Մարտի 1-ի ամենակատարյալ, ամենացցուն օրինակները ներկայացված են այդ ստախոսի դեմքով. մենք իր նման չենք ասել՝ ժողովուրդ, փայտեր, երկաթներ վերցրեք, սիրտս փառավորվեց. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցներն Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու բակից երթով շարժվել են ՀՀ Քննչական կոմիտե:
Նշենք, որ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր. «Փաստում ենք, որ մայիսի 31-ին ԱԳՆ վարչական շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի փաստով ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել։ Դա նշանակում է, որ 72 ժամը լրանալուն պես նրանք պետք է ազատ արձակվեն Երևանի, Մասիսի ու Աբովյանի ՁՊՎ-ներից։ 72 ժամը լրանում է այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 15:30-ին (մի քանի անձի պարագայում՝ 17:00-ին)»:
Իսկ Բագրատ Սրբազանը Քննչական կոմիտեի մոտ ասել է, որ իրենց այնտեղ գտնվելու նպատակը մեկն է՝ իրենց ընդվզումը ներկայացնել տեղի ունեցած ամբողջ ընթացքում արձանագրված դեպքերի առնչությամբ:
«Եկել ենք հասկանալու՝ Քննչական կոմիտեն գործում է միայն քաղաքացիների՞ դեմ, թե՞ նաև գործողություններ ունի ձեռնարկած այն բոլոր ոստիկանական գործողությունների դեմ, որոնք իրականացվել են այս ընթացքում։ Մեզ համար անընդունելի են այն գործողությունները, երբ 40 հոգի խուլիգաններ, որոնք ներդրված են կամ հատուկ ստեղծված են, կարող են մարդ խոշտանգել, ծեծել ու պատասխան չտալ դրա համար, դրանք ոստիկանական շարքերի՞ց են, թե՞ ոչ։ Ասում են՝ ծառայողական քննություններ են արել, բայց հստակ չէ՝ ինչ են արել, ում նկատմամբ, այն դեպքում, երբ իրենց գործողությունները քրեական գործերի առիթ են»,- շեշտել է նա:
Միաժամանակ, Բագրատ Սրբազանը հայտարարել է՝ նրանք, ովքեր իրենց շարքերից որևէ ձևով անօրինական գործողությունների կդիմեն՝ նրանք կապ չունեն շարժման հետ, նրանք ներդրված մարդիկ են, դրանց մասին վկայություններ կան:
Սրբազանը շարունակել է, որ իրենք պահանջում են, որ ՔԿ-ից Քյարամյանը կամ որևէ այլ պաշտոնյա իջնի քաղաքացիների հետ հանդիպելու։
«Ես չեմ հասկանում՝ այսքան ոստիկաններն ինչի համար են այստեղ։ Հարց չի՞ առաջանում, ինչի՞ համար են այստեղ։ Ահաբեկելո՞ւ համար։ Մեզ ոչ ոք չի կարող ահաբեկել։ Անցել են այդ ահաբեկման ժամանակները, վախեցնելու ժամանակները։ Այն սուտասանը ոստիկանական շարքերը հանել է ժողովրդի դեմ։ Մենք այդ գաղթակղությանը տեղիք չպիտի տանք, մենք առավելագույն զսպվածություն պիտի ունենանք, որ այդ մարդուն հաճույք չպատճառենք։ Նա ուզում է արյուն տեսնել: Նրա սիրտը դա է ուզում: Արդեն իսկ շրջանառում են, Մարտի 1-ի մասին են խոսում, և այլն: Մարտի 1-ի ամենակատարյալ, ամենացցուն օրինակները ներկայացված են հենց այս օրվա՝ այդ ստախոսի դեմքով: Մենք իր նման չենք ասել՝ ժողովուրդ, փայտեր, երկաթներ վերցրեք, սիրտս փառավորվեց: Ես տեսել եմ այդ արյուն ցանկանալու դեպքերն Իջևանում»:
Մանրամասները՝ տեսանյութում