«Սա ոչ այլ ինչ է, քան նոր կապիտուլյացիա. մինչև իշխանությունը չհեռացվի, երկիրը որևէ ապագա չի ունենալու». Մեխակ Մխիթարյան
Ապրիլի 29-ի դրությամբ Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է 35 սյուն։ Հայաստանի իշխանությունների սկսած սահմանազատման գործընթացին զուգահեռ՝ Տավուշում բնակիչները շարունակում են իրենց բողոքի ակցիաները՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանին միակողմանի տարածքներ զիջելու գործընթացը։
Երևանում և ՀՀ տարբեր մարզերում ևս բնակիչները ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ ճանապարհներ փակելով։
168.am-ի հետ զրույցում Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մեխակ Մխիթարյանը խոսելով Տավուշում ընթացող գործընթացների և իշխանությունների վարած քաղաքականության մասին, ընդգծեց՝ ժողովրդի բողոքն ու պայքարը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը, քանի որ Տավուշում այս պահին իշխանությունն ապօրինի գործընթաց է իրականացնում ու հողեր է հանձնում թշնամուն։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Տավուշում՝ միանշանակ սահմանազատում չէ, այլ միակողմանի, պարտվողական զիջողական քաղաքականության գլուխգործոցն է։ Ես կասեի՝ սա իշխանությունների թշնամական քայլն է մեր պետության նկատմամբ, ամենաստոր ու դաժան գործելակերպն է։ Սա ոչ այլ ինչ է, քան նոր կապիտուլյացիա, հայրենիքն ու պետությունը վաճառելու։
Պատրվակներ են բերում, թե Խորհրդային Միության նախկին սահմաններն են վերականգնում, Նիկոլ Փաշինյանն ուղղակի սրանով մեր երկիրը մաս-մաս հանձնում է թշնամուն։ Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի ղեկավարն ինչ ներքին պայմանավորվածություններ ունեն, ու Ալիևն ինչ դոսյեներ ունի Փաշինյանի դեմ։ Նիկոլ Փաշինյանին անգամ իր ընտանիքի բարեկեցությունն ու հետագա ճակատագիրը չի հետաքրքրում, քանի որ ամեն ինչ անում է իր իշխանությունը պահելու համար»,- նշեց ԳԽ նախկին պատգամավորը։
Մեխակ Մխիթարյանը վստահ է՝ ժողովրդին պատերազմով սպառնալու ու ահաբեկելու Նիկոլ Փաշինյանի փորձերը փուչիկներ են, սուտ պատրվակներ՝ հայկական հողեր զիջելու համար։
«Տավուշը պետք է դառնա մեր ազգային զարթոնքի, ազատագրական պայքարի սկզբնաղբյուրը, ժողովուրդը պետք է համախմբվի դրա շուրջ։ Կասկած չունեմ, որ այդ ամենը շատ շուտով տեղի է ունենալու, հիմա դրա ծիլերը կան։ Կարծում եմ՝ մենք երբեք չպետք է համակերպվենք այդ մտքի հետ, որ Տավուշի այդ տարածքները հանձնեն Ադրբեջանին, որովհետև եթե համակերպվեցինք, դա կարող է լինել մեր երկիրը կործանելու սկիզբը»,- հավելեց Մեխակ Մխիթարյանը։
Իշխանության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանը գլխավորությամբ պարբերաբար շեշտում են, թե նրանք, ովքեր Տավուշի հանձնվող տարածքները համարում են հայկական, ուրեմն՝ ադրբեջանցի են, քանի որ դրանք «ադրբեջանական տարածքներ են»: Մեր զրուցակիցը խստորեն հակադարձեց, որ այն իշխանությունը, որ այդ տարածքները համարում է ադրբեջանական, ուրեմն՝ ադրբեջանցի է, ավելին՝ նրանք հայ ազգի թշնամիներն են, այնպես, ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան։
«Այս իշխանությունը որդի նման գլուխը բարձրացրել է և ուզում է երկիրը ներսից ուտել։ Ես սրանց հայկական իշխանություն չեմ համարում, մի անգամ հերթով նայեք դրանց թիմակիցներին, հիմա անուններով հերթով չասեմ՝ արփիդավոյաններ, վահագնալեքսանյաններ, կոնջորյաններ, սրանք ովքե՞ր են, այս երկրի համար ի՞նչ են արել։
Տեսեք՝ Ադրբեջանում ինչպես են ուրախացել, ինչպես են գովաբանում Նիկոլ Փաշինյանին։ Հիմա այս մարդուն ինչպես կարող ենք հայ համարել կամ մեր պետության համար մտածող մարդ։ Այսինքն՝ ստացվում է, որ այսօր պայքարի դուրս եկած մարդիկ բոլորը սխա՞լ են, միայն այս թուրքամետ, ապիկար իշխանությո՞ւնն է ճիշտ։
Համարում եմ, որ Տավուշը պետք է դառնա մեր ազգային-ազատագրական պայքարի նոր սկիզբ»,- ասաց Մ. Մխիթարյանը։
ԳԽ նախկին պատգամավորը հիշեց ու փոխանցեց, որ 90-ականներին իրենք կարողանում էին իրավիճակը փոխել թե Հայաստանի, թե Արցախի համար, քանի որ այն ժամանակ կար մեկ գաղափար՝ հայրենիք, որն այսօրվա իշխանությունները շատ են նսեմացրել։ Նաև մարդկանց մոտ կոտրել են հավատը, հույսը: Մարդիկ այսօր չեն հավատում որևէ մեկին և ոչ էլ՝ ապագային, դրա համար են շատերը կրավորական դիրք բռնել։
«Ընդդիմություն, իշխանություն այն ժամանակ նույնն էինք, որովհետև մենք պետք է հայրենիք փրկեինք, այսօր այդպես չէ, իշխանությունը հանձնում է երկիրը, իսկ մարդիկ փորձում են թույլ չտալ։ Ես հիշում եմ, որ շատ դժվարությամբ ընդունեցինք Անկախության հռչակագիրը, չէին ուզում ներառել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, բայց մենք հասանք նրան, որ ներառվեց։ Բայց այսօրվա իշխանությունը նախկին իշխանությունների հետ ուղղակի համեմատության եզրեր չունի։ Օրվա իշխանությունը հավի մտածողություն ունի, այսօր կուտը կա՝ կուտի-կնստի, իսկ թե վաղն ինչ կլինի, միևնույն է իր համար։ Դրա համար սրանք ազգային գործիչներ չեն, այլ ոհմակ, որը սողոսկել է մեր երկիր ու պառակտել ժողովրդին, որովհետև իշխանության եկան՝ ոսկե սարեր խոստանալով, բայց հակառակն արեցին։ Մեծ մասն այսօր իրեն վատ է զգում սրանց աջակցելու համար, շատերը դրա մասին բարձրաձայնում են։
Մինչև այս իշխանությունը չհեռացվի, մեր երկիրը որևէ ապագա չի ունենալու։ Վերջապես մեր երկրում ներս է մտնում այն գիտակցումը, որ դարեր շարունակ մեր եկեղեցին կանգնած է եղել պետության հիմքերում, հետևաբար՝ թող համախմբվեն եկեղեցու շուրջ՝ երկիրը ներքին թշնամիներից ազատագրելու համար։ Կարծում եմ՝ դեռ ոչինչ կորած չէ, նաև Արցախի համար, միայն թե այս ներքին թշնամիներից պետք է ազատագրվել»,- եզրափակեց Մեխակ Մխիթարյանը։