Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնությունը մինչև COP29-ը՝ նոյեմբերին, իրատեսական է. Ալիև

«Մինչև COP29 համաժողովը Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության ձեռքբերումը՝ թեկուզ հիմնարար սկզբունքների շուրջ, միանգամայն իրատեսական է թվում»,- AZERTAC-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 23-ին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ADA համալսարանում կազմակերպված «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում։

Ալիևը հավելել է, որ որպես տարբերակ՝ դիտարկվում է նաև հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալը, իսկ ապագայում կարող են ժամանակ հատկացնել դրույթները համաձայնեցնելու համար։ «Մինչ այդ համաձայնագրի նախագիծը կարող է նույնիսկ պատրաստ լինել։ Կարծում եմ, որ դրա համար երկու կողմերն էլ պարզապես պետք է աշխատեն ի  սրտե»,- նշել է պետության ղեկավարը։

Հիշեցնենք, որ COP29-ը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի համաժողովի 29-րդ նստաշրջանն է, որն այս տարի Ադրբեջանում տեղի կունենա: Այս որոշումն ընդունվել է անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին Դուբայում կայացած COP28 լիագումար նիստում։ Ուշագրավ է, որ մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, ելույթ ունենալով Բաքվի 11-րդ գլոբալ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ, նշել է, որ Բաքուն նոյեմբերին կհյուրընկալի COP29-ը։ Սունակը հավելել էր, որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները զարգանում են.

«Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին՝ COP29-ի հետ կապված: Մենք հավատում ենք, որ մինչև COP29-ը Ադրբեջանը և Հայաստանը կհասնեն խաղաղության»,- այս ուշագրավ մանրամասնը առաջին անգամ ասել էր Սունակը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս