ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆՁՆԵՑ ՏԱՎՈՒՇԸ. ՀԱՋՈՐԴԸ Ո՞ՐՆ Է. #ՀՐԱՏԱՊ ԵԹԵՐ՝ ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄՅԱՆԻ ՀԵՏ
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Կիրանց ու Ոսկեպար գյուղից հյուսիս-արևելք ընկած հատվածները, ըստ այսօրվա հաղորդագրության, մայիսի 15-ից հետո հանձնվելու են Ադրբեջանին: Մայիսի 15-ից սկսած՝ այդտեղ գտնվող հայկական ամեն ինչ դառնում է Ադրբեջանի համար լեգիտիմ թիրախ: Մենք հանձնում ենք հայկական ամենալավ պաշտպանված հատվածները:
- Էական չէ՝ քանի տարածք ու գյուղ է հանձնվում, էականն այն է, որ հանձնվում է 30 տարի ձևավորված Տավուշի ամենապաշտպանված հատվածը:
- 90-ականներին Արցախյան ճակատին զուգահեռ՝ Տավուշը ևս թիրախավորված էր, և ջանք ու եռանդ չի խնայվել՝ մեր դիրքերը բարելավելու համար:
- Ոչ միայն կոմունիկացիաներն են սկսելու չաշխատել, այլև փլուզում ենք առկա ռազմաճակատի ողջ գիծը՝ խնդիրներ հարուցելով ողջ Հայաստանի համար: Ունենալու ենք ադրբեջանական խոշոր հենակետեր, որտեղից Վանաձոր, Ալավերդի ու Իջևան տասնյակ կիլոմետրերի հեռավորություն է լինելու, իսկ անտառապատ տարածքներով ադրբեջանական դիվերսիոն խմբերը շատ հեշտ թափանցելու են երկրի խորքը:
- Սա ոչ թե նվեր է, այլ պարզապես սկուտեղի վրա Հայաստանի անվտանգային համակարգն Ադրբեջանին հասցնել է, որովհետև Ադրբեջանն այլ կերպ չէր կարող Տավուշի կողմից հարձակվել Հայաստանի վրա ու հաջողություն ունենալ:
- Մենք չենք կռվում ու չենք դիմադրում, դրա համար անդադար կորցնում ենք: Մենք վերջապես պիտի հասկանանք՝ անընդհատ զիջելով՝ անընդհատ կորցնելու ենք:
- Ադրբեջանի համար այս գյուղերն ինքնին արժեք չունեն: Իրենք շատ լավ գիտեն, որ այդ հողում ադրբեջանական հետք չկա, բայց շատ լավ հասկանում են, որ դրանք ուղղակի տարածքներ, սարեր, բլուրներ չեն:
- Հաջորդ քայլը լինելու է Հայաստանի ներսում ադրբեջանցիների բնակեցումն Արարատի, Տավուշի, Սյունիքի մարզերում, շատ արագ պահանջելու են մշակութային ինքնավարություն ու ստանալու են հիմքեր Հայաստանի վրա հարձակվելու համար: Սա կարող է անել միայն թաքնված գործակալը:
- Հայաստանի ու Ադրբեջանի սահմանապահ զորքերը տարբերվում են: Հայաստանում դրանք պահնորդական զորքեր են, շատ թեթև զինված: Ադրբեջանի սահմանապահ զորքերը լիարժեք ռազմական, մարտական միավորներ են: Իրենք բանակային միավորներ են, անունն է սահմանապահ: Ստացվում է՝ հայկական բանակը դուրս է գալու, իսկ ադրբեջանական կողմից ուրիշ անունով մինչև ատամները զինված նույն ադրբեջանական բանակն է կանգնած լինելու:
- Պարոնայք սպաներ, եթե դուք մտածում եք, որ սրանով դուք Հայաստանը պաշտպանում եք, դառնում եք պետական դավաճանության հանցակիցներ: Չեք կարող ասել՝ հրաման ենք կատարել, ու ազատվել պատասխանատվությունից: Դուք չպետք է կատարեք այդ հրամանը: Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է սրան: Դուք հիմա ձեր ձեռքով փորում եք մեր բոլորի գերեզմանը: Այդ փոսը չփորելու համար պետք է այնպես անել, որ այս դե ֆակտո իշխանությունն այլևս չլինի:
- Թող գնա, չի ստացվում քեզ մոտ, թող ուղղակի ու գնա, բանաստեղծական տաղեր ասելով՝ երկիր պահել չի ստացվելու:
- Դժվար է Ալիևի համար պատկերացնել, որ իր թշնամի երկրի ղեկավարն առանց մեկ փամփուշտի, սեփական անկարողությունը կոծկելու համար հանձնում է այն ամենը, ինչ ինքը պահանջում է:
- Այո՛, փոխվել են թուրքերը. որոշ թուրքեր հիմա հանդես են գալիս հայկական ազգանուններով:
- Հարգելի ուսանողներ, ես պաշտոն չեմ ուզում, ուզում եմ հավերժ լինել ԵՊՀ դասախոս: Պայքարում եմ, որ այդ հնարավորությունն ունենամ:
- Հայրենիքի համար պետք է պայքարել, դիմադրել: Եթե չկա պետություն, մեր մնացած բոլոր արածները երկրորդական են:
Մանրամասները՝ տեսանյութում.