
Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Իրանը մի քանի միջոցներ է ձեռնարկել Նաթանզի և Ֆորդոյի իր միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի նոր բանաձևի, որը պնդում է, թե Թեհրանն, իբր, բավարար չափով չի համագործակցում ՄԱԳԱՏԷ-ի հետ: Այս մասին հաղորդում է Իրանի Mehr գործակալությունը։
Ըստ գործակալության տեղեկատվության՝ դա պատասխան է եվրոպական երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի («եվրաեռյակ») «թշնամական գործողությունների»։ Նշված երկրներն են ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդին ներկայացրել բանաձևի նախագիծը, որը Թեհրանը համարում է քաղաքականացված և առճակատում հրահրող:
Հունիսի 5-ին բանաձևն ընդունվել է 20 կողմ ձայնով, դեմ են քվեարկել Ռուսաստանը և Չինաստանը։
Mehr-ը չի հստակեցնում, թե կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել Իրանը հիշյալ միջուկային օբյեկտներում։ Հայտնի է, որ Նաթանզի և Ֆորդոյի ձեռնարկությունները ներգրավված են, այդ թվում՝ ուրանի հարստացման գործընթացում: