Երևանում բիրտ ուժ է կիրառվում ցուցարարների դեմ, մասսայական ձերբակալումներ են, սակայն Արևմուտքին կարծես անջատել են, լռություն է․ Զախարովա
«Արևմուտքը կարծես չի նկատում այն, ինչ կատարվում է Հայաստանում, իսկ այնտեղ բիրտ ուժ է կիրառվում»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Վրաստանում և Հայաստանում անցկացվող ամենօրյա բողոքի ցույցերին ու Արևմուտքի արձագանքին այդ իրադարձությունների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Վրաստանում, մասնավորապես, հասարակության մի ստվար հատված ապրիլի 15-ից ամենօրյա ռեժիմով Թբիլիսիի կենտրոնում պայքարում է արդեն երրորդ ընթերցմամբ Վրաստանի խորհրդարանում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ, որը վրաց հասարակության մեջ հայտնի է՝ որպես ռուսական օրենք, քանի որ նույնպիսի օրենք ընդունել է ՌԴ-ն 2012թ․։ Օրենքը, ըստ գնահատականների, լուրջ խնդիրներ կստեղծի Վրաստանում օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող կազմակերպությունների համար։ Արևմուտքը՝ մասնավորապես ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Բրիտանիան ակտիվորեն քննադատում են իշխանություններին օրենքն ընդունելու համար։
Մարիա Զախարովան ասաց, որ ՌԴ-ն մշտապես նշում է, որ այս կամ այն երկրում ներքաղաքական զարգացումներն ինքնիշխան երկրների ներքին գործն է։ Բայց, նրա խոսքով, այս պարագայում իսկապես արևմտյան արձագանքը զարմացնում է իր ստաբիլությամբ, քանի որ հերթական երկակի ստանդարտներն են կիրառվում, և այս օրինակը լավագույնս ցույց է տալիս այդ ամենը։
«Տեսեք՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչները գրեթե ամեն օր «հարձակվում են» Վրաստանի իշխանությունների վրա՝ իբրև թե ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Դա անում են տարբեր եղանակներով, նշում են, թե Վրաստանի իշխանությունները դեմ են գնում ԱՄՆ արժեքներին, որ այս ամենը չի օգնի նրանց միանալ ԵՄ-ին, այսինքն՝ ամեն կերպ վախեցնում են, կրկնեմ՝ նշելով «ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքը»։ Ի՞նչ ենք տեսնում Հայաստանի համատեքստում՝ Արևմուտքի մահացու լռությունը Հայաստանում մասսայական ձերբակալումների ֆոնին։ Այնտեղ, այդ թվում՝ կոշտ ուժ է կիրառվում։ Կարծես անջատել են Արևմուտքին այս օրակարգից, միացրել են միայն «մեկ նոտա», իսկ մնացածը կարծես տեղի չի էլ ունենում։
Բոլորը կարծես մեկ հրամանով՝ ամերիկյան, եվրոպական ԶԼՄ-ները, ամեն կերպ շրջանառում են Վրաստանում տեղի ունեցող ցույցերը, նրանք այնպիսի մակարդակի ռեպորտաժներ են պատրաստում, որ ցույցերի մասնակիցներին ներկայացնում են, ինչպես հերոսների։ Արևմտյան մեկնաբանություններում և ռեպորտաժներում ներկայացվում է, որ ցուցարարները գործում են օրենքի շրջանակում, նրանց հակաօրինական բոլոր տեսակի քայլերը «մաքրում են», արդարացնում ամեն բան։ Ինչ վերաբերում է Հայաստանում բազմահազարանոց ակցիաներին, արևմտյան մեյնսթրիմն այն կարծես «հանգցնում է», ցույց է տալիս, թե այնտեղ ոչինչ տեղի չի ունենում, կամ այդ իրադարձությունները ներկայացնում են՝ որպես հայ ժողովրդի կամքը չներկայացնող, ինչպես նաև՝ դրսից ուղղորդվող։ Զարմանալի է, չէ՞, ինչպե՞ս է նման բան հնարավոր»,- նման ուշագրավ համեմատական անցկացրեց ռուս դիվանագետը։ Նա ներկայացրեց արևմտյան չինովնիկների մի շարք անդրադարձներ թբիլիսյան իրադարձություններին և հարց ուղղեց․ «Իսկ ի՞նչ են նրանց ասում Հայաստանի և այլ երկրների դեպքում։ Ոչինչ»։