
Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ևս երեք պաշտպանական կոնցեռնների նկատմամբ

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան պաշտպանական ևս երեք կոնցեռնների նկատմամբ։ «Անվստահելի ձեռնարկությունների» ցանկում հայտնվել են Boeing ընկերության պաշտպանական և տիեզերական ստորաբաժանումները, ինչպես նաև General Atomics Aeronautical Systems-ը և General Dynamics Land Systems-ը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Չինաստանի առևտրի նախարարությունը։
Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ ամերիկյան այս ընկերությունները սպառազինություն են մատակարարում Թայվանին: Նշված ընկերություններին արգելվել է նոր ներդրումներ կատարել Չինաստանում, իսկ նրանց ղեկավարներին արգելվում է մուտք գործել Չինաստան։
Չինաստանը վերջին ժամանակներս մի շարք պատժամիջոցներ է սահմանել Թայվանին զենք մատակարարող ամերիկյան ձեռնարկությունների դեմ։ Դեռ 2023 թ. սեպտեմբերին պատժամիջոցներ են սահմանվել Lockheed Martin-ի և Northrop Grumman-ի նկատմամբ։ Հունվարին սև ցուցակը համալրել է ևս հինգ ամերիկյան ընկերություն։