Սահմանազատման գործընթացը մեզ բոլորովին այլև ձևով է ներկայացվել, այսօր հասկացել ենք, որ խաբել են. Կիրանցի բնակիչ
Երեկ կեսգիշերից հետո Տավուշի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող սահմանազատման գործընթացին, որը, բնակիչների խոսքով՝ միակողմանի զիջում է և որը վտանգի տակ է դնում իրենց ու ամբողջ Հայաստանի անվտանգությունը։
Բողոքի ակցիան շարունակվում է նաև այսօր. Կիրանցի բնակիչները լրագրողների հետ զրույցում ասացին՝ գյուղը պատրաստ է մինչև վերջ կանգնելու։
Բնակիչներից մեկն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը չի գնացել, որովհետև նրա խոսքն իրեն հետաքրքիր չէ։
«Մեր ճակատագիրն 90-ականներից է որոշվել, այս մարդիկ ապրել են այստեղ, որևէ տեղ չունեն գնալու, ոչ մի մետր հող էլ չունենք տալու, թեկուզ կռվով՝ չենք տալու։ Այսինքն՝ պիտի սպասենք, գան մեր գերեզմանները պղծեն, նոր մեզ մորթե՞ն։ Այս մի փոքր գյուղից 16 զոհ ենք ունեցել, արյան գնով հողը պահպանվել է, մենք իրենցից ոչինչ չենք ուզել, բայց մեր հողը պահել ենք»,- նշեց Կիրանցի բնակիչը։
Նա նաև հարց բարձրացրեց՝ արդյոք տեսե՞լ են գյուղից որևէ բնակչի, որն ասի՝ այդ գործընթացի հետ համաձայն է։
Հավաքված կիրանցիները հայտարարեցին՝ սահմանազատման գործընթացն իրենց բոլորովին այլ ձևով է ներկայացվել, այսօր արդեն հասկացել են, որ իրենց խաբել են։
«Խաղաղության գնացող պետությունը փոխզիջումներով է գնում, եթե փոխզիջում չենք անում, դա խաղաղություն չէ, մեր զորքին հետ են քաշելու, իրենց զորքը բերեն մեր մեջ մխրճեն ու ասեն՝ սա է խաղաղությունը։ Մեզ թող պատերազմով չվախեցնեն, Կիրանցը ոչ մի անգամ չի վախենում, Տավուշին, ամբողջ Հայաստանին թող պատերազմով չվախեցնեն»,- ասաց գյուղի երիտասարդներից մեկը։
Ըստ բնակիչների՝ նույնիսկ 10 տարեկան երեխան է պատրաստ զենք վերցնել։
«Կիրանցի կամուրջը մեր գյուղին է պատկանում, հողեր ունենք, որ կադաստրային թղթով ժողովրդինն է, իսկ այսօր եկել-ասում են, որ դա մերը չէ։
2018 թվականին կադաստրով, օրինական հողն առել եմ, տուն եմ սարքել, այսօր եկել, ասում են՝ դա ձեր տարածքը չէ։ Վաղը կասեն՝ դա ձերը չէ, ուղղակի թյուրիմացություն է»,- նշեց կիրանցին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում