Ոսկեպարի եկեղեցու ճակատագիրը մնում է անհայտ. Ադրբեջանն իրականացնում է մշակութային եղեռն. Րաֆֆի Քորթոշյան
Տավուշում բնակիչները շարունակում են պնդել, որ որևէ տարածք չեն պատրաստվում զիջել թշնամուն, քանի որ տարածքի հանձնում թշնամուն՝ նշանակում է վտանգն ավելի մոտեցնել խաղաղ բնակիչներին։ Մինչդեռ ՀՀ իշխանությունները հակառակն են պնդում՝ պետք է սահմանազատում ու սահմանագծում իրականացվի, «ադրբեջանական տարածքները» հանձնվեն, որպեսզի խաղաղություն հաստատվի։
Պատմաբաններն ու փորձագետներն էլ հայտարարում են, որ այդ տարածքները թշնամուն զիջելը կվտանգի ամբողջ Հայաստանը, քանի որ Հայաստանն արտաքին աշխարհին կապող ճանապարհը հայտնվում է թշնամու հսկողության ներքո, ավելին՝ այդ տարածքներում կան բազմաթիվ հուշարձաններ, որոնք փաստում են, որ դրանք պատմականորեն հայկական տարածքներ են եղել։
168.am-ի հետ զրույցում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանն ասաց, որ սահմանին գտնվող 7-րդ դարի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին ամենանշանավոր հուշարձաններից է։
«Եկեղեցու ճակատագիրը, եթե սահմանազատում լինի, մնում է անորոշ, այժմ այն գյուղի տարածքում չէ, այսինքն՝ չորս գյուղերից որևէ մեկի տարածքում չէ։ Եթե սահմանազատում լինի, կարծում եմ՝ եկեղեցին հայտնվելու է ճիշտ սահմանին, որտեղ այցելելու հնարավորություն կա՛մ չի լինի, կա՛մ էլ խնդիրներով կլինի»,- նշեց Րաֆֆի Քորթոշյանը։
Նա վստահեցրեց, որ չի հավատում Ադրբեջանի խաղաղասիրությանը։ Եվ եթե Ադրբեջանն իրականում խաղաղության գնար և սահմանազատում տեղի ունենար, Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնային խորհրդային սահմաններին, որտեղ այդ չորս գյուղերը վերադարձվելու էին Ադրբեջանին, թեպետ ամբողջ Մեծ Հայքի տարածքը պատմական Հայաստան է։
«Այս ամենը չի նշանակում, որ այդ տարածքներում եղած բնիկ հայկական հուշարձանները թշնամին պետք է ոչնչացնի։ Ադրբեջանն իր վարած քաղաքականությամբ ցույց է տվել, որ այն տարածքներում, որոնք անցնում են իր հսկողության տակ, իրականացնում է մշակութային եղեռն ու ոչնչացնում է հայկական հուշարձանների հետքը։
Այս ամենը Եվրոխորհրդարանի մի քանի բանաձևերում արձանագրված է։ Եթե այս հարաբերությունների միջնորդը Եվրոպան է, պետք է ստեղծի երաշխիքներ՝ նաև հաշվի առնելով եվրոպական արժեքները, որ այդ տարածքներում գտնվող հայկական հուշարձանները պետք է պահպանվեն։
Վերին Ոսկեպարի տարածքում հիմնական հուշարձանները՝ եկեղեցիները, խաչքարերով գերեզմանոցները, բերդերն ավելի հին են։ Կա մեկ մահմեդական հուշարձան՝ գերեզմանոց, որը 19-րդ դարի է, բայց բոլոր հուշարձանները, որոնք գտնվում են այնտեղ, բոլորն անվնաս վիճակում են, իսկ Արծվաշենում, որը 90-ականներից թշնամու հսկողության տակ է՝ թշնամին որևէ հայկական հուշարձան չի թողել։ Այս ամենը պետք է մատնանշել և հետագա բոլոր բանակցություններում դրանց անվտանգության խնդիրները լուծել, անշուշտ, առաջին հերթին՝ սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգության հարցերը ևս լուծել»,- եզրափակեց Րաֆֆի Քորթոշյանը։