Իտալիայում մեկնարկել է G7-ի ղեկավարների գագաթնաժողովը
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ընդունել է աշխարհի ամենահարուստ 7 երկրների ղեկավարներին Մեծ յոթնյակի գագաթնաժողովին։ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները կքննարկեն Ուկրաինայում և Գազայի հատվածում ընթացող պատերազմները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
G7-ի գագաթնաժողովին են հրավիրված նաև Աֆրիկայի, Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների ղեկավարներ, որոնց հետ կքննարկվեն, այդ թվում, զարգացող երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերը։
Նախատեսվում է, որ այս տարվա գագաթնաժողովի ընթացքում G7-ի երկրները կհամաձայնեցնեն ծրագիր, համաձայն որի հնարավոր կլինի ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն օգտագործել Ուկրաինային միլիարդավոր դոլարի օգնություն տրամադրելու համար։
2022 թվականին Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների սկզբից ի վեր արտերկրում ռուսական սառեցված ակտիվների գումարը կազմում է մոտավորապես 300 մլրդ դոլար։ Երկրները չեն կարող հենց այդ գումարն օգտագործել Ուկրաինային աջակցություն տրամադրելու համար, սակայն այդ գումարի ներդրումը տարեկան շուրջ 3 միլիարդ դոլարի եկամուտ է բերում։
BBC-ն նշում է, որ գաղափարի էությունն այն է, որ միջազգային շուկաներից վերցվի վարկ, տարեկան 50 միլիարդ դոլար տրամադրվի Ուկրաինային, իսկ ռուսական ակտիվներից ստացված 3 միլիարդ դոլարի եկամուտն օգտագործվի այդ վարկի տոկոսները մարելու համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ G7-ի ընթացքում «կարևոր որոշումների» է սպասում։