Աղետից հետո գյուղը դեռ ապրելու համար հարմարություններ չունի՝ չկա գազ, ջուր, կոյուղի. Քարկոփի վարչական ղեկավար
Լոռու մարզի Քարկոփ գյուղում հեղեղումների հետևանքները վերացնելու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի, գոցե մի քանի ամիս, քանի որ գյուղում տները, այգիները, ամեն ինչ վնասված է։
Մայիսի 25-ի լույս 26-ի հեղեղումներից ամենաշատը տուժել է Քարկոփ գյուղը, հեղեղումների հետևանքով գյուղում չկա լույս, գազ, կոյուղի, բոլոր տների առաջին հարկերը շարունակում են մնալ տիղմի մեջ, չնայած հսկայական աշխատանք է կատարվել և տիղմի մի մասը հանվել է։
168.am-ի հետ զրույցում Քարկոփի վարչական ղեկավար Հերմինե Պետրոսյանն ասաց, որ բնակիչներ մեծ մասը գյուղ չի վերադարձել, ընդամենը չորս ընտանիք է վերադարձել, որոնք երկու-երկու ընտանիքներով են ապրում։
«Այս պահին ԱԻՆ աշխատակիցները մեծածավալ մաքրման աշխատանքներ են կատարում, համայնքապետն այդ աշխատանքները վերահսկում է։ Այս պահին կոյուղի, գազ ու ջուր դեռ չունենք, հետիոտնային կամուրջն են փորձում վերականգնել, այսօր կամ վաղն այն պատրաստ կլինի, բայց գյուղը դեռ ապրելու համար հարմարություններ չունի։ Հատկապես երեխաներով ընտանիքներն առայժմ չեն կարողանալու գյուղում ապրել, մինչև ամբողջովին աշխատանքները չավարտվեն։
Ախտահանում ենք նաև ամբողջ տարածքը»,- նշեց Հերմինե Պետրոսյանը։
Նա ընդգծեց, որ նույնիսկ մոտավորապես չի կարող ասել, թե գյուղն ինչքան վնաս է կրել, քանի որ հաշվարկները դեռ ընթացքի մեջ են, բայց վնասի չափն ահռելի է։
«Գույքագրումը շարունակվում է։ Գյուղի բնակիչների համար շորեր են օգնություն բերել ու բաժանել։ Տների առաջին հարկերում ամեն ինչ ոչնչացվել է, որևէ բան չի մնացել՝ սկսած գույքից։ Ամեն ինչ մնացել է տիղմի մեջ։ Աշխատանքները շատ են, գործի վերջը դեռևս չի երևում»,- եզրափակեց Հերմինե Պետրոսյանը։
Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հորդառատ անձրևի հետևանքով վարարել էին Դեբեդ, Աղստև գետերը և Լոռվա ու Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում ստեղծվել էր աղետալի իրավիճակ։ Հեղեղումների հետևանքով պաշտոնական տվյալներով կա 4 զոհ։ Բազմաթիվ բնակավայրերում մասամբ կամ ամբողջովին վնասվել են ճանապարհնեըր, կամուրջները։ Հեղեղը քշել-տարել է բազմաթիվ այգիներ։ Թեպետ ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ միայնակ կարող է վերացնել աղետի հետևանքները, սակայն պաշտոնատար բազմաթիվ անձանց մակարդակով կոչ է արվել կամավորագրվել ու մեկնել աղետի գոտի՝ բնակիչներին օգնելու համար։ Շատերը՝ առանց այդ հորդորի, երկրորդ օրն արդեն աղետի գոտում էին և օգնություն էին ցուցաբերում բնակչությանը։