Արցախից միակ բանը, որ մեզ մնացել է, մեքենան է, որը, կարելի է ասել՝ ջարդոն է, ասում են՝ համարները հանձնիր, որ նպաստ տանք. Արցախից բռնի տեղահանված բազմազավակ մայր

2023 թվականին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, արցախահայությունը բռնի տեղահանվեց, տարածքը ենթարկվեց էթնիկ զտման: Հազարավոր ընտանիքների նման, 41-ամյա Իննա Գրիգորյանի 9 հոգանոց ընտանիքն էլ թողեց իր բնօրրանը՝ մի օր վերադառնալու հույսով։

Իննա Գրիգորյանը բազմազավակ մայր է՝ ունի 7 երեխա, նրանցից 5-ն անչափահաս են։ Որդին, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին ու 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններին, երկու անգամ վիրավորվել է ու հրաշքով փրկվել։

168.am-ի հետ զրույցում Իննա Գրիգորյանը պատմեց, որ Արցախում երեք տուն են կորցրել. 2-ը՝ Շուշիում 44-օրյա պատերազմի ժամանակ, մեկը՝ Ստեփանակերտում՝ 2023 թվականի սեպտեմբերին։

«Մենք Արցախում երջանիկ ապրում էինք, ես ու ամուսինս աշխատում էինք, մինչև 44-օրյա պատերազմն ապրում էինք Շուշիում, 1993 թվականից Շուշիում եմ ապրել։ Երբ ծնվեց 6-րդ երեխաս, որպես բազմազավակ մայր՝ ինձ տուն նվիրեցին, մեկ տուն արդեն ունեինք։ Սակայն 44-օրյա պատերազմի հետևանքով ամեն ինչ կորցրեցինք։ Եկանք Երևան, երբ պատերազմն ավարտվեց, գնացինք Ստեփանակերտ, որոշ ժամանակ ապրեցինք ծերանոցի շենքում, հետո պետությունը կրկին տուն նվիրեց, բայց չհասցրեցինք լիարժեք վայելել՝ կրկին կորցրեցինք»,- պատմում է տիկին Իննան։

Կարդացեք նաև

Այսօր բազմանդամ ընտանիքն ապրում է Գորիսում՝ վարձով բնակարանում, մի կերպ պահպանելով գոյությունը, բայց ամեն դժվարություն փորձում են հաղթահարել, ուժեղ մնալ, որպեսզի մի օր վերադառնան իրենց սիրելի Արցախ։

Ընտանիքն Արցախից որևէ բան չի հասցրել վերցնել, ուղղակի բոլորով նստել են մեքենան, որն այդ պահին նրանց համար փրկության միջոց էր, ու բռնել գաղթի ճանապարհը։ Նրանց միակ սեփականությունը մեքենան է, ու հենց այդ պատճառով պետությունը երեխաներին նպաստ չի տրամադրում՝ հիմնավորելով, թե սեփականություն ունեն՝ մեքենա։

«Գորիսում Սոցապի պետն ասել էր՝ նպաստի թղթերը բոլորը բեր, որ կարողանանք երեխաներին նպաստ տրամադրել, երկու ամիս այստեղից ու այնտեղից հավաքել եմ թղթերն իրար գլխի, տաքսիների վրա գումար եմ ծախսել, տարել եմ, ինձ ասում են՝ դուք սեփականություն ունեք, չի հասնում։ Ասում եմ՝ ամեն ինչ կորցրել ենք, ի՞նչ սեփականություն, ասում են՝ մեքենա։ Մեքենային էլ վերջերս ճանապարհին հարվածել են, կարելի է ասել՝ մեքենա չկա, ջարդոն է, ամբողջը վնասված է։ Ասում են, դե, եթե սեփականություն չէ, տարեք համարները հանձնեք, ախր դա մեր փրկությունն է եղել, որ կարողացել ենք ընտանիքով սպանվելուց փրկվել, ես ո՞ւր տանեմ հանձնեմ, Արցախից միակ բանը, որ մեզ մնացել է, այդ մեքենան է։ Հիմա եկել եմ Երևան, գնամ Սոցապ նախարարություն, հասկանամ՝ ինչ է կատարվում։

Չգիտեմ, մենք հո բո՞մժ չենք, ամեն ինչ հանձնենք, չեն հասկանում՝ մենք ինչ օրի ենք, ինչերի միջով ենք անցել։ Այսինքն՝ ասում են՝ ամեն ինչ տվեք, որ ձեզ նպաստ տանք, եթե օրենք կա, ինչո՞ւ են «ջոկողություն» անում։ Ախր, իրենց պարտականությունն է, որ մեզ բացատրեն՝ այստեղ ինչպես է, թող ի սկզբանե ասեին, որ մենք այսինչ բանն ունեք, նպաստ չի հասնում, բայց չեն բացատրել, ու ես վազեվազ թղթեր եմ հավաքել իրար գլխի, մարդ չգիտի՝ լացի՞, թե՞ ծիծաղի, երբ ջարդած մեքենան սեփականություն են համարում»,- ասում է Արցախից բռնի տեղահանված բազմազավակ մայրը։

