
Լիբանանում եռօրյա սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին երկրում պաշտոնապես եռօրյա սուգ է հայտարարել ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հիշատակին։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
«Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության ողբերգական մահվան կապակցությամբ պաշտոնական սուգը կշարունակվի երեք օր», – նշված է վարչապետի հատուկ կարգադրության մեջ։
Բացի այդ, ըստ կարգադրության, ռադիոյի և հեռուստատեսության ծրագրերը կփոխվեն ցավալի իրադարձությանը համապատասխան։
Ավելի վաղ ծանր կորստի կապակցությամբ Իրանի ժողովրդին ցավակցություն էր հայտնել շիաների «Հեզբոլլահ» կուսակցությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ զոհված նախագահ Ռայիսին «դիմադրության ճակատի անսասան կողմնակիցն էր և Երուսաղեմի ու Պաղեստինի տոկուն պաշտպանը»: