Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Շոլցից
Օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյան-Օլաֆ Շոլց հեռախոսազրույց է տեղի ունեցել: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստան-Գերմանիա համագործակցությանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, և Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ լուծումների 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին՝ Բրյուսելում, ինչպես նաև՝ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում համաձայնեցված սկզբունքների հիման վրա:
Ավելին, պաշտոնական հաղորդագրության համաձայն, Փաշինյանն անընդունելի է համարել այդ սկզբունքներն աղավաղելու ցանկացած փորձ: Եզրափակելով ՝ Փաշինյանը կանցլեր Շոլցին շնորհակալություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանն աջակցելու համար:
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ օրերս, անդրադառնալով սահմանային կրակոցների թեմային, ասել էր, թե սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող է։
Ըստ նրա, ԵՄ-ն ուզում է տեսնել իրական, բովանդակային բանակցություններ, որոնք կհանգեցնեն խաղաղության պայմանագրին, սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններին, հաղորդակցությունների բացմանը։
«Սրա վրա պետք է կենտրոնացնել ուշադրությունը»,- ասել էր ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ շեշտելով՝ պետք է վերադառնալ առարկայական բանակցային գործընթացին։
«Ազատության» դիտարկմանը, թե արդեն կես տարի է՝ պաշտոնյաները խոսում են շուտով խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին, և հարցին, թե ինչո՞ւ չի ստացվում հասնել խաղաղ համաձայնության, ԵՄ ներկայացուցիչը պատասխանել է․
«Մի քանի պատճառ կարող է լինել, բայց դատելով իմ տիրապետած տեղեկությունից, թե որտեղ է գործընթացը տարբեր ուղղություններով, ես նույնպես կարծում եմ, որ իրականում դա այդքան երկար չպետք է տևի դրական արդյունքի հասնելու համար, եթե կա քաղաքական կամք, եթե կա հանձնառություն։ Եվ մենք ուզում ենք այդ ուղղությամբ աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ միասին, որպեսզի հասնենք դրական արդյունքի։ Որովհետև ես, ինչպես ասացի, կարծում եմ, որ այդքան երկար դա չպետք է տևի, եթե երկու կողմից էլ կա քաղաքական հանձնառություն»։
Ուշագրավ է հատկապես այն փաստը, որ ապրիլի 5-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումներից հետո Փաշինյանը զանգահարում է Գերմանիա, որտեղ վերջին անգամ, ըստ էության, գերմանական հովանու ներքո և գերմանական կողմի նախաձեռնությամբ կայացավ Փաշինյան-Շոլց-Ալիև հանդիպում։
Եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ զանգը Գերմանիա՝ ցույց է տալիս, որ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումն անդրադարձել է միայն ՀՀ-ի հետ հարաբերությունների հարցերին և գուցե անուղղակի արձանագրվել, որ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն չեն կարողանում միջնորդական ջանքեր ծավալել Բաքվի դիրքորոշման պատճառով։ Այս ֆոնին նա կարևոր համարեց այն, որ Պետքարտուղարությունն անընդհատ հիշեցնում է, որ պատրաստ է միջնորդական ջանքերի, ինչը նշանակում է, որ երկու կողմերի կողմից այս հարցում կոնսենսուս չկա, ամենայն հավանականությամբ։
«Առանձին քննարկման թեմա է, թե ինչու, պատճառները շատ են։ Սակայն այս ամենի ֆոնին զանգը Գերմանիա՝ նշանակում է, որ հայկական կողմը գուցե հույսեր է կապում գերմանական միջնորդության հետ։
Գերմանիայի միջնորդական ջանքերի վերաբերյալ դեռ որևէ բացասական դիրքորոշում չի եղել, ուստի, ամենայն հավանականությամբ, կա ակնկալիք, որ Գերմանիան ավելի ակտիվ կգտնվի և կրկին հանդիպում կնախաձեռնի»,- ասաց վերլուծաբանը։
Սակայն նա նաև գտնում է, որ Գերմանիայի զբաղվածությունն այսօր ուկրաինական զարգացումներով բավականին մեծ է, ուստի քիչ է հավանականությունը, որ Գերմանիայի կանցլերը հետևողականորեն կզբաղվի ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացով։
«Կարծում եմ՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակում կանցլեր Շոլցի նախաձեռնությունն արևմտյան կամքի դրսևորում էր, չեմ կարծում, թե կոնկրետ միմիայն Գերմանիայում կա պատկերացում ու կամք զբաղվելու այս հակամարտության միջնորդությամբ, հատկապես, որ այն չափազանց բարդ է, բովանդակությունը՝ Գերմանիային անծանոթ։ Մյուս կողմից՝ հասկանալի է նաև հայկական կողմի անհանգստությունը, քանի որ բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում, միջնորդներ չկան, ինչը ռեգիոնալ իրավիճակն է՛ լ ավելի փխրուն է դարձնում»,- ասաց վերլուծաբանը։