Բաժիններ՝

Թեհրանում սկսվել է նախագահ Ռայիսիի հուղարկավորության արարողությունը

Սգո թափորը վաղ առավոտից հավաքվել է Թեհրանի համալսարանում, որպեսզի ներկա գտնվի ուղղաթիռի վթարում զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության 7 անդամների հուղարկավորության արարողությանը։

Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ննջեցյալներին նվիրված ծիսական աղոթք է կարդացել հուղարկավորության արարողության ժամանակ։

Թեհրանի համալսարանից սգո թափորը կգնա Ազատության հրապարակ։

Մայիսի 22-ի երեկոյան Թեհրանում զոհերի հիշատակության արարողությանը ներկա կգտնվեն օտարերկրյա պաշտոնյաներ և բարձրաստիճան պատվիրակություններ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:

Նախքան 8 հանգուցյալների մարմինները Թեհրան տեղափոխելը մայիսի 21-ին հուղարկավորության առանձին արարողություններ են տեղի ունեցել Թավրիզում և Ղոմում։

Մայիսի 23-ի կեսօրին նախագահ Էբրահիմ Ռայիսին կհուղարկավորվի Իրանի հյուսիս-արևելյան Մաշհադ քաղաքում, որտեղ գտնվում է Իմամ Ռեզայի դամբարանը։

Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։ Իրանում 5-օրյա սուգ է հայտարարվել։

Համաձայն երկրի սահմանադրության 131-րդ հոդվածի՝ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը ժամանակավորապես ստանձնել է նախագահի պարտականությունները։ Երկրում նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 28-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս