
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է

Դուբայի միջազգային օդանավակայանից որոշ թռիչքներ վերսկսվել են, թեև օդանավակայանի աշխատանքն ընդհանուր առմամբ շարունակում է խաթարված մնալ: Այս մասին հայտնում է BBC–ն:
Օդանավակայանի աշխատանքը խաթարվել է Արաբական Միացյալ Էմիրություններում և հարևան երկրներում հորդառատ անձրևների պատճառով:
Փոթորիկի հետևանքով հեղեղվել են ԱՄԷ ճանապարհները և միջազգային օդանավակայանը:
Աշխարհի երկրորդ ամենածանրաբեռնված օդանավակայանի ղեկավարությունը ապրիլի 18–ին հայտարարել է, որ սկսել են մուտքային թռիչքներ ստանալ, սակայն ելքային թռիչքները շարունակում են հետաձգվել:
Ավելի ուշ հայտարարվել է, որ գրանցումը (check-in) բաց է 3-րդ տերմինալում Emirates-ի՝ օդանավակայանի միակ ամենամեծ փոխադրողի և Flydubai-ի թռիչքների համար:
Ապրիլի 17–ին շուրջ 300 չվերթ է չեղարկվել, հարյուրավոր չվերթներ հետաձգվել են։
ԱՄԷ-ում ապրիլի 16-ին գրանցվել են վերջին 75 տարվա դիտարկումների ընթացքում ամենաշատ տեղումները։