Արդյո՞ք կարելի է ինքնուրույն պաշտպանվել ՔՊ-ական ենթամշակույթ կրող պատգամավորների և դրանց հովանավորող իրավապահների սանձարձակություններից. Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին և ՄԻՊ-ին
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս քրեական ենթամշակույթի դեմ պայքարի արդյունքում հանցավոր աշխարհի փոխարեն՝ քրեական ենթամշակույթի կրող են դառնում իրավապահ համակարգի ներկայայացուցիչներն ու Ազգային ժողովի (ԱԺ) որոշ պատգամավորներ, հրատապ է դառնում Հայաստանում բնակվելու համար որոշ կանոնների ու օրինաչափությունների պարզաբանումը բնակչության համար:
Ակնկալում ենք ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պատասխանները:
- Ինչո՞ւ է որոշ արտահայտությունների (դավաճան, անբարոյականի զավակ` իր բոլոր արտահայտչաձևերով, կապիտուլյանտ,- Գ.Ս.) հրապարակային հնչեցումը Քննչական կոմիտեի կողմից դիտվում որպես վիրավորանք հատկապես Նիկոլ Փաշինյանի անձի նկատմամբ, և արդո՞ք քննիչները պետք է պատասխան տան այդ վարքագծի համար:
- Ո՞ր արտահայտությունները կարող են դիտվել որպես բռնության կոչ, և արդյո՞ք կարևոր է, թե ում են դրանք վերաբերում (ՔՊ կուսակցություն, ՔՊ-ի պատգամավորներ, այլ քաղաքական ուժի ներկայացուցիչներ, hայեր կամ այլ ազգի ներկայացուցիչներ, Նիկոլ Փաշինյան և նրա ընտանիքի անդամներ, Հայաստանում բնակվող այլ անձանց, Հայաստանից դուրս բնակվող անձանց,- Գ.Ս.):
- Ո՞վ կարող է անպատիժ թքել այլ քաղաքացու վրա, սպառնալ ականջ կտրել կամ գլուխ ջարդել, կամ երկուսը միասին (եթե հնարավոր է, կխնդրեինք ներկայացնել այդ անձանց ցանկն ամբողջությամբ):
- Ի՞նչ է ՀՀ սահմանադրական կարգը՝ ըստ քրեական օրենսգրքի և/կամ ըստ քննիչների մեկնաբանության:
- Մեկնաբանեք նաև՝ արդյո՞ք նման պատասխանատվություն կարող է լինել ոչ լեգիտիմ սահմանադրության դեպքում (տեսակետը բարձրաձայնել է Նիկոլ Փաշինյանը,- Գ.Ս.):
- Իշխանության ներկայացուցիչների և նրանց մերձավորների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների վերաբերյալ մամուլում հանցագործությունների մասին տեղեկություններն արդյո՞ք հասանելի են ՆԳՆ ոստիկանությանը, Հակակոռուպցիոն կոմիտեին, ԱԱԾ-ին, Քննչական կոմիտեին և Դատախազությանը: Ի վերջո, ո՞վ է մոնիթորինգ անում լրատվական դաշտը և համացանցը. վերջերս հաղորդագրություն տարածվեց, որ բավականին թանկ գնով ձեռք է բերվել նման համակարգչային ծրագիր:
- Արդյո՞ք կարելի է ինքնուրույն պաշտպանվել ՔՊ-ական ենթամշակույթ կրող պատգամավորների և դրանց հովանավորող իրավապահների սանձարձակություններից, և զինատեսակներ կարելի՞ է օգտագործել:
- Փողոցներում դեմքի անորոշ արտահայտությամբ գտնվող բերետավորներից ո՞ր գույնի բերետներն են առավել վտանգավոր կյանքի և առողջության համար, և ի՞նչ պետք է անել դրանց կողմից անհասկանալի վարքագիծ դրսևորվելու դեպքում (զանգել ոստիկանություն, փախչել, դիմել բնապահպան հկ-ներին և այլն):
- Հայաստանում գործող միջազգային կառույցները, կազմակերպությունները, դիվանագիտական ներկայացուցչությունները, ԱՄՆ-ի կառավարությունը Հայաստանում միայն ապօրինի գույքի ու կոռուպցիայի հետ կապված հարցերո՞վ է հետաքրքրված, թե՞ նաև մարդու իրավունքների ու ժողովրդավարության խնդիրներով:
Խնդրում ենք պարզաբանումը հանրայնացրեք լրատվամիջոցներով, որպեսզի Հայաստանում գտնվող մարդիկ պատկերացնեն և հասկանան, թե հեղափոխական միջավայրում (նկատի ունենք ժողովրդավարության բաստիոնը,- Գ.Ս.) ի՞նչ կանոններով կամ «պանյատկեքով» պետք է ապրեն:
Հ.Գ.-1. Քանի որ թավշյա հեղափոխության արդունքում միջազգային կազմակերպությունների, եվրոպական կառույցների, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, եվրոպական տարբեր երկրների կառավարությունների, տարբեր գերատեսչությունների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից առատորեն ֆինանսավորվող քաղաքացիական հասարակությունը ներկայացնող ՀԿ-ները չնկատելու են տալիս Հայաստանում ավտորիտարիզմի ձևավորումն ու ժողովրդավարության խեղաթյուրումը, ապա պարզ ու ակնհայտ է դառնում, որ ժողովրդավարական արժեքային համակարգի կրողները Հայաստանի իրենց գործընկերներին ինչ-ինչ պատճառներով կամ որոշակի հանգամանքներով պայմանավորված՝ ազատել են ժողովրդավարական ստանդարտներ պահելու պարտականությունից, օրինակ, Մեծ Բրիտանիայից Հայաստան փախստականներ ներմուծելու կամ նմանատիպ այլ գործարքների դիմաց:
Հ.Գ.-2. Արդյո՞ք ՔՊ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Արթուր Հովհաննիսյանն ու Վահագն Ալեքսանյանն ունեն ոստիկանական և/կամ դատախազական գործառույթներ, քանի որ վերջիններիս որակման հիմքերով հարուցվում են քրեական վարույթներ:
Արդյո՞ք նրանց խոսքում բռնության կոչեր չկան:
Հ.Գ.-3. Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցում՝ «Հայկական ժամանակ»-ում, քաղաքագետ ներկայացող Հարություն Մկրտչյանի հարցազրույցում արտահայտված հետևյալ միտքը. «Եթե իրավապահները համարժեք կերպով չպատասխանեն, ուրեմն պետք է անցնենք նրանց դաշտ և հետները խոսենք իրենց սիրած մեթոդներով, իսկ իրենց մեթոդները բոլորիս հայտնի են. պադյեզդներում ծեծելուց մինչև զուգարանում «Պռիվետ Ռոբ»-ի համար մարդկանց սպանելը»», կարող է դիտվել բռնության կոչ կամ թշնամանքի հրահրում, եթե ասվեր ոչ իշխանամետ քաղաքագետի կամ այլ քաղաքացու կողմից: