Վրաստանի խորհրդարանը մտադիր է հաղթահարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի դրած վետոն
Վրաստանի խորհրդարանը կկարողանա հաղթահարել հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն, որը նա դրել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Դե իհարկե, խորհրդարանը կհաղթահարի այդ վետոն, քանի որ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ օրենքը վրացական է», – Պապուաշվիլիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Խորհրդարանի նախագահը հստակեցրել է, որ մայիսի 20-ին տեղի կունենա խորհրդարանի բյուրոյի նիստ, որտեղ կգրանցվի նախագահի վետոն և կներկայացվի իրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանը։ Այն բանից հետո, երբ հանձնաժողովը կդիտարկի վետոն, այն քվեարկության կդրվի լիագումար նիստում։
Մայիսի 18-ին Զուրաբիշվիլին վետո է դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա՝ հայտարարելով, որ այն պետք է չեղարկել, քանի որ այն հակասում է եվրոպական չափորոշիչներին և ենթակա չէ ճշգրտման։
Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որի պատճառով ԵՄ-ն հայտարարել է, որ դա կարող է խոչընդոտել երկրի ինտեգրմանը Եվրամիությանը։ Դեռ նախքան օրենքի ընդունումը Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ վետո կդնի դրա վրա։ Օրենքի ընդունման դեմ Թբիլիսիում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել, որոնք նաև ուղեկցվել են իրավապահների հետ բախումներով։