Բաժիններ՝

«Շատ ջղաձիգ, անհասկանալի վիճակ է. Հայաստանի և  սփյուռքի գրողները նույնպես մեծ տագնապ են ապրում». Էդվարդ Միլիտոնյան

Հայաստանի Գրողների և Նկարիչների միությունների շենքերը պետականացնելու վերաբերյալ գործընթացը շարունակվում է. արդեն 1 տարուց ավելի է՝ դատական նիստեր են ընթանում։

Դեռ մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը գրություններ էր ուղարկել Նկարիչների և Գրողների միություններին՝ ծանուցելով շենքերը պետականացնելու մասին։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը տեղեկացրեց, որ  Ծաղկաձորում գտնվող գրողների հանգստյան տան համար դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին։

Նա հորդորում է դատական նիստերն ակտիվ լուսաբանել, քանի որ Դատախազությունը հերթով գնալու է բոլոր միությունների շենքերի հետևից։

Կարդացեք նաև

«Մեկ տարի 7 ամիս է՝ այս գործընթացների մեջ ենք, ինչպե՞ս կարող է այդ ամենը մեր ստեղծագործական կյանքի վրա չանդրադառնալ, իհարկե անդրադառնում է։ Ոչ միայն հայաստանյան գրողները, այլև սփյուռքահայ գրողներն են մեծ տագնապ ապրում, նրանք իրենց դժգոհությունները, տագնապները մեր գրական թերթում հրատարակում են։ Մենք մոտ 120-ից ավելի անդամներ ունենք ու միայն անդամները չեն, մշակույթի գործիչները նաև։

Շատ ջղաձիգ, անհասկանալի վիճակ է։ Իհարկե, մենք ամեն օր տեղեկացնում ենք, որ Բաղրամյանում գտնվող մեր շենքը և շենքերի մի մասը գրական հիմնադրամի մեր գումարներով է նաև կառուցվել։ Խորհրդային Միության ժամանակ, մեր գրքերի հոնորարներից, առանց մեզ ասելու՝ 10 տոկոսի չափով պահում ու ուղարկում էին գրական ֆոնդ, որը նաև Ծաղկաձորի տունն է կառուցել ու նորոգել, Գրողների միության շենքի մի մասն է կառուցել, ապահովել են մեր գրողների հանգիստը, և այլն»,- 168.am հետ զրույցում նշեց Էդվարդ Միլիտոնյանը։

Նա ընդգծեց՝ այդ շենքերը միայն պետական չեն, դրանք գրական ֆոնդերով են ստեղծվել, նաև գրողների գրական վաստակի շնորհիվ։ Մինչդեռ Բաղրամյան պողոտայում գտնվող Գրողների միության շենքի միայն մի մասն է պետական ֆոնդով ստեղծվել։

«Ավետիք Իսահակյանի 70-ամյակին է Կենտկոմի քարտուղար Հարությունովը նրան հրավիրել ու ասել, թե գրողներին այդ հոբելյանի առիթով նվեր են անելու, այդպես կառուցել են մի մասը, մյուս մասն էլ կառուցվել է գրական ֆոնդերի միջոցով։  Այսպիսի հարցեր կան, և այսօր այդ ամենը հաշվի չառնել, նշանակում է՝ գրողների հոնորարների գումարը վերցնել ու ասել՝ դե գնացեք, դուք որևէ բան չունենք։ Բա հետո՞, այդպես ինչպե՞ս կլինի»,- հավելեց Էդվարդ Միլիտոնյանը։

Նա նաև տեղեկացրեց՝ միության՝ Բաղրամյանում գտնվող շենքի վերաբերյալ Վարչական դատարանը մերժել է Դատախազության հայցը, սակայն Վերաքննիչ դատարանը պաշտպանել էր Դատախազությանը, սակայն Միության փաստաբանը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում։

«Դատերին մենք չենք դատվողը, դատերին դատվողը Կադաստրի կոմիտեն է, որ սեփականության իրավունք է տվել ստեղծագործական միություններին։ Հիմա նրանց են դատում, նրանք էլ դատերին չեն գալիս, դատավորներն էլ են բողոքում, թե ինչու չեն գալիս, բայց մարդիկ չեն գալիս։

Իրենք դատվողն են, դատարան չեն գալիս, իսկ մենք երրորդ անձի կարգավիճակով ենք, գնում ենք, ու տուժողը մենք ենք լինելու։

Նկարիչների միության Ծաղկաձորի հանգստյան  տան հետ կապված Վճռաբեկը Դատախազությանը, այսպես ասած՝ սխալ է հանել։ Գոնե Ծաղկաձորի այդ փոքր տան տնօրինման իրավունքը մնաց նկարիչներին։ Բայց ես չգիտեմ՝ այդ որոշումը միայն դրա՞ն է վերաբերում, թե՞ կարող է նախադեպային լինել, դրանք նույն տիպի շինություններ են, նույն տիպի սկիզբ են ունեցել։ Ունեմ մտավախություն, որ սա խտրական վերաբերմունք է։

Սևանի մեր շենքը քանդվելուց փրկել են մարդիկ, ներդրումներ են արել, հիմա այդ ներդրողին մենք ի՞նչ ասենք, ի՞նչ խոսենք։ Եթե պետական լիներ, իրենք ինչո՞ւ պետք է անեին»,- ընդգծեց Էդվարդ Միլիտոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս