Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը  Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը  պետք է պահանջի  գրավոր հրաման. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Տավուշում է:

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ սահմանազատում չի իրականացվել, և ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, որն իր մեջ վտանգ է պարունակում:

«Ամենակարևոր վտանգը կայանում է նրանում, որ այստեղ չեն նշվում այն սկզբունքները, որի շուրջ պետք է իրականացվի այդ ամբողջ գործընթացը: Իսկ սկզբունքներից ամենակարևորն այն է, որ ապագա ճշգրտված սահմանները չեն կարող հանդիսանալ հետագա լարվածության, սադրանքների, ապակայունացման առիթ: Եվ եթե ուզում ենք դա չլինի, առաջին հերթին Ադրբեջանը պետք է դուրս գա  ՀՀ այն տարածքներից, որն ինքը  զբաղեցրել է 200 քկմ-ի չափով, որից հետո պիտի  իրականացվի սահմանագծում»,- շեշտել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը պարտադրում է Հայաստանին այս գործընթացը՝ հաշվի առնելով և՛ գործընթացի հատվածականությունը, և՛ ժամկետների սահմանումը:

«Ապրիլի 19-ի հայտարարությունում նշվում է ժամկետ՝ մինչև  մայիսի 15-ն ավարտել սահմանազատումը և անցնել սահմանագծման: Եթե մենք ունենք վեճ, մենք կարո՞ղ ենք ասել, թե դա երբ կավարտվի: Ինչո՞ւ ենք նշում այդքան հապճեպ ժամկետ: Այս փաստերը խոսում են այն մասին, որ հակառակ կողմը պարտադրում է»,- ընդգծել է Սեյրան  Օհանյանը՝ հիշեցնելով, որ դեռ սրանից առաջ Ադրբեջանն իր հարձակողական գործողություններով, փաստացի մեր սահմաններից ներս սահմանագծում էր իրականացնում, գծում էր իր սահմանը:

Կարդացեք նաև

«Այսօր Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացն արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքերով»,- շեշտել է նա:

Ինչ վերաբերում է Տավուշում սահմանագծման գործընթացի համատեքստում անվտանգության խնդրին, ապա, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խոսքով, խախտվում է ամբողջ պաշտպանության համակարգը, որը կարող է հետագայում իրական հիմք հանդիսանալ սահմանազատման և սահմանագծման:

Անդրադառնալով կոնկրետ զորամիավորման անելիքին, Սեյրան Օհանյանը նշել է, որ նա  իր պարտականությունները պետք է կատարի:

«Նրանք մեր սահմանների պաշտպանության համար են նախատեսված, ոչ թե մեր սահմանները հանձնելու,- ընդգծել է նախկին նախարարը և շարունակել,- Այս ամենը ապօրինի գործողություններ են, ուստի նրանք պետք է պահանջեն գրավոր հրաման, որովհետև այդ գրավոր հրամանները հետագայում ՀՀ իշխանությունների համար քրեական հետապնդման առիթ են հանդիսանալու»:

Մանրամասները՝  տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս