Հաջորդ քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Փաշինյան
ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում հաջորդ տրամաբանական քայլը լինելու է կազմակերպությունից դուրս գալը։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ հիշեցնել, որ կառավարության մեր ծրագրում մենք չենք ասել, որ մնալու ենք ՀԱՊԿ անդամ։ Մենք ասել ենք՝ հարցեր ունենք, որոնց պատասխանների հետևից գնալու ենք։ Ե՞րբ դա տեղի կունենա` կորոշենք, հնարավոր է՝ մեկ ամիս, հնարավոր է՝ մեկ տարի, հնարավոր է՝ 3 տարի»,- ասաց Փաշինյանը։
Նա կազմակերպությանը մեղադրեց Հայաստանի անվտանգության հարցում անգործություն դրսևորելու մեջ։
«Մենք ստացել էինք հավաստիացում, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է կազմակերպության և դաշնակիցների համար, բայց երբ 2021 թ. մայիսի 12-ի (նկատի ունի Ադրբեջանի հարձակումը Սյունիքում և Գեղարքունիքում) ներխուժմանը չհետևեց ՀԱՊԿ-ի պատշաճ արձագանքը, կառավարության ծրագրում մենք արդեն շատ նրբորեն կասկածի տակ դրեցինք ՀԱՊԿ-ի արդյունավետության հարցը»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ դրանից հետո կառավարությունը անցավ շատ կոնկրետ աշխատանքի` բանակցություններ, քննարկումներ, նիստեր, ինչի արդյունքում էլ հասկացավ, որ ՀԱՊԿ-ը, որի պարտավորությունը այդ թվում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, հրաժարվում է կատարել իր պարտականությունները։