Բաժիններ՝

Ամենամեծ վնաս կրած համայնքներից մեկը Ալավերդին է. 6-7 գյուղի կապը կտրված է Ալավերդուց. Դավիթ Թորոսյան

Լոռու և Տավուշի մարզում շարունակում են գույքագրել կրած վնասները, որոնք ահռելի չափերի են հասնում, ինչպես վերջին օրերին 168.am-ի հետ զրույցներում ասել են շատ համայնքների ու գյուղերի ղեկավարներ։

Մայիսի 25-ի գիշերը, լույս 26-ի ցերեկը Դեբեդի, Աղստևի վարարման հետևանքով մեծ վնաս են կրել Տավուշի ու Լոռու մարզերի մի շարք բնակավայրեր, կան գյուղեր, որոնք ամբողջովին անցել էին ջրի տակ։ Փլուզվել են բազմաթիվ կամուրջներ, ճանապարհներ, որի հետևանքով բազմաթիվ գյուղեր հայտնվել են մեկուսացման մեջ։

168.am-ի հետ զրույցում ռազմական լրագրող, «Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը, որ Ալավերդի համայնքից է և այս պահին գտնվում է Լոռու մարզում, որոշ մանրամասներ փոխանցեց՝ որպես ականատես։

Նրա բնորոշմամբ՝ Լոռիում, մասնավորապես՝ Ալավերդի քաղաքում, իսկական աղետ է, ամենամեծ վնաս կրած համայնքներից մեկը հենց Ալավերդին է։

Կարդացեք նաև

«Ես երիտասարդ եմ, չեմ հիշում, որ նման դեպք եղած լինի Լոռիում։ Ավելի մեծ տարիքով մարդիկ պատմում են, որ 1970 թվականին է Լոռիում նման մեծ ջրհեղեղ եղել։ Լուսանկարներ էլ կան պահպանված, բայց երբ համեմատում ենք այժմ եղած իրավիճակի հետ, աղետի իրավիճակները անհամեմատելի են, այժմ վիճակն ավելի վատ է։
Ենթակառուցվածքային առումով բոլոր գյուղերը, մասնավորապես՝ Ալավերդին, ահռելի վնասներ են կրել։ Բագրատաշենի հատվածում ևս ջրածածկումներ կան»,- նշեց Դավիթ Թորոսյանը։

Ալավերդիում այս պահին հեռախոսային, ինտերնետ կապ չկա, ենթակառուցվածքները փլուզված են։
«Ալավերդու տարբեր հատվածներում եմ եղել, նաև Թումանյան թաղամասում ամենամեծ փլուզումներից մեկն է եղել, այդ թաղամասի շենքերի առաջին հարկերում, պատկերասրահում, ճոպանուղու հարակից հատվածում եմ եղել, որտեղ շատ մեծ փլուզում կա։ Սանահինի «Կայարան» թաղամասում ևս իրավիճակն աղետալի է՝ ամբողջովին քանդված կամուրջ, ամբողջովին տիղմով լցված տներ։ Կամուրջը, որն այդ թաղամասը կապում է «Կամչատկա» թաղամասի հետ, ամբողջովին փլված է՝ երկաթե կոնստրուկցիան տեղում չէ։

Եղել եմ նաև այն հատվածներում, որտեղից փրկարարներն անհրաժեշտ սնունդ, ջուր են հասցնում արգելափակված քաղաքացիներին։


Եթե չեմ սխալվում, 6-7 գյուղ առհասարակ կտրված է Ալավերդու հետ կապից։ Ահա այսպիսին է իրավիճակ։ Դրանք այն գյուղերն են, որոնք գտնվում են Դեբեդի ձախ ափին։ Քարկոփի, Ախթալայի կամուրջները փլուզված են հիմնովին»,- ընդգծեց Դավիթ Թորոսյանը։

Նա նաև փոխանցեց, որ կտրված գյուղեր հասնելու համար այս պահին փորձում են ստեղծել անտառային ճանապարհներ։

Տեսանյութեր

Լրահոս