականում չեն գրանցվում։ Չնայած, ՊԵԿ-ը հայտարարել էր, որ սեփականատերերը, որոնք բնակարանները վարձակալությամբ կհանձնեն ու այն չեն գրանցի՝ կտուգանվեն,բոլոր վարձատուները չէ, որ գրանցում են իրենց գույքը։

«Համալիր տեղեկատվություն կարող է տրամադրել Կադաստրի կոմիտեն, իմ փոխանցած տեղեկատվությունը կապված է միայն այն շրջանակի հետ, որի մասով աշխատում է մեր ընկերությունը։

Իրականում վարձակալության գները նվազում են։ Մենք ունեցանք հոսք ՌԴ-ից՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով։ Առաջին հոսքով՝ ՌԴ-ից Հայաստան եկան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անձինք կամ այնպիսիք, որոնք միջազգային հարթակներում ունեին աշխատանք, այսինքն՝ վճարունակ էին ու սկսեցին վարձակալել թանկարժեք բնակարաններ։ Այդ մարդկանցից շատերը վերադարձան Ռուսաստան, մի մասը մնաց Հայաստանում: Նախկինաշխուժությունը չկա։

Կարդացեք նաև

Ամսական 4-5 հազար դոլար արժողությամբ բնակարաններիվարձավճարների նվազում կա։ Այնուհետև արցախահայերի՝ Արցախից բռնի տեղահանությունից հետո կրկին մարդկանց հոսք եղավ Հայաստան։ Հիմա Արցախի մեր հայրենակիցների դեպքում, երբ ընտանիքի անդամներից մեկը ստանում է 50 հազար դրամ, նրանք հիմնականում վարձակալում են 200-300 հազար դրամանոց բնակարաններ։ Ստացվում է, որ այդ գների բնակարանների վարձավճարները չի նվազում, քանի որ դրա պահանջարկը չի նվազում»,- նշեց Անդրանիկ Հարությունովը։

Հնարավո՞ր է՝ակտիվ զբոսաշրջությամբ պայմանավորված, ավելի բարձրանա բնակարանների վարձակալության գինը, քանի որ Հայաստան եկող մարդկանցից շատերը նախընտրում են վարձել տներ, բնակարաններ: Մեր այս հարցին անշարժ գույքի գործակալության տնօրենըպատասխանեց, որ զբոսաշրջության սեզոնի պիկին, կան մասնագիտացված ընկերություններ, վարձակալում են բնակարանների որոշակի քանակ ու մատուցում հյուրանոցային ծառայություններ։

«Նման բնակարաններ հիմնականում կան Արաբկիրում ու Կենտրոնում, որոնք հանձնվում են օրավարձով։ Զբոսաշրջային սեզոնից հետո, մի քանի ամսով էլ տալիս են վարձով մինչև հաջորդ սեզոնի բացումը»,- նշեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է անշարժ գույքի վաճառքի գներին, Անդրանիկ Հարությունովը փոխանցեց, որ առաջնային շուկայում վաճառքի գները ստաբիլ մնում են նույնը։ Միշտ էլ առաջանային շուկայում թե անշարժ գույքի վաճառքի, թե վարձակալության գներըտարբեր են եղել՝ կախված կառուցապատողից։

«Այսօր բազմաթիվ նախագծեր կան, ու իրենք չեն կարող թանկացնել իրենց գույքը։ Ի տարբերություն երկրորդային շուկայի, որտեղ անշարժ գույքը վաճառում են անհատները, իրենք ինչ-որ բիզնես պլաններ չունեն, առաջնային շուկայում բիզնես-պլաններն առկա են։

Առաջնային շուկայում գներն ավելի հարմար են՝ մասնավորապես եկամտահարկի վերադարձի առումով։ Հիմա երկրորդային շուկան շատ պասիվ է, այսինքն՝ խոսքը վերաբերում է այն բնակարաններին, որոնք գտնվում են հին շենքերում կամ վաղուց շահագործման հանձնված շենքերում են։

Այսօր բազմաթիվ նախագծեր կան, ու մարդիկ չեն կարող թանկացնել այդ գույքն ու վաճառել, մրցակցությունը առաջնային շուկայում մեծ է։ Երկրորդային շուկայում բնակարանների գները սկսում են նվազել»,- ընդգծեց նա։

Տեսանյութեր

Լրահոս