Ըստ նրա՝ մայիսի 6-ին պետք է վարձով բնակարանը հանձնեն ու այս պահին չգիտեն, թե 9 հոգով որտեղ են ապրելու։ Ասում է՝ Գորիսում մի տուն տեսել է, վարձը 150 հազար դրամ է, տատանվում է, չգիտի՝ վերցնի՞, թե՞ ոչ: Եթե վերցնի՝ չգիտի, թե վարձն ինչպես է տալու։

«Հիմա 80 հազար դրամ ենք տալիս, ստանում ենք այս 50 հազար դրամները, մի կերպ ապրում ենք, բայց որ վարձը բարձր լինի, չգիտեմ՝ ինչպես ենք տալու։ Արցախում ես պահածոների գործարանում էի աշխատում, հետո՝ հիվանդանոցում, ամուսինս տներ էր կառուցում Իվանյանում, վարպետ էր, մենք մեր ընտանիքը պահում էինք։ Հիմա այստեղ աշխատանք չենք կարողանում գտնել, ամուսինս բանվորի աշխատանք է կատարում, երբ լինում է։ 4 երեխաներս մինչև փետրվար այս 50 հազարները չեն ստացել, հարթակից դուրս են եղել, եկել եմ Գորիսի Սոցապին եմ մոտեցել, փորձում են այդ հարցը լուծել»,- իրավիճակը ներկայացրեց մեր զրուցակիցը։

Իննան պատմեց նաև, թե ինչպես են հաստատվել Գորիսում, պատահական չի եղել, նախ՝ ամուսինը Գորիսում է ծնվել, հետո էլ՝ սիրում է այգի ու հող մշակել, ուստի որոշել են, որ Գորիսում կմնան, որպեսզի հող էլ մշակեն։

«Մեծ տղաս ժամկետային ծառայությունից հետո ՊԲ էր մտել՝ որպես պայմանագրային, սեպտեմբերի 18-ին Լիսագորի դիրքերից իջավ տուն, հաջորդ օրը չէր հասցրել նույնիսկ սափրվել, որ համար մեկ տվեցին ու կանչեցին դիրքեր։ Պատերազմը որ սկսվեց, կապ չունեինք, երեխաներս դպրոցում էին, միայն փոքր աղջիկս էր մեր կողքի դպրոցում, արագ գնացել վերցրել եմ։ Այդ ժամանակ մեծ տղաս վիրավորվել է, ինձ զանգահարել է միայն սեպտեմբերի 22-ին, ասել է, որ հեռախոսը մոտը չի եղել, բայց վիրավոր է եղել, հետո ընկերոջ կնոջից եմ իմացել։ Մինչև հիմա ասկոլկաները թևի մեջ է, հիվանդանոց էլ չի ուզում գնա։ Միայն ամսի 24-ին կարողացա տեսնել տղայիս, քանի որ պոստերից բոլորին արդեն իջեցնում էին, զենքերը հանձնում էին։ Ռուսներն են Լիսագորից իջեցրել բերել, գնացել են միանգամից բենզին վերցնելու, վերցրել դուրս են եկել, իրենց հետևից արդեն այդ չարաբաստիկ պայթյունն է լինում։ Սեպտեմբերի 25-ին դուրս ենք եկել, մեքենայի մեջ բոլորս իրար գլխի լցված՝ մի կերպ դուրս ենք եկել»,- վերհիշեց տիկին Իննան։

Իննա Գրիգորյանն ամեն օր արթանանում է հույսով, որ կասեն՝ վերադարձեք Արցախ, ասում է՝ նույնիսկ, եթե թշնամին իր տունը հողին հավասարեցրած լինի, չի տրտնջա, կգնա նորից կսարքի, միայն թե իր Արցախում ապրի։

«Իմ հույսը չեմ կորցնում, որ մենք մի օր վերադառնալու ենք, եթե վաղն էլ ասեն՝ Արցախում թուրք չկա, ես կվերադառնամ։ Երբեք չեմ վերադառնա ու ապրեմ՝ որպես Ադրբեջանի քաղաքացի, նրանց հետ ապրել հնարավոր չէ, ես տեսնել եմ, թե ինչպես են նույնիսկ երեխաներ սպանում…»:

Տեսանյութեր

Լրահոս