«Արցախում 160.000 հայ էր ապրում՝ Նիկոլից առաջ եղած իշխանություններն ապահովում էին նրանց անվտանգությունը. մեղքը Փաշինյանինն է». Հակոբ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացնում է կառավարության 2023 թվականի կատարողականը, որի ընթացքում խոսեց նաև Արցախի հարցի մասին։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, «ԼՂ հարցը լուծվել էր 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի ժամանակ, բայց դրանից հետո ԼՂ հարցն օգտագործել են՝ որպես «պովոդոկ»՝ ՀՀ քայլերը կաշկանդելու համար»։
«Այդ կաշկանդումը տեղի էր ունեցել շատ ավելի վաղուց, 1996-1998 թվականներին: Մենք չգնացինք այդ ճանապարհով և ձեզ հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշում կայացվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով, և 44-օրյա պատերազմը մեկնարկեց:
Հարց ասելով՝ նկատի ունեմ Հայաստանի հարցը, որովհետև ԼՂ հարցը վաղուց լուծվել էր, մնում էր լուծել Հայաստանի հարցը, մասնավորապես, երկրի ներսում քաղաքացիական բախումների և ռազմական հեղաշրջումների ճանապարհով»,- իր խոսքում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև հայտարարեց, թե ՀՀ-ում չի կարող լինել երկրորդ կառավարություն՝ նկատի ունենելով Արցախի իշխանություններին։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Արդարության» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը՝ ասաց՝ սա Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական քայլն է՝ Արցախի վերաբերյալ ունեցած ձախողումները՝ սկսած միջազգային դիվանագիտական հարթակներից, վերջացրած Արցախը հայաթափելուց, բարդել ցանկացածի վրա, ում վրա կստացվի, միայն՝ ոչ իր և իր Կառավարության վրա։
«Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից նաև պետք է հիշեցներ իր խոսքերը, երբ ժամանակին նույն ամբիոնից ասում էր, թե՝ «եթե իջեցնենք Արցախի նշաձողը, ապա միջազգային հանրության կողմից կլինի լայն ընկալում, և այդպիսով առաջ կգնանք»։
Եթե Փաշինյանի խոսքով՝ 1996 թվականին լուծվել էր Արցախի հարցը, ապա ինչպե՞ս էր այնտեղ 160.000 մարդ ապրում՝ իր տանը, իր հողում, և Փաշինյանից առաջ եղած իշխանությունները կարողանում էին ապահովել այդ մարդկանց անվտանգությունը, առաջ էին տանում նրանց ինքնորոշման իրավունքը, ինչն ինքը չկարողացավ, հետևաբար՝ մեղքն իրենն է»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Հակոբ Հակոբյանը նաև շեշտեց՝ Արցախի իշխանություններից որևէ մեկը երբեք չի հայտարարել, որ ՀՀ-ում, ի դեմս իրենց, կա երկրորդ կառավարություն կամ հավակնում է լինել երկրորդ կառավարություն։
«Այստեղ խոսքը վերաբերում է Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշների պահպանմանը՝ դա և՛ ԱԺ-ն է, և՛ նախագահի ինստիտուտն է, դրոշն ու հիմնը։ Այդ խորհրդանիշները ցանկացած գնով պետք է պահպանել, որպեսզի հարմար առիթով, երբ արցախահայությունը վերադառնա հայրենի օջախ, կարողանա այդ պետական խորհրդանիշներն օգտագործել։
Այս ամենը մանիպուլացնել ու հայտարարել, թե Արցախի իշխանությունը հավակնում է դառնալ երկրորդ կառավարություն՝ զուտ մանիպուլյացիա է։ Արցախի որևէ պետական ինստիտուտ չի վիճակում ՀՀ պետական ինստիտուտների լինելիությունը»,- եզրափակեց Հակոբ Հակոբյանը։