Կարո՞ղ ենք այդ քարտեզներին հասանելիություն ունենալ, թե՞ ոչ, ի՞նչն է գաղտնի, ինչպե՞ս կարող է պետության սահմանը լինել գաղտնի. ՀԽՍՀ սահմանն այլևս պետական սահման է, ի՞նչն ենք ճշտում, ի՞նչն ենք վիճարկում. Գրիգոր Մուրադյան
«Երբ գաղութատիրական կայսրությունը փլուզվում է, այն սահմանները, որոնք վարչական էին, գաղութների միջև, ինքնաշխատ ձևով դառնում են միջազգային սահմաններ։ Այս սկզբունքն Արևմուտքը փորձել է տարածել Հարավսլավիայի և Խորհրդային Միության վրա։ Ըստ իս, սա է Ալմա Աթայի հռչակագրի հիմքում դրա գաղափարը և իմաստը։ Բայց այդ սկզբունքը չի դարձել միջազգային իրավունքի սկզբունք, որովհետև հենց Արևմուտքն է դա խախտել Կոսովոյի անկախությամբ։ Չնայած իրենք կարող են պատճառաբանել, թե դա բացառիկ դեպք էր, նմանը չունեցող, և դա չի խախտում ընդհանուր սկզբունքը: Իրենք սիրում են այս սխոլաստիկ, դատարկ վեճերը։ Այդ տեսանկյունից չստացվեց գաղութատիրական կայսրություններից դուրս այդ սկզբունքն արմատավորել՝ որպես միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունք, որը բոլոր երկրների կողմից ճանաչված է»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ, ՍԴ նախագահի նախկին խորհրդական Գրիգոր Մուրադյանը՝ անդրադառնալով Ալմա Աթայի հռչակագրին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, ընդունելով այդ սկզբունքը, Ալմա Աթայի հռչակագրով իր հավատարմությունն է հայտնել՝ որպես ԽՍՀՄ շարունակող, ոչ թե իրավահաջորդ, միջազգային իրավասուբյեկտայնությունը շարունակող։
«Այդպես է ընկալվում Ռուսաստանը։ Մենք ենք իրավահաջորդը ԽՍՀՄ-ի, Ռուսաստանը չէ, միջազգային իրավունքի տեսանկյունից նա շարունակողն է։ ՌԴ-ն հայտնելով իր հավատարմությունն այս սկզբունքին, կտրուկ խախտել է այն նույն Ուկրաինայում՝ պայմանական ասած։ Նույն միջինասիական պետություններն են այս սկզբունքը խախտել, սահմանային վեճերով բախումների պարագայում։ Այսինքն՝ եթե դա լիներ այդպիսի սկզբունք, որը ճանաչված կլիներ առնվազն այս տարածաշրջանում կամ ԽՍՀՄ նախկին տարածքում, այդ սկզբունքը կլիներ անխախտելի։ Այս սկզբունքին հղումը, եթե դա սրանց համար համադարման է, միջազգային իրավունքի տեսանկյունից չարմատավորվեց»,- ասաց Գրիգոր Մուրադյանը։
Վերջինս նշեց՝ այդ սկզբունքը գաղութատիրական կայսրությունների ժամանակ արմատավորվեց և կիրառվեց, բայց հետխորհրդային ու հետհարավսլավիական տարածքում Արևմուտքը, որ առաջ էր մղում այդ սկզբունքն իր շահերից ելնելով, չարմատավորվեց։ Հետևաբար՝ Ալմա Աթայի հռչակագիրն այդ իմաստով հռչակագրային փաստաթուղթ է։
«Իհարկե, կա հիմնարար սկզբունք, սահմանների անխախտելիության, տարածքային ամբողջականության, բայց եթե մենք խոսում ենք վիճելի սահմանների մասին, այդ սկզբունքը չի բացառում վիճելի սահմանները և ամենակարևորը՝ չի բացառում ինքնորոշման իրավունքը։
Հարց եմ տալիս՝ Ադրբեջանն ինչպե՞ս է անկախացել ԽՍՀՄ-ից, չնայած այնտեղ կար հիմնական պետության՝ մայր պետության համաձայնությունը, բայց եթե չլիներ էլ, չէ՞ որ նա ինքնորոշման իրավունքի հիման վրա է անկախացել։ Այդ նույն իրավունքը նաև կիրառելի է ազգային փոքրամասնությունների նկատմամբ, իսկ բացառիկ դեպքերում լեգիտիմացնում է նրանց անջատումը մայր պետությունից։ Շատերն ասում են, որ կա հակասություն երկու սկզբունքների միջև, բայց որևէ հակասություն չկա։ Անջատումը բացառիկ դեպք է, մեր խնդիրն էր՝ հիմնավորել, և մենք հիմնավորում էինք, որ այո՛, սա այդ դեպքն է։ Վառ օրինակ է Կոսովոն, դե, ուրեմն Կոսովոն լեգիտիմ կազմավորում չէ, պետություն չէ և ճանաչումը չի որոշում՝ պետությո՞ւն ես, թե՞ ոչ»,- նշեց միջազգային և սահմանադրական իրավունքի մասնագետը։
Ինչ վերաբերում է Ալմա Աթայի հռչակագրին, Գրիգոր Մուրադյանը նկատեց՝ այն վերաբերում է գոյություն ունեցող սահմաններին։
«Այսինքն՝ այս դեպքերում ի՞նչ սակարկելու մասին է խոսքը, կան գոյություն ունեցող սահմաններ։ Եթե անգամ իրենց տրամաբանության մեջ գործենք, խոսքը գոյություն ունեցող սահմանների մասին է, ՀԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ սահմանների։ Վարչական սահմանը դառնում է պետական սահման։ Թեև այդ հռչակագիրը վավերացվել է, բայց այդ անխախտելիության մասին հիշատակվում է նախաբանում, որովհետև նորմատիվ մասում այլ բաների մասին է խոսքը. այդ թվում՝ ատոմային զենքի հետ կապված վերահսկողության, ԽՍՀՄ-ի վերջնական փլուզման և այլն։ Այսինքն՝ դա պրիամբուլա է, հռչկագրային դրույթներ են, որոնք կարող են կիրառվել մեկնաբանելիս։ Ընդ որում, ամենկարևորը՝ այնտեղ հիշատակվում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը, որի հիման վրա, սա հատուկ շեշտում եմ չհասկացողների համար, ԱՊՀ երկրները կառուցում են իրենց փոխհարաբերությունները։ Բայց մնանք իրենց տրամաբանության տիրույթում, եթե տրամաբանություն կա։ ՀԽՍՀ սահմանը այլևս պետական սահման է, այդ դեպքում ի՞նչն ենք ճշտում, ի՞նչն ենք վիճարկում, ճշտված չե՞ն»,- տարակուսեց իրավագետը։
Ըստ նրա՝ դա կատարյալ անհեթեթություն է, որովհետև եթե խոսքը ՀԽՍՀ վարչական սահմանը նկարագրող փաստաթղթերի, քարտեզների մասին է, ինչպե՞ս կարող են դրանք գաղտնի պահվել:
«Մեր սահմանը գաղտնի՞ք է։ Չեմ ուզում անդրադառնամ այդ արտահայտություններին, եթե կադաստրի թուղթ չունենք, ուրեմն՝ պետություն չենք։ Լավ, անդրադառնամ. եթե պետությունը չունի հստակ տարածք, հստակ սահմաններով, դա ուրեմն պետություն չէ, բա ի՞նչ Կառավարության, Ազգային ժողովի մասին է խոսքը, այսինքն՝ պետություն չենք, այսինքն՝ ինքն էլ չկա, առնվազն լեգիտիմ չէ, չգիտեմ, ինչ-որ կազմավորում է՝ ապօրինի, եթե մենք պետություն չենք։ Ուրեմն մեր բոլոր պետական ինստիտուտներն ապօրինի՞ կազմավորումներ են, հարց է՝ ո՞ւմ տարածքում։ Չէ՞ որ հնարավոր չէ: Առանց տարածքի՝ աշխարհագրություն գոյություն չունի, էլ չեմ խոսում իրավունքի մասին։ Մենք կա՛մ գործ ունենք պետությունների հետ, կա՛մ փաստացի չճանաչված պետությունների հետ, կա՛մ միջազգային այլ կազմավորումների հետ, և այլն։ Այսինքն՝ մենք չպետությո՞ւն ենք, եթե կադաստրի թուղթ չունենք։ Ես իսկապես այս թեմային չեմ ուզում անդրադառնամ, բայց սա նաև հակասում է Ալմա Աթայի հռչակագրին, որում ասվում է, նորից հատուկ իրենց համար կրկնում եմ, գոյություն ունեցող սահմանները դառնում են միջազգային սահմաններ։ Եթե կադաստրի թուղթ չունենք, բա այդ դեպքում ինչո՞ւ են հղում անում Ալմա Աթայի հռչակագրին և դա դարձնում համադարման բոլոր հարցերի լուծման համար։ Եթե անգամ Ադրբեջանն ընդունի, տեսականորեն, պատկերացրեք՝ ընդունեց, դա նշանակում է, որ ՀԽՍՀ վարչական սահմանը, որի ճշգրիտ ուրվագիծը մենք չենք կարող չունենալ, կամ եթե կան որոշակի անորոշություններ ինչ-որ հատվածներում, հասկանալի և տրամաբանական է։ Բայց ինչպե՞ս կարող է Հայաստանը պատկերացում չունենալ, թե ինչպես է անցնում իր վարչական ՀԽՍՀ սահմանը։ Ուրեմն՝ ՀԽՍՀ սահմանը դարձել է միջազգային սահման, կադաստրի թուղթ ունենք, ըստ իրենց՝ Ալմա Աթայի հռչակագրով։ Բա այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը»,- ասաց Գրիգոր Մուրադյանը։
Վերջինս հատուկ շեշտեց՝ ճշգրտումներ կարող են լինել, եթե ՀԽՍՀ տարածքից որևէ, անգամ չնչին 1 սմ զիջում չի կարող լինել մեկ այլ պետության՝ առանց հանրաքվեի:
«Որևէ սմ ՀՀ տարածքից զիջումը պահանջում է հանրաքվե, այստեղ այլընտրանք չկա։ Տեսեք, դրանով իրենք իրենց ծուղակն են ընկնում. եթե ՀՀ սահմանները պարզ չեն, ապա Ալմա Աթայի հռչակագրի մասին խոսք լինել չի կարող, և Հայաստանն էլ պետություն չէ։ Ադրբեջանն այսօր խուսափում է Ալմա Աթայի հռչակագրից, որովհետև ուզում են ավելին։ Եվ ըստ ամենայնի, այդ միտումն է գերիշխում նաև մեր իշխանությունների մոտ: Հակառակ դեպքում ինչո՞ւ այդ քարտեզները հրապարակված չեն կամ հրապարակային չեն։ Կարո՞ղ ենք այդ քարտեզներին հասանելիություն ունենալ, թե՞ ոչ, ի՞նչն է գաղտնի, ինչպե՞ս կարող է պետության սահմանը լինել գաղտնի։ Իրենց իսկ տրամաբանության մեջ իրենք հայտնվել են ծուղակում, որովհետև ՀԽՍՀ սահմանը եթե Ալմա Աթայի հռչակագրով և միջազգային իրավունքի ուժով ավտոմատ միջազգային սահման է, այստեղ էլ ի՞նչ խնդիր կա։ Մենք ունենք ՀՀ հստակ տարածք, առանձին հատվածներում ճշգրտման ենթակա, ինչը շատ բնական պրոցես է, բազում պետություններ տասնամյակներով ճշգրտում են իրենց սահմանները։ Սա ոչ պատերազմի առիթ կլինի, ոչ էլ որևէ բանի»,- ասաց արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալը:
Նրա խոսքով՝ այս իշխանություններն այնքան են իջեցրել մեր սուբյեկտայնության նշաձողը, որ պատերազմի և խաղաղության հարցերը, ցավոք, մեզանից կախված չեն:
«Ինչ վերաբերում է բառակույտին, որն այս իշխանությունը շռայլում է, եթե Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի անկախացման ժամանակ սահմանների միջազգային ճանաչման նորմատիվ հիմք է միջազգային իրավունքի սկզբունքի ուժով, ինչպե՞ս Հայաստանը կարող է լինել ճանաչված պետություն, եթե լեգիտիմ սահման չունի։ Չի կարող լինել ճանաչված պետություն, կամ կլինի այն սահմաններով, որ ճանաչում են այդ պետությունները։ Օրինակ՝ այսօր Ղրիմը ոչ մեկը չի ճանաչում Ռուսաստանի մաս, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը սահման չունի։ Բայց մենք այդ խնդիրը չունենք։ Ըստ իմ տեղեկությունների՝ մենք ԽՍՀՄ դարաշրջանում ունեցել ենք ադմինիստրատիվ, վարչական սահմանների որոշման գործընթաց։ Եթե ունեցել ենք, ապա չի կարող այլևս խնդիր լինել։ Եթե կա այդ խնդիրը, դա Ադրբեջանի և Հայաստանի միջև տարածքային վեճ է։ Բայց ի՞նչ է նշանակում՝ Հայաստանը չունի լեգիտիմ սահման, եթե չունի, ինչի՞ համար ենք հղում անում Ալմա Աթայի հռչակագրին։ Ուրեմն՝ պետք է վավերացման ենթակա երկկողմ պայմանագրով, ի դեպ, ոչ թե Կառավարության անդամի որոշմամբ, այլ երկկողմ պայմանագրով, մեր սահմանները որոշվեն»,- եզրափակեց Գրիգոր Մուրադյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: