«Գիշերը Դեբեդը կրկին վնասել է հետիոտնային կամուրջը, անձրևների շարունակվելու դեպքում մեծ վտանգ կա, որ կրկին նույն վիճակը կլինի». Քարկոփի վարչական ղեկավար
Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ամենաշատ վնասներ կրած Քարկոփ գյուղում բնակիչների վերադարձի համար դեռ չկան պայմաններ։ Գյուղի տները տիղմից մաքրվել են, սակայն ջուր չկա, մի քանի բնակիչ ստիպված վերադարձել են գյուղ, քանի դեռ մնալու տեղ չունեն։ Իսկ մեծ մասը վարձով տներ է գտել Այրում քաղաքում ու այլ վայրերում, մինչև գյուղում ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ վերադարձի համար։
168.am-ի հետ զրույցում Քարկոփի վարչական ղեկավար Հերմինե Պետրոսյանն ասաց, որ այս գիշեր Դեբեդը վնասել է հեղեղումներից հետո տեղադրված հետիոտնային կամուրջը։
«Գիշերը հետիոտնային կամուրջը Դեբեդը կրկին վնասել է, հիմա մեծ վտանգ կա, որ, եթե անձրևները մի քանի օր շարունակվեն, գյուղում կրկին նույն վիճակը կլինի՝ հեղեղումներ։
Տներն այս պահին տիղմից մաքրել ենք, այգիների տիղմերն ենք փորձում մաքրել, բայց անձրևները խանգարում են։
Ինքս Շնող գյուղում էի, հետո Ախթալա եմ եկել՝ Մեծ Այրում, ու Ճոճկանով եմ իջել Քարկոփ, շատ մեծ դժվարությամբ։ Գյուղ այդ ճանապարհով պետք է այս պահին հասնեն»,- նշեց Քարկոփի ղեկավարը։
Ըստ Հերմինե Պետրոսյանի, բնակչության շրջանում մեծ լարվածություն և խուճապ կա, քանի որ տեսնում են, որ արդեն վարարում կա։
«Գյուղի կրած վնասների չափը դեռևս հաշվարկված չէ, ընթացքի մեջ է»,- նշեց Հերմինե Պետրոսյանը։
Հիշեցնենք, մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հորդառատ անձրևի հետևանքով վարարել էին Դեբեդ, Աղստև գետերը և Լոռվա ու Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում ստեղծվել էր աղետալի իրավիճակ։ Հեղեղումների հետևանքով, պաշտոնական տվյալներով՝ կա 4 զոհ։ Բազմաթիվ բնակավայրերում մասամբ կամ ամբողջովին վնասվել են ճանապարհները, կամուրջները։ Հեղեղը քշել-տարել է բազմաթիվ այգիներ։ Թեպետ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ միայնակ կարող է վերացնել աղետի հետևանքները, սակայն պաշտոնատար բազմաթիվ անձանց մակարդակով կոչ է արվել կամավորագրվել ու մեկնել աղետի գոտի՝ բնակիչներին օգնելու համար։ Շատերը՝ առանց այդ հորդորի, երկրորդ օրն արդեն աղետի գոտում էին և օգնություն էին ցուցաբերում բնակչությանը։