
Եմենի հութիների հարվածից Կարմիր ծովում հունական նավ է վնասվել

Եմենի հութիները գրոհել և լրջորեն վնասել են հունական Tutor նավը Կարմիր ծովում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
«Իրանի աջակցությունը վայելող հութիների՝ առանց անձնակազմի վերջրյա ապարատը Կարմիր ծովում հարվածել է Լիբերիայի դրոշի ներքո ընթացող Tutor առևտրային նավին, որը Հունաստանի սեփականությունն է և նրա կառավարման ներքո է գտնվում։ Վերջերս Tutor-ը խարիսխ էր գցել Ռուսաստանում։ Հարվածի հետևանքով նավը սկսել է ջուր լցվել, վնասվել է շարժիչային հատվածամասը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ըստ հաղորդագրության, հութիներն արձակել են ևս երկու հականավային բալիստիկ հրթիռ, սակայն ո՛չ ամերիկյան, ո՛չ կոալիցիոն, ո՛չ առևտրային նավերը տուժածների կամ վնասի մասին չեն հայտնել:
Միևնույն ժամանակ նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում CENTCOM-ի ուժերը հաջողությամբ ոչնչացրել են հականավային թևավոր հրթիռների երեք արձակման կայանք Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող տարածքում, և մեկ անօդաչու թռչող սարք` Կարմիր ծովի երկնքում: