Իսրայելը Լիբանանում սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք է օգտագործել. Human Rights Watch
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Իսրայելը 2023 թ. հոկտեմբերից ի վեր սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերք է օգտագործել Լիբանանի հարավում՝ «լուրջ վտանգի տակ դնելով քաղաքացիական անձանց և նպաստելով նրանց տեղահանմանը»: Այս մասին իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել իր կայքում:
«Human Rights Watch-ը հաստատել է 2023 թ. հոկտեմբերից ի վեր իսրայելական զորքերի կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի օգտագործումը Լիբանանի հարավային առնվազն 17 մունիցիպալիտետներում, այդ թվում՝ հինգ մունիցիպալիտետում, որտեղ օդում պայթող զինամթերքն անօրինական կերպով կիրառել են բնակելի շրջաններում», – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Իրավապաշտպան կազմակերպությունը նման եզրակացությունների է հանգել հարավային Լիբանանի ութ բնակիչների հետ հարցազրույցներ անցկացնելուց հետո, ինչպես նաև դիտարկելով երկրի այս հատվածից արված շուրջ հինգ տասնյակ լուսանկարներն ու տեսանյութերը:
Նշվում է, որ հինգ մունիցիպալիտետներում օդում պայթած ֆոսֆոր պարունակող զինամթերքն ընկել է բնակելի շենքերի տանիքներին։ Բնակավայրերից մեկի ղեկավարը հայտնել է, որ արդյունքում երկու մարդ շնչահեղձությամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Կազմակերպության տվյալներով՝ սպիտակ ֆոսֆորի կիրառման պատճառով Լիբանան-Իսրայել սահմանի մի շարք գյուղերի բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց մշտական բնակության վայրերը։
Կազմակերպությունը մեջբերում է Լիբանանի առողջապահության նախարարության տվյալները, որոնց համաձայն՝ մայիսի 28-ի դրությամբ սպիտակ ֆոսֆորի ներգործությունից առնվազն 173 մարդ է տուժել 2023 թ. հոկտեմբերից ի վեր: