Ինչո՞ւ փոխըմբռնման հուշագիր․ ՀՀ-ն ու ԱՄՆ-ը հարաբերությունների նոր մակարդակը կձևակերպեն հուշագրով

Երևանում հունիսի 11-ին կայացավ Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության երկրորդ նիստը, որն ամերիկյան կողմից գլխավորեց փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի արդյունքներով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ուրվագծելով գալիք տարում կապերի խորացման տեսլականը, որը կձևակերպվի Փոխըմբռնման հուշագրով՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի:

Հայտարարության համաձայն, կողմերն ակնկալում են ուրվագծել առաջիկա ամիսներին մեր հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի կոնկրետ ուղղությունները։ Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ ՄԶԳ-ն մտադիր է աջակցել Հայաստանին մշակելու տրանսպորտային ռազմավարություն, որը կդրվի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկի» տեսլականի հիմքում՝ արդար ու հարատև խաղաղության միջոցով խրախուսելով և ամրապնդելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապակցվածությունը:

«Ամփոփիչ հանդիպման մասնակիցներն ընդգծել են ԱՄՆ աջակցության կարևոր դերը Հայաստանի պաշտպանական ոլորտի վերափոխման և իրավապահ համակարգի զարգացման նախաձեռնություններում, որոնց ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել աջակցել խորհրդատվական ծրագրերով, բանակ-բանակ շփումներով, Միջազգային ռազմական կրթական ու ուսուցողական (IMET) ծրագրի միջոցով մասնագիտական ռազմական կրթության հնարավորություններով և Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարաժամկետ պետական համագործակցության ծրագրով:

Կարդացեք նաև

Պատվիրակություններն ընդգծել են նաև համագործակցության կարևոր հանգրվաններից մեկը՝ «Արծիվ գործընկեր 2023» զորավարժությունը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները նաև ողջունել են 2024թ. մայիսին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև առաջին տարեկան շտաբային բանակցությունների մեկնարկը և պայմանավորվել են նախաձեռնել Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ՝ պաշտպանական համագործակցության նպատակները նախանշելու համար»,- ասված է համատեղ հայտարարությունում։

Նիստի մեկնարկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը հանդես եկավ խոսքով, աջակցություն հայտնելով ՀՀ-Ադրբեջան գործընթացին, հանուն տևական խաղաղության, որը, նրա խոսքով, կընդլայնի ռեգիոնի տնտեսական հնարավորությունները։ Նա նաև առանց Միջին միջանցք Ադրբեջանում օգտագործվող տերմինը կիրառելու՝ խոսեց Կենտրոնական Ասիան Միջերկրական ծովին կապող երթուղու մասին։ Նախկինում այդ ծրագրերին անդրադառնալիս Օ՛Բրայենը կիրառում էր հենց Միջին միջանցք և միջանցք տերմինաբանությունը, խոսելով Ադրբեջանի պահանջած երթուղուց։

«168 Ժամ»-ի հետ զրույցում, գնահատելով ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակ բարձրացնելու մասին կողմերի ակնարկները, վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ հայ-ամերիկյան հարաբերություններում իսկապես կա ակտիվություն, պայմանավորված այն շահերով, որոնք հետապնդում է ԱՄՆ-ը Հարավային Կովկասում, իսկ Հայաստանի կողմից պայմանավորված այն մարտահրավերներով, որոնք կան անվտանգության ոլորտում։

«Փոխըմբռնման հուշագիրը, իհարկե, դրական է, սակայն դա ամենևին չի նշանակում, որ հարաբերությունները միանգամից վերածվում են ռազմավարականի, դա երկար ճանապարհ է, ինչպես նաև նման բնույթի հարաբերությունները ենթադրում են մշակված փաստաթուղթ, ինչպիսին ունեն Հայաստանն ու Ռուսաստանը, ինչպիսին Վրաստան-ԱՄՆ հարաբերություններն են, թեև Վրաստանն ԱՄՆ-ի հետ գործընկերության խարտիա ունի ստորագրած, իսկ ռազմավարական երկխոսությունը շարունակվում է։ Սակայն հուշագիրը պարզապես արձանագրում է, դա հայտարարություն է, որը վճռական նշանակություն չունի»,- ասաց Մենաղարիշվիլին։

Նրա կարծիքով, բացի ֆորմալ կողմը, իհարկե, կարևոր է բովանդակությունը։ «Համագործակցությունը կարող է կոչվել ռազմավարական, ցանկության դեպքում կարող է նաև համաձայնագիր ստորագրվել, սակայն այն պետք է ունենա կողմերի շահերը բավարարող բովանդակություն։ Այս դեպքում, կարծում եմ, ՀՀ-ն ունի հստակ ակնկալիքներ անվտանգության ոլորտում և այդ մասով դեռ պետք է բովանդակություն ձևավորվի»,- ասաց վերլուծաբանը։

Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն էլ իր հերթին՝ ասաց, որ Արևմուտքը բոլոր հնարավոր եղանակներով Հայաստանին մղում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման, այդ թվում՝ ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից ելքի։ Սակայն, նրա որակմամբ, այդ ամենն արվում է լուրջ քայլեր իմիտացնելով։

«Իրականում Հայաստանի նման երկրին արտաքին քաղաքական նման աղմկոտ շրջադարձի և նման ծանրակշիռ քայլի համար կարող էին շռայլ աջակցություն տրամադրել մի շարք ոլորտներում, ինչպես նաև անվտանգության, սակայն ինչպես Բրյուսելում Փաշինյանի հետ ԱՄՆ պետքարտուղարի ու ԵՄ ղեկավարի հանդիպումից պարզ դարձավ, Արևմուտքը հակված չէ լրջորեն օգնել Հայաստանին։

Սակայն այստեղ դա փաստորեն էական հանգամանք չէ, քանի որ ՀՀ-ին դա բավարար է, ՀՀ-ի համար արևմտյան աջակցությունը, եվրոպացի դիտորդները և նրանց հայտարարությունները բավարարում են։ Ուստի ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ևս կարող է լուրջ հիմք ու բովանդակություն չունենալ, ինչը, իհարկե, կբխի ԱՄՆ-ի շահերից, քանի որ, ի վերջո, ԱՄՆ-ը իր առջև դրված խնդիրները կատարում է, իսկ Հայաստանը, կարծում եմ, որ ոչ»,- ասաց նա։ Իսկ փոխըմբռնման հուշագրի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը, նրա կարծիքով, հերթական իմիտացիան է Արևմուտքի կողմից, որպեսզի օր առաջ կայանա Երևան-Բաքու խաղաղության շուրջ վերջնական համաձայնությունը։ «Ընդգծեմ, որ Արևմուտքը այս ամենը ցանկանում է վերածել ստատուս-քվոյի օր առաջ, հաշվի առնելով, որ ուկրաինական թատերաբեմում իրավիճակի հնարավոր ոչ բացասական ելքերը ՌԴ-ի համար հետագայում կարող են թույլ չտալ, որպեսզի Հարավային Կովկասում շարունակվի այն, ինչ այսօր տեղի է ունենում, ուստի փորձում են այդ ամենը դարձնել անշրջելի։ Սա հերթական ակտն է»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս