Գագիկ Ջհանգիրյանին չհաջողվեց համոզել Նորա Կարապետյանին. հաստատվեց 168.am-ի հերթական հրապարակումը

Դեռևս օգոստոսի 18-ին 168.amգրել էր, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանը ցանկանում է լքել իր պաշտոնը նշանակումից ընդամենը 3 ամիս անց:

Այս նշանակման հետ համակարգում մեծ հույսեր էին կապում, քանի որ Նորա Կարապետյանին գործընկերները բնութագրում էին՝ որպես բարձր պրոֆեսիոնալ ու մարդկային բարոյական արժեքներով օժտված անձնավորության, և նրա հրաժարականն իրապես հարված էր համակարգի համար:

Այդ օրերին խոսվում էր, որ Դատարանի նախագահի հրաժարականը կապ ունի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Գոռ Թորոսյանի, Արման Կուրեխյանի և Սամվել Գրիգորյանի՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների պաշտոնում նշանակման հետ:

Օգոստոսի 18-ին ԲԴԽ-ից մեզ ասել էին, որ Նորա Կարապետյանից դիմում չունեն, սակայն մենք խիստ հավաստի տեղեկություն ունեինք, որ նա գրել է հրաժարականի դիմումը:

Այսօր արդեն Բարձրագույն դատական խորհրդի կայքը հաղորդագրություն հրապարակեց այն մասին, որ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 35-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Արայիկի Կարապետյանի կողմից 17.08.2021 թվականին ներկայացված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնից հրաժարականի վերաբերյալ դիմումը` Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է 2021 թվականի սեպտեմբերի 13-ից Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Արայիկի Կարապետյանի՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի լիազորությունները համարել դադարած:

Ուշադրություն է պետք դարձնել ԲԴԽ հրապարակած ամսաթվին. Նորա Կարապետյանը հրաժարականի դիմումը գրել է դեռևս օգոստոսի 17-ին, այնինչ օգոստոսի 18-ին մեզ պատասխանել էին, որ ԲԴԽ-ում նրանից դիմում առկա չէ:

Մենք նաև նշել էինք՝ ո՞րն է Գագիկ Ջհանգիրյանի մոտիվացիան՝ այդ պահին գաղտնի պահել Նորա Կարապետյանի հրաժարականի մասին լուրը:

Գագիկ Ջհանգիրյանն ամեն ինչ անում էր, որ Նորա Կարապետյանը հրաժարականի դիմում չներկայացնի, քանի որ Նիկոլ Փաշինյանը խնդիր է տեսնում, եթե 3 ամիս առաջ նշանակված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահը հրաժարականի դիմում է ցանկանում ներկայացնել: Փաստորեն չստացվեց. Նորա Կարապետյանն ավելի սկզբունքային գտնվեց:

Տեսանյութեր

Լրահոս