Հայաստանը պատրաստակամ է խորացնել Լյուքսեմբուրգի հետ համագործակցությունը առանց որևէ սահմանափակման․ Ալեն Սիմոնյան
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի այցը Հայաստան վկայում է Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ամուր և աճող հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի անվտանգային մարտահրավերների նկատմամբ ոչ միայն անտարբեր չլինելու, այլև դրանց հասցեագրման գործում ներդրում ունենալու պատրաստակամության մասին։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ պարոն Վիզլերը և այստեղ ներկա գտնվող մյուս գործընկերներն այն մարդիկ են, որոնց ջանքերով Լյուքսեմբուրգի դիրքորոշումը շատ հստակ է Հայաստանին վերաբերող հարցերում, ինչի համար շնորհակալ ենք։
Սրա վկայությունն է Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի կողմից այս այցին ընդառաջ ընդունված Հայաստանին աջակցող ընդարձակ բանաձևը, որն անդրադառնում է Հայաստանի համար կարևորություն ունեցող մի շարք հարցերի, այդ թվում՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման աշխատանքների շարունակական, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի պարտադիր ուժ ունեցող որոշման կատարման ու Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու կարևորությանը։
Բանաձևը դատապարտում է նաև Ադրբեջանի չհիմնավորված և չարդարացված ռազմական գործողության արդյունքում ավելի քան 100 հազար հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից, ընդգծում Հայաստան-ԵՄ, Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների խորացման կարևորությունը»,- ասաց Սիմոնյանը։
Հայաստանի ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել է բանաձևում ներկայացված տեսլականի մանրամասները՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու Լյուքսեմբուրգի հետ համագործակցությունը առանց որևիցե սահմանափակման՝քաղաքական երկխոսությունից մինչև պաշտպանական համագործակցություն, դիվանագիտական հարաբերությունների խորացումից մինչև կրթական, գիտական, նորարարության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմամբ։