Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահի և ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 20-ին ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյիդ Իբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։
Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական կենտրոնի տարածած հաղորդագրությունից, Նորին Սրբությունը հանուն Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության վշտակցությունն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին` հայցելով, որ Բարձրյալը զորավիգ լինի Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ հաղթահարելու դժվարին փորձությունը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։