Բոլորը գիտեն, ով է Նիկոլը. նա չի կարող Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին համարել դասալիքներ. Արթուր Մոսիյան

Երեկ խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ Արցախի, արցախահայերի և Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ, հազարերորդ անգամ հիշեցրեց, թե ՔՊ-ն ինչ բարի է ու ինչքան գումար է տվել Արցախին։

«Կրկին ուզում եմ անդրադառնալ այն գնահատականներին, որ Լեռնային Ղարաբաղին ՀՀ կառավարությունը թողել է մենակ։ Ուզում եմ նորից հիշեցնել, որ ՀՀ կառավարությունը 1 մլրդ դոլարից ավելի գումար է տվել Լեռնային Ղարաբաղին, և հիմա այդ մարդիկ կապիտուլյացիայից են խոսում։  Ովքեր իմ ասուլիսներում ԼՂ-ից լրագրողների միջոցով մեսիջներ էին ղրգում՝ ասելով, որ ԼՂ ժողովուրդը հերոսական է և մինչև վերջ կանգնելու է, և ոչ մի բան չենք զիջելու։ Ադրբեջանի կողմից գործողությունը սկսելուց ուղիղ երկու ժամ առաջ դողեդող զանգահարում էին ինձ ու ասում՝ մի բան արա, մենք այստեղից փախնենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ապա խոսքն ուղղելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ բարձրաձայն ասաց.

«Ձեր նշած գեներալները 2018-2019 թվականներին գիտե՞ք ինչ կենացներ են խմել իմ ներկայությամբ։ Ընդհանրապես ես սովոր եմ մարդկանց ասածներին լուրջ վերաբերվել»։

Կարդացեք նաև

Այս խոսքերից հետո իրավիճակը լարվեց, տեղից արձագանքեց Գեղամ Մանուկյանը, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս գալով՝ հայտարարեց.

«Գլուխները պատին են տվել, ասում եմ՝ վախկոտ դասալիքները, բոլոր վախկոտ դասալիքները պետք է հայտնվեն բանտերում և երկար տարիներ պետք է անցկացնեն բանտերում, և դա ՀՀ արժանապատվության հարցն է։ Վախկոտ դասալիքներ»,- ամբողջ ձայնի ուժով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և դողդողացող մատը թափ տալով՝ վերջին բառերը կրկնեց մի քանի անգամ։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ նախ ընդգծեց՝ իրեն հայտնի չէ այնպիսի արցախցի, որը նախորդ տարի սեպտեմբերին դիմած լինի Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իրեն դուրս բերի Արցախից։

«Իմ շրջապատում նման մարդիկ չեն եղել»,- նշեց Արթուր Մոսիյանը։

Նրա խոսքով՝ բոլորն են ճանաչում Նիկոլ Փաշինյանին և շատ լավ գիտեն, թե ով կամ ովքեր են դասալիքներ։

«Նիկոլ Փաշինյանը Բաքվի բանտերում գտնվողներին չի կարող համարել դասալիքներ, բոլորը գիտեն, թե ով է Նիկոլը։ Այդ մարդը երեկ ևս մեկ անգամ հայտարարեց, որ դեռ 2018 թվականին պետք է ասեր, որ Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչելու։ Հիմա արդեն ամբողջովին պարզ եղավ, որ նրան հենց սրա համար են բերել իշխանության։

Ես միշտ ասել եմ, որ Նիկոլն ու Ալիևը Արցախի հարցում խոսում են նույն լեզվով։ Սրանով ամեն ինչ ասված է»,- եզրափակեց Արթուր Մոսիյանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականին և դրանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն էր արդեն իշխանության ղեկին, հայտարարում էր, որ Արցախի հարցում ինքը ժողովրդից որևէ բան չի թաքցնելու և Արցախի հարցը պետք է լուծեն ժողովրդի հետ։ Այնուհետև հայտարարում էր, որ Արցախի հարցը պետք է այնպիսի լուծում ստանա, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար:  Իսկ արդեն 2019 թվականի ապրիլին հայտարարում էր, թե՝ «Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ սեփական կետից՝ սա շատ կարևոր նրբություն է: Որոշ ժամանակ անց բացահայտեց «սեփական կետի կարևոր նրբությունը»՝ հայտարարելով, թե Արցախի հարցի լուծման համար ինքը մանդատ չունի, հետևաբար՝ հարցը պետք է լուծի Արցախի ժողովուրդը։ Իսկ այդ հայտարարությունների կուլմինացիան եղավ այն, որ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը՝ առանց արցախահայերի կարծիքը և առհասարակ հայ ազգի կարծիքը հաշվի առնելու։

Տեսանյութեր

Լրահոս