Ի՞նչ է նշանակում պետականացնել, թող մեզանից շատ սրտացավ չլինեն, մեր գույքը պետք է մնա մեզ. Սուրեն Սաֆարյան
Այսօր Հայաստանի նկարիչների և գրողների միությունների նախագահները հրավիրել էին մամուլի ասուլիս՝ միությունների գույքը պետականացնելու շուրջ իշխանությունների, մասնավորապես՝ դատախազության սկսած գործընթացի վերաբերյալ։ Ասուլիսին մասնակցում էին նաև 2 միությունների փաստաբանները։
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ներկայացրեց, որ շաբաթներ առաջ գլխավոր դատախազությունից թուղթ են ստացել, որ Հայաստանի նկարիչների միության գույքը 1990-ական թվականներին սեփականաշնորհվել է ապօրինաբար՝ կադաստրի թույլ տված խախտումներով, ուստի հարցը քննվելու է դատարանում, որտեղ միությանն ընդգրկել են՝ որպես երրորդ կողմ:
«Շատ անորոշություններ կան, քանի որ միայն այդ թուղթն էր: Գրողների միությունը ևս նման թուղթ է ստացել»,- ասաց միության նախագահը:
Միությունը 1950-ականներին կառուցվել է հատուկ նկարիչների համար, ցուցասրահները կառուցվել են հատուկ նկարիչների համար և մինչ օրս ծառայում են իրենց նպատակին: Մենք ժառանգություն ենք ստացել Մարտիրոս Սարյանից, Արա Սարգսյանից, որը Հայաստանի նկարիչների միության հիմնադիրն է, Գաբրիել Գյուրջյանից: Այդ ժառանգությունը պահել և պահպանել է նաև իմ պապը՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանը, նրա ընկերներն ու ժամանակակիցները: Նկարիչների տունը ստեղծագործական մեծ գործունեություն է ծավալել, կանգնել է թե՛ ավագ սերնդի, թե՛ երիտասարդների կողքին: Սա մեր սեփականությունն է»,- նշեց Սուրեն Սաֆարյանը։
Միության նախագահը երկու հարց տվեց՝ ինչո՞ւ պետք է իրենց գույքը պետականացվի, ումի՞ց են այն պաշտպանում:
«Մենք շատ սրտացավ ենք, որովհետև սա մեր տունն է, սա նկարչի տունն է: Արագ որոշումներ կայացնելու դեպքում կարող ենք լուրջ խնդիրների առաջ կանգնել: Այդ խնդիրներից խուսափելու համար այս գույքը պետք է մնա Հայաստանի նկարիչների միության սեփականությունը: Դատավարություն է լինելու, մենք պաշտպանելու ենք մեր շահերը, ամեն ինչ անելու ենք, որ այդ գործընթացն ի շահ Հայաստանի նկարիչների միության լինի»,- շեշտեց նա։
Սուրեն Սաֆարյանը նաև տեղեկացրեց, որ մայիսի 4-ին, ժամը 12:00-ին Կինոյի տանն անցկացվելու է Հայաստանի նկարիչների միության արտահերթ համագումարը: Համագումար անցկացնելու որոշումը կայացրել է Հայաստանի նկարիչների միության վարչությունը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում.