Իշխանությունն իրեն գցում է կոմեդիայի ժանրի մեջ. այդ թուղթն ուրվականի նման պտտվում է. Էդվարդ Միլիտոնյան
Այս տարի մարտին հայտնի դարձավ, որ իշխանությունը որոշել է պետականացնել գրողների և նկարիչների միությունների շենքերը։ Գլխավոր դատախազությունը դատարան էր դիմել այդ շենքերը պետությանը վերադարձնելու պահանջով։ Իրավապահները պնդում են՝ միությունների շենքերն 90-ականներին ապօրինի են մասնավորեցվել՝ առանց պետության որոշման։
Պետականացնելու վերաբերյալ ծանուցում ստացել են այս երկու միությունները, ինչի վերաբերյալ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ միության նախագահները հայտնեցին իրենց անհամաձայնությունը։
Գրողների Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ այդ ուղտը չոքել է ոչ միայն իրենց միության, այլև նկարիչների միության առջև, այն ուրվականի նման շրջում է նաև այլ միություններով։
«Աներկբա է, որ մեր միությունների շենքերը պետականացվի։ Ես չգիտեմ՝ վարչապետն իրավունք ունի՞ այլ հիմնարկների վերաբերյալ նման հայտարարություն անելու, հատկապես, որ դրանք հնչում են՝ որպես հրահանգներ։ Հրահանգներ են հնչում այս խեղճ ու կրակ դատախազությունների, կադաստրն էլ հիմա վախեցած՝ ես չգիտեմ, որ անկյունում է կուչ եկել, թե իր նախորդներին ինչպես անվանարկի, թե այդ ինչ բաներ են արել նրանք։ Վարչական դատարանն էլ այնտեղ է կուչ ու ձիգ գալու, ինչպես անի, որ հանկարծ պետական այրերի առջև սխալ բան չանի։ Կարծում եմ՝ սա լրացնելու է այն բացը, որն ունի մեր գրականությունը, մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս։ Այդ դատավարությունները կավելացնեն այդ կոմեդիական ժանրը և գլխի չեն ընկնի, որ մենք ընկնում ենք զավեշտալի իրավիճակի մեջ։ Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական ժանրի մեջ, բայց խոսում են պետության իրավունքներից»,- նշեց Գրողների միության նախագահը։
Նա հիշեցրեց իրենց փաստաբանների բերած փաստերը, շեշտելով՝ հավանաբար նման որոշում կայացնողներն այդ փաստերը կարդացել ու չեն հասկացել։
«Ես արդեն կասկածում եմ մեր արդարադատության համակարգի իրավացիության և օրենքների իմացության վրա։
Վերջերս մի թեթև միտք եկավ գլուխս, բոլորով՝ մենք պիտի փրկենք արդարադատությունը՝ արդարադատության պահապաններից, որովհետև նրանք կեղծ պահապաններ են, նրանք սպասում են հրահանգների։ Ինչքան էլ ասեն, որ այդ դատական իշխանությունը պիտի անկախ լինի, անկախ ումի՞ց, ժողովրդի՞ց, իշխանությունի՞ց, թե՞ ինքն իրենից։ Այդ դատական ատյանները պիտի որոշեն, թե իրենք ումի՞ց են անկախ վերջապես, այս պարագայում իրենք փաստորեն անկախ են ժողովրդից և ժողովրդի գլխին ինչ ասես կարող են բերել։ Նկարիչներն ու գրողները ևս ժողովուրդ են, սիրելի բարեկամներ»,- շեշտեց Է. Միլիտոնյանը։
Նրա խոսքով՝ մարտի 18-ին միությունում եղել է համաժողով, որի ընթացքում միաձայն որոշել են՝ Դատախազության հայցադիմումը՝ միությունների գույքը պետականացնելու վերաբերյալ, եթե դատարանը որևէ բան որոշի, ապա իրենց համար առոչինչ է։
«Ուղղակի նրանց երեսին պետք է ասեի, որ վաղը-մյուս օրը կգան ուրիշ դատավորներ, ուրիշ կառավարություններ ու կրկին դատարաններ կկանչեն այդ մարդկանց, կասեն՝ դուք դատը սխալ եք արել։
Ես մեր գրողներին էլ եմ ասում՝ 1936-37 թվականներին, երբ սպանել են Բակունցին, դատապարտվել ու բանտում մահացել է Եղիշե Չարենցը, սպանել են Թոթովենցին, բանտում մահացել է Զապել Եսայանը և շատ ու շատ գրողների այսպես հեռացրել են կյանքից։ Բայց այդ հեռացնողների անունները՝ դատավորների ու դատախազների, չի մնացել, չկան այդ անունները, որ իմանային՝ իրենք վատ բան են անում, վաղն իրենց անուններին թքելու են ու մրեն… Ես առաջարկում եմ այդ դատավորների, դատախազների, որոնց հրահանգել են, ու նրանք փաթեթներ են սարքել, բայց ամեն դեպքում պետք է նրանք իմանան, եթե արդարադատությունը խախտվի, մենք բոլորով նրանց անունը սև կամ կարմիր տառերով պիտի գրենք մեր հիշողության տախտակներին։ Կամ պարզապես Գրողների միության դահլիճում ցուցահանդես բացենք, մենք՝ մեր գրավոր նյութերով, նաև ծաղրանկարներով, գրողներն էլ՝ իրենց նկարներով, պատասխանենք նման բաների, հետաքրքիր ակցիա կլինի»,- նշեց Գրողների միության նախագահը։
Նա նաև հորդորեց՝ բոլորին միասին՝ փրկել իրենց պատիվը, ապա անդրադարձավ մշակույթի հանդեպ իշխանությունների ունեցած վերաբերմունքին, այդ թվում՝ նաև մրցանակներն ու կոչումները հանելուն։
«Հիմա էլ ասում են՝ Հայաստանի արվեստագետները եթե ուզում են պետությունից մի քիչ բզեզ ստանան, գրողը պետք է Նոբելյան մրցանակ ստանա, չգիտեմ՝ այդ կարգի ի՞նչ մրցանակ կա, որ նկարիչը պետք է ստանա, որ Հայաստանը գնահատի իր արվեստագետին։ Այսինքն՝ ասում են՝ գնա՝ Անգլիայում քեզ գնահատեն, նոր Հայաստանը գնահատի»,- եզրափակեց Էդվարդ Միլիտոնյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում