ԱՄՆ քաղաքական գիծը Թայվանի հարցում չի փոխվել. Սպիտակ տուն
ԱՄՆ մոտեցումը Թայվանի հարցում չի փոխվել, Վաշինգտոնը նախկինի պես կողմնակից է «մեկ Չինաստան» քաղաքականությանը։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը Պեկինի դեմ ուժ գործադրելու պատրաստակամության վերաբերյալ։
«Այդ նույն հարցազրույցում, անգամ գուցե նույն պարբերությունում, նախագահն ասել է, որ քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ Միացյալ Նահանգները կողմնակից է «մեկ Չինաստան» քաղաքականությանը, նա հետեւողական եւ համոզիչ է այն հարցում, որ մեր քաղաքականությունը չի փոխվել»,- նշել է Սալիվանը՝ արդեն Ֆրանսիա թռչող Բայդենի նախագահական ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին։ Այնտեղ հասնելուն պես ԱՄՆ նախագահը մտադիր է մասնակցել Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին, ինչպես նաեւ բանակցել նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Մինչ այդ Բայդենը Time ամսագրի հարցազրույցում չէր բացառել ամերիկյան զինված ուժերի օգտագործումը Թայվանի պաշտպանության համար՝ Չինաստանի ներխուժման դեպքում։ Ընդ որում, ԱՄՆ նախագահը չէր պատասխանել, թե արդյոք Վաշինգտոնը մտադիր է այդ դեպքում հարվածներ հասցնել Ֆիլիպինների եւ Ճապոնիայի իր բազաներից։